«ԳՈՍԶՆԱԿ»-ում են սովորել

10/05/2005

Լիտվական քրեական խմբավորումները հեղեղել են Եվրոպան վարպետորեն կեղծված եվրոյով, բարձրորակ կեղծ անձնագրերով եւ ֆինանսական փաստաթղթերով։

Մերձբալթյան դրամանենգներից շատերը խորհրդային տարիներին զբաղվել են փողերի պատրաստմամբ «Գոսզնակ»-ում։ «Նրանց կեղծած դրամներից մի քանիսն այնպիսի պրոֆեսիոնալիզմով են պատրաստված, որ նույնիսկ փորձագետներն են դժվարությամբ տարբերում իսկականներից»,- ասում է ոստիկանության մի սպա։

Որպես զբոսաշրջիկ Մեծ Բրիտանիայում հայտնվելը վերջերս ԵՄ անդամ դարձած երկրի դրամանենգների համար մեծ դժվարություն չի ներկայացնում։ Անլեգալ բնակության համար նրանք կեղծում են իրենց անձնագրերը։

Նրանց արտադրողականությունն այնքան բարձր է, որ Սքոթլանդ-Յարդը Լիտվան մտցրել է Անգլիայի համար չարիք համարվող երկրների ցուցակի մեջ։

Քրեական ոստիկանության պետական ծառայությունն անցած ամիս նախազգուշացրել է քաղաքացիներին, որ լիտվացիները կեղծ դրամով կամ կեղծված բանկային չեկերով թանկարժեք մեքենաներ են գնում՝ ներկայանալով իբրեւ սկանդինավցիներ։

Դրամանենգների մասին ոստիկանությունը տեղեկացվել է այն բանից հետո, երբ անցած տարվա նոյեմբերին խուզարկվել է Կաունասում գտնվող մի տպարան, որի շրջանառությունը կազմում էր միլիոնավոր եվրոներ։ Ոստիկանությունը բռնագրավել է 100-անոց եվրոներ՝ ութ միլիոն ընդհանուր գումարով, բայց նրանք չեն կարող ասել, թե որքան կեղծ եվրո է շրջանառվում Եվրոպայում։ «Սրանք իմ տեսած կեղծ եվրոներից լավագույններն են»,- ասում է ոստիկանության սպան։

Եվրապոլի ներկայացուցչի խոսքով, լիտվացի դրամանենգներն ամեն ինչ արել են իրենց վրա ուշադրություն չգրավելու համար, եւ այդ պատճառով հեռու են մնացել բռնությունից եւ չեն օգտագործել զենք։ Նրանք կարող էին տպարանն աշխատեցնել հենց իրենց բնակարանում, քանի որ այդ գործի վիրտուոզներ են։

Տ.Պ.