Արթուր Բախտամյանին վստահվել է արբանյակային «Հ1»-ը

21/03/2007

Հանրային հեռուստառադիոընկերությունը պատրաստվում է նոր ծրագրային փաթեթով իր հեռուստահաղորդումները սփռել աշխարհով մեկ։ «Հ1»-ի արբանյակային հեռարձակումը վստահվել է հաղորդավար եւ լրագրող Արթուր Բախտամյանին, ում հաղորդումներն այլեւս «Հ1»-ով չենք տեսնելու, քանի որ նա զբաղվելու է արբանյակային ալիքի հաղորդումների քաղաքականության մշակմամբ ու ներկայացմամբ։ «Արբանյակային հանրային ալիքը բոլորովին տարբեր կլինի, այն «Հ1»-ի «կոպիան» չի լինի եւ իր առանձին պոլիտիկան կունենա»,- ասում է Ա. Բախտամյանը։ Այլեւս եթեր չեն գնա տարիներ առաջ նկարահանած համերգներն ու ծրագրերը, կստեղծվեն նոր ծրագրեր ու հաղորդաշարեր։ Եթերում կհայտնվեն թուրքերեն, պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով պատրաստված լուրերի բլոկներն ու ծրագրերը, արեւմտահայերենի դասերի ուսուցման ծրագրեր կպատրաստվեն։ Ա.Բախտամյանը ծրագրային քաղաքականությունը բնորոշում է այսպես. «Եթեր կտրվի այն, ինչը հետաքրքիր է»։ Հաստատ կարելի է ասել, որ սերիալներ չեն ցուցադրվելու, ընդ որում, հայկական գեղարվեստական ֆիլմեր՝ նույնպես։ «Մենք հայկական ֆիլմերի ցուցադրման իրավունք չունենք»,- ասում է նա։ Արբանյակային հեռուստատեսության նոր շունչը զգացնել կտա իրեն արդեն երկու ամիս հետո։