Երեկ կալանվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի պատգամավոր Հուսեյն Աբդուլաեւը, ում դեմ Դատախազությունը քրեական գործ է հարուցել ծեծի եւ խուլիգանության համար: Շաբաթ օրը երկրի գլխավոր դատախազը խորհրդարանին էր դիմել Աբդուլաեւին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով, քանի որ նրա դեմ գործ է հարուցվել նախորդ օրը Միլի մեջլիսում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ: Երեկ կեսօրին խորհրդարանը քննարկել է դատախազի միջնորդությունը եւ ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Միլի մեջլիսի ուրբաթ օրվա նիստի ժամանակ վարչապետ Արթուր Ռասիզադեի կողմից կառավարության անցած տարվա գործունեության հաշվետվությունը ներկայացնելուց հետո ելույթ ունենալով՝ Աբդուլաեւը դժգոհել էր, թե զեկույցում բազմաթիվ տվյալներ բացակայում են: Պատգամավոր Ֆազաիլ Աղամալին տեղից բղավելով Աբդուլաեւից պահանջել էր դադարեցնել ելույթը, ապա վիրավորանքներ տեղացել ելույթ ունեցողի հասցեին՝ նրան անվանելով «ավանակ», ինչին էլ հաջորդել էր երկու պատգամավորների միջեւ ծեծկռտուքը: