Գազամուղը բացվեց

21/03/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հայաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների շարքում առաջին տեղում, անկասկած, Իրան-Հայաստան գազամուղի բացումն է։ Բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ։

Իրան-Հայաստան գազատարի 40կմ հայաստանյան հատվածի շինարարությունն ավարտված է։ Այժմ խողովակաշարը փորձարկվում է եւ մի քանի ամիս անց կմիանա Հայաստանի գազաբաշխման համակարգին: Խողովակաշարի հզորությունն այս պահին տարեկան 1.2 միլիարդ խմ է։ 2019թ.-ից հնարավոր կլինի գազատարով տարեկան 2.3 միլիարդ խմ գազ ներկրել Հայաստան:

Ժամանակին շատ քննադատվեց այն փաստը, որ գազամուղի տրամագիծը 700մմ է եւ հնարավորություն չի տալիս իրանական գազը տարանցել այլ երկրներ՝ ստանալով լրացուցիչ եկամուտներ։ Ինչեւէ, 700մմ-անոց գազամուղն այլեւս իրողություն է։ Նշենք, որ համաձայն 20 տարի ժամկետով կնքված պայմանագրի, յուրաքանչյուր 1խմ գազի դիմաց Հայաստանն Իրանին մատակարարելու է 3կվտ էլեկտրաէներգիա։ Ենթադրվում է, որ այդ էներգիան պետք է արտադրվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում, եթե, իհարկե, ռուսներն այն գործարկեն։ Իսկ գազամուղի հայաստանյան հատվածի սեփականության կամ կառավարման հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել։ Անցյալ տարվա գերգաղտնի բանակցություններից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ 1խմ գազի համար սահմանված 110 դոլար գնի դիմաց որպես փոխհատուցում ռուսներին պետք է հանձնվեն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկն ու Իրան-Հայաստան գազամուղը։ Հետո այդ տեղեկությունները հերքվեցին, եւ «գազամուղ» բառի փոխարեն հայտնվեց «գազային ոլորտի այլ օբյեկտներ» ոչինչ չասող արտահայտությունը։ Իսկ որոշ ժամանակ անց «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե իր ընկերությունը դեմ չի լինի կառավարել գազամուղը, մանավանդ, որ այլ կառավարիչի դեպքում դա արդյունավետ չի լինի։

Շատ վերլուծաբաններ, ինչպես, օրինակ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, գտնում են, որ գազամուղը ռուսներին տալը սխալ է, քանի որ փորձը ցույց է տվել, որ ռուսները Հայաստանում ձեռք բերած օբյեկտները չեն աշխատեցնում։ Խոսքը վերաբերում է «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով ռուսներին անցած ձեռնարկություններին։ Բացի այդ, դա կարող է շարժել Արեւմուտքի զայրույթը։

Սակայն անկախ այս կարծիքներից, ամենահավանական տարբերակն այն է, որ գազամուղը կհանձնվի «ՀայՌուսգազարդին», առավել եւս, որ այն աշխատեցնելու համար առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվում։

Ինչեւէ։ Այս ամենը չէր խանգարել, որ գազամուղի բացմանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը վառեն գազատարից սնվող խորհրդանշական կանթեղը։ Ահմադինեջադը հայտարարել է, որ մեր երկու երկրների միջեւ խնդիրներ չկան, եւ համատեղ ծրագրերն ուղղված են բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Տոնական տրամադրության վրա ամենեւին չի ազդել նաեւ այն, որ եղանակային վատ պայմանների պատճառով Իրանի նախագահը սահման է հասել ոչ թե ուղղաթիռով, այլ ավտոմեքենայով։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի տրամադրության վրա չի ազդել, որ Մեղրիի մաքսակետում 4 ժամ սպասել է իր իրանյան գործընկերոջը։ «Չնայած նման արարողությունների համար ոչ բարենպաստ եղանակին, այստեղ է Իրանի նախագահը, եւ դա մեր բարեկամության վկայություններից մեկն է»,- ասել է Ռ. Քոչարյանը՝ նշելով, որ գազամուղի բացումը Իրան-Հայաստան համագործակցության նոր էջ է։