«Խաղաղության աղավնիները» հարթում են վիճաբանությունները

21/03/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ հանցավորության դեմ պայքարի թեմայով պարզաբանումներ տալու համար:

Ասուլիսում նախ անդրադարձ եղավ Էրեբունի համայնքում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին: Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, Էրեբունի համայնքում նախընտրական պաստառների տեղադրման հետ կապված վիճաբանություն է եղել «Բարգավաճ Հայաստան» եւ «Հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: «Լիովին տիրապետում ենք, պարզաբանում կատարվել է, իսկապես երիտասարդների մեջ եղել է վիճաբանություն: Մեր աշխատանքը միայն քրեական պատասխանատվության ենթարկելը կամ պատժելը չէ. փորձել ենք հարթել: Միմյանց հետ վիճաբանող երիտասարդները նույն տարածքից են, ընկերներ են, որոնք թեթեւակի տարաձայնություններ են ունեցել»,- ասաց Ն. Նազարյանը՝ շրջանցելով վիճաբանության բուն պատճառն եւ վիճաբանություն սարքողների անունները հրապարակելը: Նա տեղեկացրեց, որ մամուլում գրվել է, թե ծեծկռտուք է եղել, սակայն իրականում թեթեւ վիճաբանություն է եղել, որը հարթվել է հենց իրենց՝ Երեւան քաղաքի վարչության միջամտությամբ: «Իհարկե, մենք գիտենք, որ նախընտրական ժամանակաշրջանում հակասություններ, վիճաբանություններ կարող են լինել, եւ մենք էլ պատրաստ ենք հարթելու եւ թույլ չտալու, որ թեթեւ վիճաբանությունից վտանգավոր հանցագործություն տեղի ունենա»,- վստահեցրեց Ն. Նազարյանը՝ նշելով, թե նախընտրական լարված այս շրջանում տարբեր թաղամասերում էլ նման «գաղափարական» վիճաբանություններ լինում են: Ն. Նազարյանը լրագրողներին խորհուրդ տվեց ընկերական վեճերից աղմուկ չբարձրացնել, որպեսզի նախընտրական փուլը «պատվով հաղթահարենք»:

Երեւան քաղաքի վարչության պետն անդրադառնալով այնպիսի աղմկահարույց հանցագործությունների, ինչպիսին վերջերս կատարված «Ռելաքս» դիսկո ակումբում երկու հոգու սպանությունն էր՝ նշեց, որ հանցագործությունն արդեն բացահայտված է: Թեեւ սպանության բոլոր մասնակիցները բացահայտված են, այդուհանդերձ, կատարողը գտնվում է փախուստի մեջ: Ի դեպ, հանցագործության մասնակիցները երկար ժամանակ բնակվել են Մոսկվայում եւ դեպքից մեկ շաբաթ առաջ էին վերադարձել Հայաստան:

«Իմ իրավունք» թերթի եւ «Պանորամա» կայք-էջի սեփականատեր Արա Սաղաթելյանի մեքենայի հրկիզման հետ կապված՝ Ն. Նազարյանը ոչ մի փաստ չներկայացրեց. «Մեզ համար շատ տհաճ է, երբ նման դեպքեր են լինում լրատվության աշխատողների հետ: Դուք պետք է միանշանակ իմանաք, որ դա մեզ անհանգստացնում է: Այն կարծիքներն, իբր չեն ուզում բացահայտել եւ այլն՝ նման բան չկա: Մենք պետք է կարողանանք բացահայտել նման հանցագործությունը, որն իսկապես շատ դժվար է: Նման դեպքերը քննադատվում են մեր կողմից, եւ ամեն ինչ կանենք, որ բացահայտվեն»,- հավաստիացրեց նա:

Հետաքրքիր է

Անդրադառնալով 2007թ. Երեւան քաղաքում հասարակական կարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի վիճակին, Ն. Նազարյանն ասաց, որ հունվար-փետրվար ամիսների ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է 659 հանցագործություն, որը նախորդ տարվա համեմատ 73 դեպքով ավելի է: «Դա պայմանավորված է ոչ թե քրեածին վիճակի բարդանալով, այլ լատենտային հանցագործությունների հայտնաբերման եւ կատարված հանցագործությունների առավել լիարժեք գրանցման հետեւողական քաղաքականությամբ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ գրանցված դեպքերի աճը տեղի է ունեցել հիմնականում գողությունների, ավտոառեւանգումների եւ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների հայտնաբերման հաշվին»,- վստահեցրեց Երեւան քաղաքի վարչության պետը: Ըստ նրա, թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների աճն արձանագրվել է 24 դեպքով, իսկ թմրավաճառների հայտնաբերման փաստերն աճել են երկու անգամ: 2 ամսում առգրավվել են 760 գրամ տարատեսակ թմրամիջոցներ, այդ թվում՝ հերոին, ափիոն, մորֆին եւ այլն: Եթե թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը Ն. Ներսիսյանին ուրախացնում է, ապա բնակարանային գողությունների 24% աճը խիստ անհանգստացնում է, որոնց մեջ գերակշռում են պատուհանից ներս մտնելու միջոցով կատարված գողությունները: Նկատվել է նաեւ ավտոառեւանգումների աճի միտում եւ գրանցվել է մեքենաների առեւանգման 28 դեպք, որոնցից 9-ը դեռեւս չեն հայտնաբերվել: Անցած 2 ամիսների ընթացքում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ոստիկանության բաժինների կողմից վնասազերծվել են 15 հանցավոր խմբեր՝ բաղկացած 42 անձից: Ընդ որում՝ բացահայտվել է նրանց կողմից կատարված հանցագործության 63 դեպք: Վկայակոչելով վերոնշյալ վիճակագրական թվերը՝ Ն. Նազարյանը հայտնեց, որ կատարված հանցագործությունների բացահայտումն աճել է, հետեւաբար՝ նախորդ տարվա առաջին 2 ամիսների 83.1%-ի դիմաց այս տարի բացահայտվել է 83.9%-ը: Անդրադառնալով ծանր հանցագործություններին, Ն. Նազարյանը տեղեկացրեց, որ 2 ամիսների ընթացքում մայրաքաղաքում կատարվել է 6 դիտավորյալ սպանություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5-ի դիմաց: Ի դեպ, 6 սպանություններից միայն 4-ն են բացահայտվել: Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 102 հանցագործ, որը 2-ով ավելի է նախորդ տարվանից: