Այլընտրանքային նավթամուղ

21/03/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը շրջագայում էր Եվրոպայում, Հունաստանի եւ Բուլղարիայի նախագահների հետ Աթենքում եռակողմ պայմանագիր է կնքել` «Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս» նավթամուղի շինարարության մասին: Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը: Կապն այն է, որ նավթը բուլղարական Բուրգաս նավահանգիստ է հասցվելու Նովոռոսիյսկից` տանկերներով: Ապա 280 կմ-անոց նավթամուղով նավթը հասնելու է Ալեքսանդրուպոլիս, իսկ այնտեղից տանկերներով տարվելու է Եվրոպա: Կարծում եմ` խոսքը մոտ 50մլն տոննա նավթի մասին է: Նավթամուղի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է ռուսական կողմին, մնացածը հավասար բաժանված է նախագծի մյուս երկու մասնակիցների միջեւ: Նավթամուղը կսկսի գործել 2010-ից եւ կարող է իրական այլընտրանք դառնալ հանրահայտ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղին: Այս նախագծի գլխավոր առավելությունը մասնագետներն այն են համարում, որ նավթամուղը շրջանցելու է թուրքական նավահանգիստները. Անկարան չափազանց կամակոր է վերաբերվում իր նավահանգիստներով օտարերկրյա նավերի անցնելուն: Նրանց կարծիքով` Դարդանելն ու Բոսֆորը շրջանցող ուղին ի վիճակի է նկատելիորեն էժանացնել եվրոպական շուկա հասնող ռուսական նավթի գինը:

ԲԹՋ-ի մասնակիցներն արտաքուստ հանգիստ վերաբերվեցին Աթենքի պայմանագրին, իսկ հայտարարություններն այն մասին, որ նոր նավթամուղը ԲԹՋ-ի համար այլընտրանք է ներկայացնում՝ նրանք ցնորամտություն են համարում: Սակայն դա այդպես չէ: Հակառակ դեպում ԱՄՆ-ը լուրջ ճնշումներ չէր գործադրի Հունաստանի վրա` կոչ անելով հրաժարվել նավթամուղի շինարարությունից: Որոշ տվյալներով` Վաշինգտոնը փորձում է Աթենքին գայթակղել այլ երթուղիներով: Սակայն հույներն, ի վերջո, գերադասեցին համագործակցել ուղղափառ բարեկամների հետ, եւ ոչ թե մեծացնել Թուրքիայից իրենց էներգետիկ կախվածությունը, մի երկրից, որի հետ հարաբերությունները չի կարելի բարիդրացիական համարել:

Հիմա ակնհայտորեն լուրջ պայքար է սկսվելու Ղազախստանի համար: Առանց այդ երկրի նավթի վերոհիշյալ նավթամուղն այնքան էլ արդյունավետ չի կարող լինել: Եվ միանգամայն օրինաչափ է, որ Աստանայում լրջորեն կբախվեն Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերը: Այս դեպքում Արեւմուտքի շահեր ասելով՝ հարկ է կոնկրետացնել` ԱՄՆ-ի շահեր: Ինչպես արդարացիորեն լրագրողներին ասաց էներգետիկ հարցերով վրացի փորձագետ Գիա Խուխաշվիլին, մեր աչքի առաջ ծավալվում է կոշտ ենթակառուցվածքային պատերազմ: Նրա կարծիքով` Մոսկվան, փորձելով պահպանել եւ ամրապնդել ազդեցությունը, նաեւ մի քանի այլ նավթամուղների շինարարություն կսկսի եւ հետագա դեմպինգային քաղաքականությամբ կարող է փորձ անել նվազեցնել ԲԹՋ նավթամուղի կարեւորությունը: Ռուսաստանցի փորձագետ Վալերի Նեստերովը սկզբունքորեն համաձայն է իրերի նման դրության գնահատականի հետ, սակայն որոշ վերապահումներով: Նա կարծում է, որ ղազախական նավթն իր հսկայական պաշարներով ոչ միայն երկու նավթամուղներում կօգտագործվի, այլեւ դեպի արեւելք` Չինաստան ու դրանից այն կողմ մատակարարելու համար կգործածվի: Թեեւ պետք է նշել, որ Ղազախստանում գործող արեւմտյան ներդրողները տհաճությամբ են խոսում Չինաստանի մասին` գերադասելով գործ ունենալ հենց արեւմտյան սպառողական շուկաների հետ: Ընդհանրապես վերջին ժամանակներս ածխաջրածնի արտահանումը չափից դուրս քաղաքականացված հարց է դարձել: Հատկապես այս իմաստով ջանքեր չի խնայում ԱՄՆ-ը, որն ասես իր պարտքն ու ազգային գերխնդիրն է համարում նավթ ունեցող երկրներին թելադրել, թե ո՞ւր եւ ի՞նչ գնով նավթ արտահանեն: Այս կապակցությամբ Վաշինգտոնի ճնշումները շարունակվելու են եւ նույնիսկ ավելի մեծ չափերով: Եվ ոչ միայն Հունաստանի, այլ բոլոր այն երկրների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են նավթային եւ ընդհանրապես էներգետիկ ոլորտում ոչ իբրեւ սպառողներ: