Մեծ ճակատով, գեղեցիկ ատամնաշարով, խաժ աչքերով եւ ամենավերջին նորաձեւությամբ հագնված Մարինեի հետ ուղղակի հաճելի է շփվելը: Ընդամենը տասը տարի առաջ տեղափոխվելով Նյու Յորք, նա դարձել է նյույորքցի` իր նախասիրություններով, կյանքի տեմպով, հումորով եւ անսպառ էներգիայով ու գրեթե մանիակալ զբաղվածությամբ: Մարինե Սիսակյանը Նյու Յորքի Բժշկական Քոլեգի ֆակուլտետի անդամ է, որտեղ դասավանդում է եւ ղեկավարում ռեզիդենտուրան, աշխատում է «Մեթրոպոլիթեն Հոսփիթալ Սենթրի» շտապօգնությունում որպես բժիշկ եւ հոգեբույժ, ունի մասնավոր պրակտիկա եւ Նյու Յորքի Ափըր Իսթ Սայթ թաղամասի հոգեբույժն է:
«Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, որովհետեւ շատ դժվար է, բարդ, բայց հետաքրքիր: Կյանքի ու մահվան պայքար է, շտապօգնությունում լինելը կարծես էքստրիմ բժշկություն լինի` կարող է կես ժամվա մեջ վեց-յոթ հիվանդ բերեն տարբեր պրոբլեմներով` ինքնասպանությունից մինչեւ կոկաինի դոզայի չարաշահում»,- ասում է Մարինեն, որի հավաստմամբ՝ չնայած գերզբաղվածությանը, այնուամենայնիվ, ինքը գրեթե չի հոգնում: «Եթե լավ ռեզիդենտ ունեմ, գիտի ինչ է անում՝ չեմ հոգնում, եթե չեմ վստահում ռեզիդենտին, ապա երաշխավորված է, որ կհոգնեմ: Կիրակի կեսգիշերին գնում եմ, առավոտյան մինչեւ ժամը ութն աշխատում եմ: Հիվանդանոցից ոտքով գնում եմ տուն` քսան րոպե քայլում եմ, կես ժամ էլ տանը ֆիզկուլտուրայով եմ զբաղվում, լողանում եմ, ու՝ դեպի իմ գրասենյակ, որտեղ պետք է լինեմ ժամը իննին»:
Մարինեն Նյու Յորքի, այսպես կոչված, Ափըր Իսթ Սայթի, այսինքն՝ Արեւելյան հատվածի բնակիչների հոգեբույժն է: Սա 57-րդ փողոցից մինչեւ 5-րդ ավենյու ընկած հատվածն է, որտեղ ապրում են բացառապես ամենահարուստ մարդիկ: «Իմ հիվանդներից մեկը Դադլի Մուր դերասանի որդին է: Տառապում է երկբեւեռայնությամբ` ունի մանիակալ դեպրեսիա: Ունեմ 70 հիվանդ, որոնց ամիսը գոնե մեկ անգամ պետք է տեսնեմ: Սովորաբար ես եմ այցելում նրանց»:
– Մի խոսքով VIP հոգեբույժ ես:
– Կարելի է այդպես ասել: Հիվանդներիցս մեկը ֆրանսուհի է: Արվեստ եւ հաղորդակցություն է ուսանել համալսարանում, վերջին կուրսում պսիխոզ է ունեցել: Նկարչուհի է, 4-5 ցուցահանդես է ունեցել, բայց շիզոֆրենիկ է: Ծնողները միլիոններ են ծախսել, բայց ոչինչ չի օգնել նրան:
– Այսինքն՝ հարուստների մոտ սթրեսներ ավելի՞ շատ են պատահում:
– Չեմ կարող ընդհանրացնել: Բայց մեծ մասը նարկոման է: Կոկաին են օգտագործում: Ունեմ հիվանդ, որը 47-48 տարեկան միլիոնատեր է, շենքեր ունի, կյանքում չի աշխատել, ոչ ամուսնացել է, ոչ էլ երեխաներ ունի: Միայն «Շանել» ֆիրմայի հագուստ է հագնում, յուրաքանչյուրը՝ 4-5 հազար դոլար արժողության: Բայց այդքանով հանդերձ՝ նա շիզոֆրենիայով է տառապում, որի դրսեւորումներից մեկն էլ այն է, որ չի կարողանում փող ծախսել ուտելիքի վրա: Խանութներից մեկում ադամանդներ գնելու վրա 15 հազար դոլար է ծախսում, բայց ուտելիքի վրա խնայում է: Ինձ խնդրեց՝ իրեն վերցնեմ միասին մթերք գնելու: Ոչինչ չգնեց, տեղում համտեսեց ու կշտացավ… Մեկ անգամ էլ մի հիվանդ էին բերել շտապօգնություն, չափազանց գեղեցիկ տղամարդ էր, մոտ 35 տարեկան, Հարվարդի շրջանավարտ, բայց… լրիվ մերկ: Հոգեկան խանգարում ուներ: Որոշ ժամանակ դեղերը չէր ընդունել, սկսել էր կոկաին օգտագործել: Արդյունքում ոստիկանությունը նրան ամբողջությամբ մերկ հայտնաբերել էր Ցենտրըլ Փարքում (Կենտրոնական զբոսայգի, Նյու Յորքի ամենահայտնի եւ կանաչապատ վայրերից մեկն է, ամերիկացիների «Մոնումենտը», բայց՝ ավելի ընդարձակ, գեղեցիկ ու խնամված, առանց ծառահատումների եւ առանց հյուրանոցների ու ամառանոցների.-Ա.Ա.): Այն հարցին, թե՝ ինչո՞ւ էիր մերկացել, նա պատասխանեց. «ես որոշել էի իմ մարմնի գեղեցկությունը կիսել աշխարհի հետ»: Դե, իմ ռեակցիան ո՞րը պիտի լիներ, ասացի՝ մարմինդ իսկապես գեղեցիկ է: Յոթ լեզվի էր տիրապետում, տեղյակ էր Հայաստանից, Ցեղասպանությունից, անգամ հայերեն բառեր արտասանեց: Այդքանով հանդերձ՝ անձի երկվությամբ էր տառապում: Սա տարածված հիվանդություն է, որը քրոնիկ է ու սկսվում է 18 տարեկանից»:
Նյու Յորքում հոգեբույժ աշխատելու համար, ըստ Մարինեի, պետք է հասկանաս Նյու Յորքի կուլտուրան, տեմպը: Պետք է հասկանաս, թե ինչպես է քաղաքն ապրում: Հակառակ դեպքում չես կարող համարժեք գնահատել մարդկանց դժվարությունները, կենսակերպը եւ մարդկանց նպատակները. «Եթե երեւանյան մտածելակերպով մոտենամ մարդկանց, ուրեմն պետք է Նյու Յորքում բոլորին բուժում նշանակեմ: Անգամ ընտանեկան հարաբերություններն են այստեղ տարբեր: Հետո, Նյու Յորքն իսկապես տարբեր է: Հիշում եմ, առաջին տարիներին գնացինք Ֆլորիդա հանգստանալու: Հասկացա, որ մարդիկ խիստ տարբեր են: Ամերիկացի ընկերներիս պատմեցի, ասացին՝ Մարինե, հենց նրանք էին իսկական ամերիկացիները, նյույորքցիներն ամերիկացիներ չեն, նյույորքցիները նյույորքցի են, յուրօրինակ են»:
Մարինեի պատմությունը գրեթե իդեալական հաջողակ մարդու պատմություն կլիներ, եթե չլիներ մեկ հանգամանք` ռեստորանում, որտեղ ճաշում էինք եւ, որը Նյու Յորքի ամենահայտնի ու թանկարժեք վայրերից մեկն էր, Մարինեն օգտագործում էր միայն ձախ ձեռքը, որովհետեւ աջը չուներ: Այն կորցրել էր քսան տարի առաջ` 1988-ի երկրաշարժի ժամանակ: ՈՒ պարզվեց, որ հենց կորուստն է նրան ստիպել փախչել Նյու Յորք. «Երկրաշարժից հետո ինձ համար շատ դժվար էր Հայաստանում ապրել: Ես ապրում էի Սպիտակում, ընդամենը 24 տարեկան էի: Միանգամից ծերացա: Կորցրեցի մայրիկիս, 30-ամյա ամուսնուս, երկու ամսական փոքր որդուս… մնացել էր միայն Դավիթս` մեծ որդիս, որն այն ժամանակ մեկուկես տարեկան էր»:
Մարինեն էլ գրեթե մահվան շեմին էր: Սկզբում՝ Մոսկվայում, այնուհետեւ՝ կես տարով Նյու Յորքում բուժումը փրկում է նրա կյանքը: 1990-ականներին տեղափոխվում է Երեւան, որտեղ սկսում է զբաղվել առեւտրով: Այդ ընթացքում կես տարով նորից Նյու Յորք է մեկնում, այս անգամ` վերապատրաստման նպատակով. «1992 թվականին եկա Կոլումբիայի համալսարան, աշխարհահռչակ բժիշկ Սթենլի Մեյերսի մոտ վերականգնողական բժշկություն սովորելու: Նրա հետ երկու ամիս աշխատելուց հետո ասաց, որ իր հիվանդներին ես պետք է զննեմ: Ասացի` ախր, ես նորմալ անգլերեն չգիտեմ, ես հաշմանդամ եմ, մեկ ձեռքով չեմ կարող բժշկել: Ասաց` կարող ես ու վերջ: Ես նրան հավատացի, այնքան վստահություն ներշնչեց ու այնքան հավատ: Ես նայում էի կողքից, թե ինչպես էին իր ռեզիդենտները դողում իրենից, ու զարմանում, որ հանկարծ ինձ այդպիսի լիազորություն է տրվում: Ես ոնց որ յոթերորդ երկնքում լինեի»:
Վերապատրաստումից հետո Մարինեն կրկին վերադառնում է Սպիտակ` աշխատելու նորվեգացիների հիմնած հիվանդանոցում: Բայց հասկանում է, որ այլեւս իր հայրենի քաղաքում չի կարող ապրել. «Հիվանդները գալիս էին, ասում էին` անդունդի մեջ ընկար, տես ինչ եղավ քո հետ: Չէի կարող ապրել այդ մթնոլորտում՝ ամեն օր, ամեն ժամ հիշեցնել, թե ես ո՞վ էի, ի՞նչ ունեի, ո՞ւմ եմ կորցրել, թե՝ «տեսեք, Մարինեից ինչ մնաց»… Իմ ցավն ու ողբերգությունը քիչ էր, ամեն պահի ինձ հիշեցնում էին, կարծես կարող էի մոռանալ…»:
Մարինեի արդեն երրորդ ուղեւորությունը Նյու Յորք վերջնական է լինում: Գալիս է ընդամենը մեկ տարով, եւ արդեն տասը տարուց ավելի այստեղ է ապրում: Որոշ ժամանակ անց նա հայ բժիշկների հետ է հանդիպում, որոնք խորհուրդ են տալիս բժիշկ աշխատելու համար հանձնել համապատասխան քննությունները. «Սկսեցի պարապել: Կուրսեր վերցրեցի: Առաջին քննության ժամանակ հարցերի կեսին էի պատասխանել, հավաքել էի 68 տոկոս, որը բավարար չէր: Էնքան լաց եղա, աշակերտուհու պես ոռնոց էի կապել: Ամերիկացի ընկերներս սկսեցին հաշվել հարցերիս պատասխանները, մեկ էլ նկատեցին, որ իրականում ես գրեթե 90 տոկոսով պատասխանել էի հարցերին: Իրականում հարցերի կեսին չէի էլ հասել: Այսինքն՝ պետք է արագ կարդայի ու պատասխանեի: Ու արեցի»:
Մարինեն աննկարագրելի էներգիայով եւ հմայիչ կին է, որին չեն կարողացել կոտրել անգամ ամերիկյան դժվարությունները:
«Շատ դժվար էր` փոքր երեխա ունենալ, սահմանափակ միջոցներ, ու ապրել առանց աշխատանքի թույլտվության: Էնքան վատ բնակարանում էինք ապրում, որ ծանր միջավայրից կտրվելու համար որդուս հետ ժամեր ու օրեր էինք անցկացնում Մետրոպոլիտեն թանգարանում, որ չընկճվեմ… Բլյումենգելսի կահույքի բաժնում գնում-նստում էի ու կարդում, Բարս ընդ լոբելս գրախանութում գրեթե գիշերում էի, Ցենտրըլ Փարքի անվճար համերգները բաց չէինք թողնում: Այնպես որ, տանջվել եմ ավելի, քան կարող ես երեւակայել: Մինչեւ հիմա «Գրին քարտ» չունեմ, բիզնես վիզայով եմ: Դավիթս ասում է` մամ, քո ամեն ինչը դժվարությամբ պետք է լինի: «Գրին քարտ» չունենալու պատճառով որդուս ուսման համար վարկ չեմ կարող վերցնել ու ամեն ամսվա 1-ին պետք է 3500 դոլարի չեկ ուղարկեմ,- ասում է Մարինեն, ապա մի պահ դադարից հետո՝ շարունակում,- Երբ այնքան բան ես կորցրել… էլ ի՞նչը պետք է ինձ վախեցներ` կորցրել եմ մորս, ամուսնուս, որդուս: Այս կյանքը նվեր է, որ պետք է ապրեմ իմ Դավիթի համար: Ես աշխատում եմ, որ Դավիթն ամեն ինչ ունենա, ավելին` քան ես եմ ունեցել: Բայց, իհարկե, տխուր եմ, ամեն ինչի հասել եմ, բայց դեռ ցավոտ է, չկան այն բառերը, որ նկարագրեն, թե որքան եմ կարոտում մորս, որքան եմ զգում իմ ամուսնու կարիքը…»:
Մարինեն երկրորդ անգամ չի ամուսնացել:
Ճաշից հետո միասին քայլեցինք ամբողջ Մանհեթընով, ուր ասես չեղանք՝ փոխելով մի քանի սրճարաններ, խոսելով ամեն ինչից: Այդ ընթացքում Մարինեն պատմեց, թե ինչպես էր առաջին տարիներին բնակարան վարձում Նյու Յորքում ապրող միլիոնատեր մի հայի մոտ, որը, քիչ անց պարզվեց, ուղղակի անհավասարակշիռ, սեռական մոլագար է: Եվ Մարինեն ամբողջ վաստակածը ստիպված էր տալ փաստաբաններին` դատարանում բողոքը լսելու համար: Մոլագարից մի քանի տարի անց թոշակառու մի այլ հայուհու մոտ էր ապրում, որն ամեն ինչ անում էր իր որդու` մի քանի տարեկան Դավիթի հետ ավելի մտերմանալու համար: «Մի խոսքով, խելահեղ այս քաղաքում յուրաքանչյուր մարդ ունի իր խենթ պատմությունը»,- եզրափակում է մեր զրույցը Մարինեն, որի ընկերները մինչ մեր զրույցի սկսվելն ինձ խնդրեցին առավելագույնս նրբանկատ լինել նրա անցյալին վերաբերող հարցերում: Մարինեի վերքերը դեռ չեն ապաքինվել ու, թեեւ հենց այդ պատճառով է, որ նա ամեն տարի երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ին, աշխատում է: Ու ամեն տարի դեկտեմբերի 7-ին ջերմում է: Լինելով բժիշկ, ինքն իրեն որեւէ բժշկական բացատրություն չի գտնում: Չի էլ փնտրում բացատրությունը, որովհետեւ գիտի պատճառը: