Կենսաթոշակառուները հիասթափված են

21/03/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրերս խմբագրություն էր դիմել Երեւան քաղաքի բնակիչ քիմիագործ- կենսաթոշակառու Թամարա Միրազիզյանն ու դժգոհում էր կենսաթոշակների վերահաշվարկման գործընթացից:

Թ. Միրազիզյանը 1998թ. վեր աշխատում է «Նաիրիտ» ՓԲԸ-ում եւ 1994թ. արտոնյալ պայմաններով անցել է կենսաթոշակի («Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի 55 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 15 տարին` առանձնապես վնասակար եւ ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ): Նա բազմաթիվ նամակներ է հղել ՀՀ Սոցիալական ապահովագրության հիմնադրամի (ՍԱՊՀ) նախագահ Վազգեն Խաչիկյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանին` կենսաթոշակի վերահաշվարկում կատարելու հարցով, սակայն ապարդյուն: «Բոլոր պատասխանները լղոզված են: Կոնկրետ պատասխան չկա: Ես մանրամասն ուսումնասիրել եմ օրենքը եւ կառավարության թիվ 793 որոշումը, սակայն ոչ մի տեղ ոչ մի բառով գրված չէ, որ արտոնյալ պայմաններով նշանակված կենսաթոշակները ենթակա չեն վերահաշվարկման: Առանց այդ էլ ձեռնարկության պարտքի պատճառով 10 տարի տուժել եմ: Կա՞ երաշխիք, որ նման ծանր սոցիալական պայմաններում կապրեմ եւս 6 տարի, մինչեւ դառնամ 63 տարեկան»,- ասում է Թ. Միրազիզյանը եւ հավելում, որ Շենգավիթի տարածքային սոցապ բաժինը մինչեւ 2006թ. կենսաթոշակի վերահաշվարկի փաստաթղթեր չի ընդունել` պատճառաբանելով «Նաիրիտի»՝ կենսաթոշակային հիմնադրամին ունեցած պարտքերը: Սակայն 2006թ. նոյեմբերին այդ պարտքերը մարվել են, բայց հիմա էլ վերահաշվարկ չի կատարվում, քանի որ կենսաթոշակառուների մի մասը կորցրել է իր աշխատանքային ստաժի որոշ մասը, մյուսներն էլ` դեռ չեն հասել կենսաթոշակային տարիքի (63 տարեկան): «Վերահաշվարկ չկատարելու պատճառով ես կորցնում եմ 13 տարի` նվազագույնը 6,5 հազար դրամ: Իսկ այն մարդիկ, որոնք 50 տարի են աշխատել վտանգավոր ցեխերում, կորցնում են 25-30 տարի: Թող օրենքում փոփոխություններ կատարեն: Ի՞նչ է՝ սահմանադրությունում փոփոխություններ ու լրացումներ կարելի է կատարել, օրենքում` ո՞չ»,- նկատում է մերժված կենսաթոշակառուն: Արտոնյալ կենսաթոշակառուների պահանջը հստակեցնելու համար մենք դիմեցինք ՍԱՊՀ սոցիալական ապահովագրության եւ առանձին ծրագրերի բաժնի պետ Աշոտ Աբրահամյանին: Նրա հավաստմամբ, օրենքը թույլ չի տալիս արտոնյալ եւ մասնակի պայմաններով անցած կենսաթոշակառուներին վերահաշվարկ կատարել մինչեւ տարիքային կենսաթոշակի անցնելը: «Հայաստանը միակ երկիրը չէ, ողջ ԱՊՀ տարածքում է այդպես ընդունված: Հաշվի առնելով կյանքի միջին տեւողությունը, տարիքային կենսաթոշակ սահմանված է 63 տարեկանը` տղամարդկանց համար, իսկ կանանց համար (2007թ.)` 61 տարեկանը»,- նշեց Ա. Աբրահամյանը: «Նաիրիտ» ՓԲԸ-ի հազարից ավելի կենսաթոշակառուները պատրաստվում են նաեւ բաց նամակ հղել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: «Ժողովրդասիրական ո՞ր օրենքով է, որ արտոնյալ պայմաններով նշանակված կենսաթոշակը ենթակա չէ վերահաշվարկման մինչեւ թոշակառուի 63 տարին լրանալը: Այս ամենն առավել վիրավորական է դառնում, երբ զարտուղի ճանապարհներով պատգամավորի մանդատ ստացած «վայ» պատգամավորներին 4 տարի անգործության մատնվելու համար առաջարկվում է նշանակել 250 հազար դրամ կենսաթոշակ, երբ կոռուպցիայի մեջ խրված պաշտոնյաների աշխատավարձերը պարբերաբար բարձրացվում են, իսկ մեզ նման ազնիվ աշխատանքով ապրող, տնտեսական աճ ապահովող աշխատավորներին փշրանքներ են նետում: Մոռանում են, որ նախընտրական այս օրերին մենք` խաբված ավանդատուներս ու թալանված թոշակառուներս, մեծ ուժ ենք: Հիասթափված նրանց գործելաոճից, մենք պատրաստվում ենք դեմ քվեարկել օրենսդիր եւ գործադիր իշխանության մաս կազմող բոլոր կուսակցություններին»,- հայտարարեց Թ. Միրազիզյանը: