Երեկ հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը, գրող Վահրամ Մարտիրոսյանը, կոմպոզիտոր Վահան Արծրունին, օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյանը եւ մոդելյոր Լիլիթ Մարգարյանը Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում ներկայացրին իրենց նոր լայնածավալ նախագծի՝ «Կիլիկիա» ինը մասանոց հեռուստաֆիլմի գաղափարը, որի մեկնարկը տրվելու է սույն թվականի մայիսին։ Նկարահանող խումբը ներկայացնելու է 300 տարվա պատմություն ունեցող «Կիլիկիա» երկիրը՝ միաժամանակ վավերագրական եւ խաղարկային ֆիլմի մոդելով։ «Մենք սիրում ու հպարտանում ենք Կիլիկիայով, բայց չգիտենք նրա պատմությունը։ Կիլիկիա բառն ավելի շուտ մեզ մոտ նավի հետ է ասոցիացվում։ Մենք ուզում ենք, որ հայերը, ճանաչելով այդ պետությունը, հպարտանան նրանով, քանի որ Կիլիկիան փայլուն երեւույթ է պատմության մեջ։ Անհավանական բան է. մեր ազգն իր հողից հազարավոր կիլոմետր հեռու մի նոր պետություն է սարքում եւ կարողանում է այն մի քանի դար պահել»,- ասաց ֆիլմի սցենարի հեղինակ Վ.Մարտիրոսյանը։ Ֆիլմը կառուցվելու է Կիլիկիայի թագուհու եւ պատմիչ-վավերագրողի զրույցի վրա։ Բազմազգ եւ կոսմոպոլիտ Կիլիկիան պատմության ենթատեքստում ներկայացնելու համար հեղինակները մեծ թվով գրական ու վավերագիր նյութեր են ուսումնասիրել եւ խոստանում են, որ ֆիլմը զերծ կլինի սուտ հայրենասիրությունից եւ պատմական վրիպումներից ու կներկայացնի հիասքանչ Կիլիկիայի ծագման ու անկման պատմությունը։ Վ.Մարտիրոսյանի խոսքերով ասած՝ «այսօրվա նվնվան, քոսոտ մենթալիտետի առջեւ պատնեշ կդնի»։ Ուշագրավ է, որ ֆիլմի հեղինակները սկզբում ներկայացնում են իրենց գաղափարը, այլ ոչ թե պատրաստի «արտադրանքը»՝ մինչ նկարահանումները բաց լինելով առաջարկների ու լրացումների համար։