ԷՍԷՍ-ականներ ԿՀՎ-ում

10/05/2005

Այն, որ ռազմական հանցագործ նացիստները պատերազմից հետո աշխատում էին ամերիկյան հատուկ ծառայությունների համար, գաղտնիք չէ։ Նախկին էսէսականներն ու գեստապոյի գործակալները տաքուկ տեղեր գտան հաղթող պետությունների, այդ թվում նաեւ` ստալինյան ԽՍՀՄ-ի լրտեսական ծառայություններում։ Քսան տարի տեւած սառը պատերազմի շրջանում ոչ Վաշինգտոնում, ոչ Լոնդոնում, ոչ Փարիզում, ոչ էլ Մոսկվայում ուշադրություն չէին դարձնում գերմանացի լրտեսների անցյալի վրա։

Հիմա ԿՀՎ-ն որոշել է բացել մութ անցյալի վարագույրը, մատչելի դարձնելով այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են ամերիկյան լրտեսական գործակալության (այն ժամանակ՝ Ռազմավարական ծառայությունների վարչություն) հետ աշխատած նացիստական ռազմական հանցագործներին։ ԿՀՎ-ն այդ քայլին է գնացել Վաշինգտոնի անվտանգության արխիվներում աշխատող գիտնականների, համալսարանական հետազոտողների, պատմաբանների եւ հրեական կազմակերպությունների ճնշմամբ, որոնք ուզում են մինչեւ վերջ իմանալ, թե ի՞նչ դեր են կատարել Միացյալ Նահանգներն այն մարդկանց փրկության գործում, ովքեր պիտի դատվեին Նյուրնբերգյան դատարանում։

Օրեր առաջ անվտանգության ազգային արխիվների շնորհիվ ամերիկացիներն, օրինակ, իմացան, որ պատերազմից անմիջապես հետո Ռազմավարական ծառայությունների վարչության գործակալները՝ գտնվելով օկուպացված Գերմանիայի տարածքում, կարողացել են հավաքագրել Ադոլֆ Էյհմանի գործընկերներից հինգին։ Էյհմանն էր մշակում նացիստական Գերմանիայում հրեաների ոչնչացման քաղաքականությունը։ Պատերազմից հետո նրան բռնեցին «Մոսսադի» գործակալները, դատապարտեցին մահապատժի եւ վճիռն ի կատար ածեցին 1962-ի մայիսին։

Տ.Պ.