Ո՞վ պետք է վերջ տա բժշկական ոլորտի կաշառակերությանը

21/03/2007

«Դրական տեղաշարժ կա, բայց այսօր այդպիսի հայտարարություն չեմ անում, որ համակարգն ընդհանրապես զերծ է նման երեւույթներից»,- անդրադառնալով Առողջապահության համակարգում կաշառակերության երեւույթին` հայտարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել առողջապահության բնագավառում առկա կաշառակերությունների վերաբերյալ: Նույնիսկ նախարար Զոյա Լազարյանին զգուշացվել էր, որ 2-ամսյա ժամկետում ոլորտը չկարգավորելու դեպքում կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Համաձայնելով երկրի ղեկավարի կողմից հնչեցված մեղադրանքների հետ, նախարարը նշել է. «Եթե երկրի նախագահը քննադատում է, ուրեմն՝ օբյեկտիվ հիմքեր կան քննադատելու համար»: Նպատակ չունենալով արդարացնել ոլորտի «կաշառակերներին», նախարարն ափսոսանքով հայտնեց, որ համակարգի մի քանի անբարեխիղճ մարդկանց պատճառով տուժում է ամբողջ ոլորտը: Իսկ որ ոլորտում թերություններ կան` ակնհայտ է: Այդ թերությունների մասին Ղարաբաղում խոսում են ամենուրեք: Ոմանք խոսում են պոլիկլինիկայում եւ հիվանդանոցում առկա կաշառակերության մասին, ոմանք էլ՝ նույն կերպ են արտահայտվում հանրապետական ծննդատան մասին: Ավելին` ծննդատան հարցը լուրջ քննարկվել է անցած տարվա աշնանը տեղի ունեցած հանրապետական երիտասարդական առաջին խորհրդակցության ընթացքում, որից հետո երիտասարդները դիմում են հղել իշխանություններին՝ կոչ անելով «վերջ տալ ծննդատանը տիրող կամայականություններին»:

Առողջապահության նախարար Զոյա Լազարյանը չի բացառում, որ բժշկական հիմնարկներում լինում են նաեւ մասնագիտական սխալներ: «Նախարարության կարգի համաձայն, երկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր հիվանդանոցային մահացության դեպք պետք է տվյալ բուժհիմնարկը քննարկի եւ արձանագրությունն ուղարկի նախարարություն: Այն դեպքերը, որոնք ուշադրության են արժանի, քննարկում ենք կոլեգիայի նիստում եւ բժիշկներին համապատասխան տույժերի ենթարկում»,- փաստել է նախարարը՝ դժվարանալով թվեր ներկայացնել: Նա տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ հիվանդանոցային բժշկին մասնագիտական սխալի համար զրկել են հիվանդանոցում աշխատելուց եւ ժամանակավոր տեղափոխել պոլիկլինիկա` ամբուլատոր բժիշկ աշխատելու: Որոշ ժամանակ ՀՀ-ում վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո նույն բժշկին հնարավորություն են տվել աշխատել նախկին պաշտոնում: Նախարարի փոխանցմամբ` նման դեպք եղել է նաեւ ծննդատան ծննդաբերական բաժանմունքում: Այդ դեպքում նույնպես բժշկին հնարավորություն է ընձեռվել նախապատրաստական դասընթաց անցնել, եւ նորից վերականգնել են նույն աշխատանքում: «Այսօր էլ կան այդպիսի բժիշկներ, որոնց հարցերի քննարկման գործընթացը շարունակվում է կամ պատրաստվում է ներկայացվել քննարկման»,- շարունակել է Զոյա Լազարյանը:

Հանդիսավոր նիստից հետո Առողջապահության նախարարության կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվեցին` թերությունները վերացնելու համար, որոնք արտահայտվում էին հաճախակի ստուգումների, վերահսկողության խստացման տեսքով: Գործում էր նաեւ թեժ գիծ, որի միջոցով բնակիչները հնարավորություն են ստացել ուղղել իրենց բողոքներն ու դժգոհությունները: Նման հնարավորություն կար նաեւ առողջապահական հիմնարկներում, որտեղ այցելուները լրացնում էին համապատասխան հարցաթերթիկներ: Նախարարը նշում է, որ վերջին երկու ամիսներին արդյունքներ չեն ստացվել, քանի որ «բնակիչները պասիվ էին եւ անկեղծորեն չէին լրացնում հարցաթերթիկները», ինչն, ըստ նախարարի, մեծ խոչընդոտ է հանդիսանում ոլորտի թերությունները կանխելու եւ վերացնելու համար:

Իսկ մարդկանց ոչ անկեղծ լինելը պայմանավորված է թերեւս նրանով, որ Ղարաբաղը շատ փոքր է, շատերն իրար ճանաչում են, կամ շատ հեշտ է անծանոթին ճանաչելը: Իսկ ամենակարեւորը թերեւս այն է, որ կա մեկ հիվանդանոց, մեկ ծննդատուն, մեկ պոլիկլինիկա, որոնց ծառայություններից այդ նույն բողոքողները ստիպված են լինելու նորից օգտվել: Հնարավոր է նաեւ՝ նույն բժշկի մոտ հայտնվեն, քանի որ բժիշկներին մշտապես չեն հեռացնում համակարգից, այլ հնարավորություն են տալիս վերապատրաստվելու: Նաեւ դեպք է եղել, երբ բժշկին հենց այնպես վերականգնել են նույն աշխատանքին: Վերոնշյալ հանդիսավոր նիստից հետո խախտումների համար աշխատանքից հանել էին ծննդատան գլխավոր բժշկին, սակայն կոլեկտիվի խնդրանքով նրան նորից վերականգնել են նույն աշխատանքում: