Եթե աղաղակող բան տեղի ունենա

20/03/2007

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր ղեկավար Ջոն Դանիլովիչը հայտնել է, որ Հայաստանին հատկացվող օգնության ծրագիրը կարող է սառեցվել, եթե երկրում «աղաղակող բան տեղի ունենա»: «Եթե ինչ-որ աղաղակող բան պատահի՝ ասենք, ընտրությունները չկայանան, մշտապես արգելվեն՝ ոչ թե հետաձգվեն, այլ արգելվեն, այդ դեպքում կաշխատի օգնությունը սառեցնելու հոդվածը»,- ասել է Դանիլովիչը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի պետական, օտարերկրյա գործառույթների եւ հարակից ծրագրերի ենթահանձնաժողովում: «Հույս ունեմ, որ նման հիմնախնդիր մոտ ապագայում չի ծագի: Մեկ ամիս առաջ ես խոսել եմ այդ մասին նախագահ Քոչարյանի հետ»,- ասել է Դանիլովիչը: Պատասխանելով Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջո Նոլենբերգի այն հարցին, թե արդյոք ակնհայտ ձախողման դեպքում հնարավո՞ր է հետ վերցնել Հայաստանին արդեն տրամադրված գումարը, Դանիլովիչն ասել է, թե գումարը հետ վերցնելու արարողակարգ նախատեսված չէ: