Ամերիկացի ուսանողը գեղարվեստական մրցանակ եւ «գերազանց» գնահատական է ստացել իր ուսուցչից` աբստրակտ մի կոլաժի համար, որում համադրված են նացիստական սվաստիկան, Ադոլֆ Հիտլերի մտքերը, ամերիկյան դրոշը, ամերիկյան բանակի համազգեստով խաղալիք զինվորները եւ նախագահ Բուշի դիմանկարը։
Ռոդ-Այլենդցի 17-ամյա Ջեֆրի Իդենը պնդում է, որ ինքը փորձել է համեմատել ԱՄՆ-ի պատերազմը Իրաքում գերմանական նվաճողականության հետ, բայց հավասարության նշան չի դրել Հիտլերի եւ Բուշի միջեւ։
Ջեֆրիի «Բուշ եւ Հիտլեր։ Ինչպես է կրկնվում պատմությունը» աշխատանքը Rhode Island Scholastic Art Award-ի այլ հաղթողների աշխատանքների հետ ներկայացվել է տեղական ցուցասրահներից մեկում եւ անմիջապես բարձրացրել քննադատության ալիք։
Ցուցասրահի այցելու, 34-ամյա Պոլ Լյուիսը հայտարարել է, որ այս աշխատանքը վիրավորական է, եւ պահանջել է անհապաղ հանել այն ցուցադրությունից։
– Նախագահ Բուշի քաղաքականությունը ոչ մի ընդհանրություն չունի Հիտլերի քաղաքականության հետ,- ասել է Լյուիսը,- մինչդեռ այս կոլաժն այնպիսի տպավորություն է ստեղծում, թե Բուշը ճիշտ նույնպիսի չարիք է, ինչպիսին էր նացիստ բռնապետը։
Իդենն ասում է, որ ինքն իր ստեղծագործության մեջ արտացոլել է այն, ինչ ցանկացել է. «Ես գտնում եմ, որ նրանք, ովքեր սխալ են մեկնաբանում այս աշխատանքը, չեն փորձել խորանալ դրա էության մեջ»։ Իդենի խոսքով, ինքը ցավում է ամերիկացի զինվորների համար, բայց վստահ է, որ պատերազմն Իրաքում անարդարացի է։
Ցուցասրահի տերը հրաժարվել է հանել կոլաժը, բայց դրա կողքին դրել է մի ցուցանակ, որի վրա գրված է, թե նկարչի տեսակետը ոչ անպայման է համընկնում ցուցասրահի տեսակետին։ «Մենք չենք գրաքննում արվեստը»,- ասել է նա։
Սա Բուշի եւ Հիտլերի առաջին համեմատությունը չէ։ Նման բաներ եղել են նախընտրական քարոզարշավի ընթացքում, իսկ ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսը Բուշի ռեժիմը քննադատելիս ոչ մեկ անգամ է հիշատակել նացիստական ռեժիմը։ The Washington Post թերթին տված հարցազրույցում Սորոսը հայտարարել է, որ Սպիտակ տունը ղեկավարվում է «գերազանցության գաղափարախոսությամբ»։
Տ.Պ.