Ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը գտնում է, որ մայիսի 12-ին կայանալիք հայաստանյան խորհրդարանական ընտրությունները կարեւոր քննություն են, թե որքանով է երկիրը պատրաստ ընթանալ ժողովրդավարության ուղիով եւ իրականացնել քաղաքական բարեփոխումներ։
«Այս ընտրությունը շատ ավելի լայն նշանակություն ունի ինչպես Հայաստանի եւ իր հարեւանների փոխհարաբերությունների, այնպես էլ երկրի արտաքին քաղաքականության առումով»,- ասում է վերլուծաբանը։ Վերջինս գտնում է, որ այս ընտրությունները որոշակիորեն նման կլինեն նախորդներին, այն առումով, որ հիմնական պայքարն ավելի շուտ կընթանա իշխանամետ կուսակցությունների միջեւ՝ առանց ընդդիմության առաջարկած լուրջ քաղաքական այլընտրանքների։ Սակայն մայիսյան ընտրությունները նախորդներից տարբերվելու են երկու գլխավոր ասպեկտներով. վերահսկողությունն այս անգամ կլինի ավելի խիստ, իսկ արդար ընտրություններ անցկացնելու ակնկալիքներն՝ ավելի մեծ։ «Այս ընտրությունների ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության, հետեւաբար նաեւ՝ երկրի ապագայի վրա, բխելու է ոչ այնքան ապագա խորհրդարանի կազմից, որքան այն հանգամանքից, թե ընտրությունները որքանով կհամապատասխանեն արդարության ցանկալի ստանդարտներին»,- նշում է վերլուծաբանը։
Նա համոզված է, որ եթե մայիսի 12-ի ընտրությունները լինեն նախկին կեղծված ընտրությունների շարունակությունը, ապա միջազգային արձագանքը կլինի շատ լուրջ եւ կտրուկ։ «Եվ այդ դեպքում ընտրությունները պատմության մեջ կմտնեն ոչ թե որպես եւս մեկ կորսված հնարավորություն՝ Հայաստանում իրական ժողովրդավարություն զարգացնելու համար, այլ որպես եւս մեկ քայլ՝ դեպի տարածաշրջանային մեկուսացում»։
Նշելով, որ Հայաստանն արդեն իսկ ստիպված է դիմանալ փակ սահմաններին, առեւտրային էմբարգոներին եւ տարածաշրջանային նախագծերից անմասն մնալուն (օրինակ, Կարս-Ախալքալաք-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթգիծը), Ռ. Գիրագոսյանը փաստում է. «Անգամ տպավորիչ երկնիշ տնտեսական աճի պարագայում Հայաստանը գլոբալ շուկային ինտեգրվելու եւ նրա հետ կապերի սերտացման խիստ կարիք ունի»։
Հեղինակը հիշեցնում է, որ մայիսի 12-ի ընտրություններն առաջինն են՝ այն պահից սկսած, երբ Հայաստանը միացել է Եվրամիության Գործողությունների պլանին՝ այդպիսով պաշտոնապես ընդունելով եվրոպական չափանիշներն ու արժեքները։ Իսկ ԵՄ Հարավկովկասյան հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, մարտի սկզբին այցելելով Հայաստան, «բացահայտ կերպով զգուշացրեց Հայաստանի ղեկավարներին, որ ընտրությունների հետ կապված ցանկացած խնդիր կլինի կորսված հնարավորություն՝ Երեւանի եւ Բրյուսելի միջեւ սերտ կապեր հաստատելու ճանապարհին»։
Ռ. Գիրագոսյանը գտնում է, որ նման «կոշտ լեզուն» վկայում է, որ կեղծված ընտրությունները կարող են հանգեցնել հետընթացի՝ Հայաստանի եւ Եվրամիության՝ դեռեւս կայացող կապերի մեջ։ Միեւնույն ժամանակ նշվում է, որ Վրաստանը շատ ավելի արագ է ընթանում դեպի Եվրոպա, քան մենք։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ վերլուծաբանի, նրա նավթային ռեսուրսները շատ կարեւոր են ԵՄ-ի համար՝ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից թուլացնելու նպատակով։
Ռ. Գիրագոսյանն անդրադարձել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությանը եւ կարծիք է հայտնել, թե անհաջող ընտրությունների դեպքում այդ ծրագիրը եւս կարող է հայտնվել վտանգի տակ։
Նա գտնում է, որ միջազգային հանրությունն ինքն էլ գտնվում է ճնշման տակ, եւ նրանից էլ սպասելիքները մեծ են։ «Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային արձագանքի նկատմամբ շատ ուշադիր են լինելու, որովհետեւ դրանցով սկսվում է Հարավկովկասյան երեք հանրապետությունների խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների շղթան»։
Ռ. Գիրագոսյանը համոզված է, որ անկախ մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներից, Ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված քաղաքականության մեջ դժվար թե փոփոխություններ լինեն, քանի որ «Հայաստանի քաղաքական էլիտային առայժմ ձեռնտու է առկա ստատուս-քվոն»։ Իսկ որպես խաղաղ կարգավորման գործընթացում իրական շրջադարձի հնարավորություն՝ Ռ. Գիրագոսյանը դիտարկում է հաջորդ տարի կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրությունները։ Վերլուծաբանը գտնում է, որ անգամ Ալիեւի վերընտրվելու դեպքում, լեգիտիմության նոր աստիճանը թույլ կտա լավատեսորեն նայել հակամարտության լուծման հեռանկարին։ Թեեւ այս դեպքում էլ լավատեսությունը պետք է զգուշավոր լինի, քանի որ, ըստ Ռ. Գիրագոսյանի, երկու երկրներն էլ իրենց ազգաբնակչությանն ադեկվատ ձեւով չեն նախապատրաստել խաղաղության համաձայնագրին, որը ենթադրում է լուրջ փոխզիջումներ։