Նոր կառավարության նախնական կմախքը

20/03/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Եթե մայիսի 12-ին ՀՅԴ-ին հաջողվի պատկառելի տոկոսով ձայներ հավաքել, ապա հաջորդ գումարման խորհրդարանում էլ այն մաս կկազմի իշխանական կոալիցիային: Համենայնդեպս, իշխանական վերնախավում նախնական որոշում է կայացվել, որ Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ կոալիցիա պետք է կազմի ՀՅԴ-ն: Ու քանի որ Դաշնակցությունը պարբերաբար սպառնում է քիչ տոկոս հավաքելու դեպքում դառնալ ընդդիմություն՝ հիշեցնելով, թե ինչպիսի ընդդիմություն էր նախորդ իշխանությունների ժամանակ, իշխանությունները չեն շտապում ՀՅԴ-ի հետ քննարկել, թե ինչպիսի կառավարություն պետք է ձեւավորվի մայիսի 12-ից հետո:

Բայց քանի որ իշխանություններն արդեն որոշել են, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են ընտրությունների ժամանակ լուրջ տոկոսներ ստանալու, եւ, որ հենց նրանց են տրվելու կառավարության հիմնական պորտֆելները, արդեն իսկ կարելի է ասել, թե ինչպիսին է լինելու մայիսի 13-ի կառավարության կազմը: Մեր տեղեկություններով, առայժմ իշխանությունները չեն շտապում լուրջ քննարկման դնել պորտֆելների բաժանման հարցը՝ այն թողնելով մայիսի 13-ին, երբ արդեն հայտնի կլինեն ընտրությունների նախնական արդյունքներն ու, ի վերջո, պարզ կլինի, թե ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ որ կուսակցությունն է կոալիցիա կազմելու: Չնայած սրան, որոշ պորտֆելներ արդեն հստակ հասցեատերեր ունեն:

Եվ այսպես։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մայիսի 12-ից հետո այլեւս գործադիր մարմնի ղեկավար չի լինի: Նրան, թերեւս, կվերապահվի ԱԺ նախագահի պաշտոնը: Ճիշտ է, ԱԺ նախագահի աթոռը նախագահականում ուզում են փոխանցել ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ նրան համարելով նախագահականի «մարդ», սակայն դա բավական դժվար, գրեթե չլինող հարց է, որովհետեւ Դավիթ Հարությունյանին ոչ ՀՀԿ-ում, եւ ոչ էլ ԲՀԿ-ում ոչ միայն չեն վստահում, այլեւ՝ չեն համակրում: Այնպես որ՝ Դ. Հարությունյանին դժվար կլինի դառնալ ԱԺ նախագահ՝ հաշվի առնելով այն, որ ԱԺ նախագահին քվեարկությամբ ընտրում է խորհրդարանական մեծամասնությունը, որի շրջանում, ըստ մեր աղբյուրների, նա հեղինակություն չի վայելում: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում ահավոր զայրացել էին Դավիթ Հարությունյանի այն քայլի վրա, որ նա առանց կուսակցության ղեկավարությանը տեղյակ պահելու հայտարարել էր, թե ինքն ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ցուցակում: Այն դեպքում, երբ ՀՀԿ ղեկավարությունը հայտարարել էր, որ կուսակցության համամասնական ցուցակի կազմը կհրապարակվի կուսակցության խորհրդի նիստից հետո: Մեր աղբյուրների հավաստմամբ, եթե չլիներ նախագահականի խնդրանքը, ՀՀԿ ղեկավարությունը Դ. Հարությունյանին չէր ընդգրկի իր ցուցակում:

Ինչեւէ, պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընտրություններից հետո նշանակվելու է վարչապետ, իսկ թե ով է լինելու պաշտպանության նախարարը՝ առայժմ հայտնի չէ: Եվ խոսակցությունները, թե վերջերս ՀՅԴ շարքերում վերականգնված Արթուր Աղաբեկյանն է լինելու պաշտպանությանը նախարարը, մեր տեղեկություններով, իրականությանը չի համապատասխանում: Որոշվել է, որ նա ընտրվելու է ԱԺ Պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ: Ի դեպ, եթե գործող ԱԺ-ում ընդամենը վեց մշտական հանձնաժողովներ կան, ապա Սահմանադրությամբ դրանց թիվը դարձել է 12: Այնպես որ՝ շատերին որպես պորտֆելներ կտրվեն նաեւ այդ հանձնաժողովների նախագահների տեղերը: ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընտրություններից հետո կդառնա փոխվարչապետ, որի լիազորությունները նոր Սահմանադրությամբ բավական մեծացել են: Նույն աղբյուրի հավաստմամբ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին այլեւս նախարարի պորտֆել չի վերապահվելու. նա մնալու է որպես շարքային պատգամավոր: Նրա փոխարեն Հայաստանի կապի ու տրանսպորտի ոլորտը մայիսի 13-ից հետո կկարգավորի ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը: Մի քանի պորտֆելներ, այդ թվում՝ Առողջապահության, Սոցիալական ապահովության նախարարությունների ղեկավարների, պայմանավորված է ՀՅԴ-ով. եթե ՀՅԴ-ն կարողանա բավարար թվով ձայներ հավաքել ու դառնալ կոալիցիայի մաս, ապա այդ պորտֆելները դարձյալ կվերապահվեն Դաշնակցությանը՝ ներկայիս նախարարների տեսքով: Իսկ եթե ՀՅԴ-ն որոշի դառնալ ընդդիմություն, ապա, բնականաբար, այս պորտֆելները կվերապահվեն այն ուժին, ով ապագա կոալիցիայում կփոխարինի ՀՅԴ-ին: Կրթության նախարարի պորտֆելը, թերեւս, կտրվի ԱԺ Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին: Ասում են, որ այս պորտֆելի շուրջ ՀՅԴ-ի հետ արդեն բանակցություններ եղել են, եւ որոշվել է, որ ՀՅԴ-ն այս անգամ այդ պորտֆելը զիջելու է մեկ այլ ուժի: Իսկ ՀՅԴ-ին դրա փոխարեն խոստացել են տալ ԱԺ Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, եւ այդտեղ ՀՅԴ-ն կառաջադրի Լեւոն Մկրտչյանի թեկնածությունը:

ԲՀԿ համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը, մեր տեղեկություններով, նախնական պայմանավորվածությամբ, մանդատը ցած է դնելու եւ աշխատանքի է անցնելու գործադիր իշխանությունում: Մեր տեղեկություններով, նա նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Իսկ թե ով կլինի արդարադատության նախարարը, դեռեւս հայտնի չէ: Դա կախված է նրանից, թե ինչպես կլուծվի ԱԺ նախագահի հարցը: Բնականաբար, եթե ԱԺ մեծամասնությունը Դ. Հարությունյանի թեկնածությունը մերժեց, ապա Ռոբերտ Քոչարյանը նրան կվերանշանակի արդարադատության նախարարի պաշտոնում: Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարի պորտֆելին, ապա դեռեւս հայտնի չէ, թե այն ում է տրվելու: Սակայն հայտնի է, որ այս պաշտոնը վաղուց ցանկալի է ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանին, ով տարիներ առաջ ՀՀԿ-ից դուրս եկավ այն բանի համար, որ նրան նախորդ գումարման ԱԺ-ում չընտրեցին ԱԺ Ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ:

Ճիշտ է, ՄԱԿ-ի կողմից մշակույթի նախարարություն որպես «մենեջեր» գործուղված Հասմիկ Պողոսյանն արդեն հասցրել է մոռանալ ՄԱԿ-ին ու Գուրգեն Արսենյանին՝ օրեր առաջ նախարարությունում հայտարարելով, որ իրեն նախարար նշանակել է ոչ թե ՄԱԿ-ը, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը, ու ինքը շարունակելու է մնալ նախարար մինչեւ 2008թ. նախագահական ընտրությունները, այդուհանդերձ, վերջնականապես որոշված է, թե մայիսի 12-ից հետո ով է լինելու մշակույթի նախարարը: Ասում են, որ այս պորտֆելի հարցը «հարյուր տոկոսով» որոշված է, եւ այն տրվելու է ԲՀԿ-ին, որի թեկնածուն կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն է:

Առաջիկայում ձեւավորվելիք կառավարության կազմից մեզ առայժմ այսքանն է հայտնի: Մեր աղբյուրների հավաստմամբ, մյուս պորտֆելների հարցը դեռեւս չի քննարկվել, որովհետեւ, ինչպես արդեն նշեցինք, դա կախված է կոալիցիայի երրորդ կողմի ով լինելուց ու նրա հավաքած ձայների քանակից: Հենց դրանից էլ պարզ կդառնա, թե ինչ քվոտաներ է վերապահվելու այդ ուժին: Նույնը վերաբերում է նաեւ ընդդիմությանը, որին կվերապահվի մեկ-երկու ԱԺ մշտական հանձնաժողով: