Կուսակցությունների համամասնական ցուցակներում արվեստագետներ ընդգրկելն ընտրազանգված ապահովելու միջոց է, քանզի ժողովուրդն արդեն հոգնել է նույն անունները լսելուց: Երեկ նման կարծիք են հայտնել դերասան Երվանդ Մանարյանն ու բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Ըստ Ե. Մանարյանի, պաշտոնն արվեստագետին հարիր չէ, քանզի նա այս կամ այն ուժին ենթարկվելու դեպքում դադարում է արվեստագետ լինելուց: Սակայն պատգամավորը պաշտոն չէ, այլ՝ ժողովրդական ներկայացուցչություն, իսկ արվեստագետի` այս կամ այն կուսակցության պատկանելը կամ խորհրդարանում տեղ գրավելը, ըստ նրա, երբեւէ չի կարող խնդիրներ առաջացնել: Ռ. Դավոյանի կարծիքով, արվեստագետի` որեւէ կուսակցության պատկանելը պետք է կապված լինի նախ՝ տվյալ կուսակցության գաղափարախոսության հետ: «Ես Դաշնակցությունն ընդունում եմ որպես ոչ այնքան կուսակցություն, որքան գաղափարախոսություն»,- նշել է նա: Իսկ թե արդյո՞ք ինքը գաղափարական պայքար կմղի ՀՅԴ-ի համար, բանաստեղծը պատասխանել է, որ դա կախված է կուսակցության համամասնական ցուցակից, որին Ռ. Դավոյանն ինչ-ինչ պատճառներով դեռ չի ծանոթացել: