«Ազատության» հրապարակն ազատության կարիք ունի

20/03/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ Մատենադարանի հարակից հրապարակում կայացավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանրահավաքը: Ու թեեւ եղանակն անձրեւոտ էր, սակայն հանրահավաքի մասնակիցների քանակը չէր զիջում նախորդ հանրահավաքի ներկաների թվին:

Հանրահավաքի կազմակերպիչները հենց սկզբից ներկաներին տեղեկացրին, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 23-ին, ժամը 17-ին, «Ազատության» հրապարակում: Բանն այն է, որ նրանք դրա համար, ըստ օրենքի, դիմել են պատկան մարմիններին, եւ օրենքով նախատեսված ժամկետում մերժում չեն ստացել, ինչը նշանակում է, որ հանրահավաքն օրինական է: «Այլընտրանքն» արդեն դիմել է քաղաքապետարան՝ նաեւ մարտի 30-ին, ժամը 17-ին «Ազատության» հրապարակում հանրահավաք անելու մասին իրազեկող դիմումով, սակայն այս անգամ նրանց արգելվել է մարտի 30-ին հանրահավաք անել նշված վայրում: Այս կապակցությամբ «Այլընտրանքը» երկուշաբթի օրը մտադիր է դիմել դատարան, որն էլ, ըստ օրենքի, պարտավոր է 24 ժամվա ընթացքում վճիռ կայացնել այս հարցով: Բանն այն է, որ օրենքում նշված են բոլոր այն դեպքերը, երբ քաղաքապետարանը կարող է արգելել հանրահավաքի անցկացումը: Քաղաքապետարանն էլ հանրահավաքի անցկացումն արգելելիս չի կարողացել նշել որեւէ կոնկրետ դեպք, որն իրեն իրավունք է տալիս արգելել հանրահավաքը: Ինչեւէ, եղանակային պայմաններից ելնելով՝ երեկվա հանրահավաքը համեմատաբար կարճ տեւեց: Ելույթ ունեցավ «Այլընտրանքի» ներկայացուցիչ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա հիմնականում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Հիշեցնենք, որ օրերս հրապարակվեց մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որտեղ ԼՂ մասով տեղ է գտել մի աննախադեպ ձեւակերպում. «ՀՀ-ն շարունակում է օկուպացրած պահել Ադրբեջանի տարածքները՝ ԼՂՀ-ն ու 7 շրջանները»: «1998-ից սկսած, երբ Ռ. Քոչարյանը սկսել է Ղարաբաղի հարցով զբաղվել, մենք անընդհատ պարտություններ ենք արձանագրել: Հայտարարություններում Ռ. Քոչարյանը խոստանում է, որ ԼՂՀ-ին պետք է անկախություն շնորհի, բայց փաստաթղթերը մեզ հերթական անգամ ավելի ու ավելի են հեռացնում այդ երազանքից,- հայտարարեց Ն. Փաշինյանն ու հավելեց,- 1998-ին, երբ Քոչարյանը եկավ իշխանության, ԼՂ-ն բանակցային լիարժեք կողմ էր: Ռ. Քոչարյանը եկավ եւ ԼՂ-ին դուրս վռնդեց բանակցային սեղանի մոտից, այսինքն՝ նա ԼՂ-ին հենց առաջին քայլով միանգամից զրկեց միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից: 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից շատ չանցած, նա ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի խարտիան, որտեղ ասվում էր, որ ԵԱՀԿ տարածքում ծայր առած ազգամիջյան հակամարտությունները պետք է կարգավորվեն սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»: Նրա խոսքերով՝ սա առաջին դեպքն էր, երբ ՀՀ պաշտոնական ներկայացուցիչը ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ արձանագրվում է, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Ն. Փաշինյանը հիշեցրեց նաեւ, որ Ստամբուլի խարտիայի ստորագրումից հետո միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում, հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում եւ դիվանագետների ճառերում անընդհատ սկսեցին հայտնվել ձեւակերպումներ, ըստ որոնց` «ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանները, եւ, որ ԼՂ-ն Ադրբեջանի անբաժանելի մասն է»: «Այսօր Վարդան Օսկանյանն ասում է, թե ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ձեւակերպումը վրիպակ է: Վրիպակն ինքն է: Վրիպակն իր նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Եվ մենք այսօր, եթե ուզում ենք 5 տարի հետո, 10 տարի հետո երկիր ունենալ, պետք է այդ վրիպակը շտկենք: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է մտապահենք մի բան՝ իմպիչմենտ: Մենք պետք է հասկանանք, որ իմպիչմենտը սովորական «Ռոբերտ, հեռացիրը» չէ: Իմպիչմենտը Ռ. Քոչարյանի, նրա վարած քաղաքականության հեռացումն է, նրա վարած քաղաքականության հետեւանքների վերացումն է»,- շարունակեց Ն. Փաշինյանը: Անդրադառնալով «Ազատության» հրապարակում հանրահավաքներն արգելելու քաղաքապետարանի անհեթեթ պատճառաբանություններին՝ նա նշեց, թե այդ ապօրինություններն անողները դա անում են «դողացող ձեռքերով»: «Ես տեսել եմ այդ դողացող ձեռքերը: Ես այնպիսի մարդկանց դողացող ձեռքեր եմ տեսել, որ դուք չեք պատկերացնում: Ես ձեզ խոստանում եմ, որ դուք բոլորդ այդ դողացող ձեռքերը տեսնելու եք»,- հայտարարեց նա` կոչ անելով գնալ «Ազատության» հրապարակ, քանզի, ըստ Ն. Փաշինյանի, «Ազատության» հրապարակն ի՛նքն այսօր ազատության կարիք ունի: