Սերը հանցագործություն չէ

20/03/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Նորաշենցի Սարգիսը երեւանցի աղջիկ է փախցնում: Աղջկա ծնողները դեմ են լինում նրանց ամուսնությանը: Սարգիսի հարազատներն ասում են, որ Էրեբունու դատախազությունը կեղծ մեղադրանքներ է առաջադրել, որոնց համաձայն՝ տղան պետք է ենթարկվի 12 տարվա ազատազրկման: Դատախազության աշխատակիցները Սարգիսին մեղադրում են աղջկան բռնի ուժով, զենքի սպառնալիքի տակ առեւանգելու եւ բռնաբարելու մեջ: Գործին միջամտում է նաեւ Նոր Նորքի 1-ին ատյանի դատարանի նախագահ, «Հոկտեմբերի 27»-ի գործով հայտնի Սամվել Ուզունյանը:

«Հայաստանը շեքսպիրյան ողբերգության վայր չէ», «Սերը հանցագործություն չէ», «Սամվել Ուզունյան, զենքով մարդ ծեծելը հանցագործություն է», «Գյուղացի+քաղաքի աղջիկ=12 տարվա կալանք». այս եւ նման մի քանի այլարտահայտություններով ցուցապաստառները պատրաստել էին Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները, ովքեր

ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ երեկ առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում էին իրենց համագյուղացի

25-ամյա Սարգիսի նկատմամբ արված անհիմն ու կեղծ մեղադրանքները հանել, եւ նրան՝ սիրելու համար քրեական պատասխանատվության չենթարկել: Ի դեպ, նախաքննության այս մեկ տարվա ընթացքում Սարգիսը եղել է Սովետաշենի բանտում:

Ս. Սողոմոնյանը մոտ մեկ տարի առաջ փախցրել էր Լիդիային: Սարգիսի մայրը եւ համագյուղացիները, սակայն, պատմում են, որ ոչ թե փախցրել է, այլ աղջիկն իր կամքով է եկել, նույնիսկ հետը բերել է իր շորերն ու իրերը: Նրանք նաեւ պատմում էին, որ Լիդիան Սարգիսին խնդրել է իրեն փախցնել, որովհետեւ նրա ծնողներն իրենց թույլ չէին տալիս ամուսնանալ: Պատմում էին նաեւ, թե Լիդիան ասել է, որ իր նկատմամբ անընդհատ սեռական ոտնձգություններ էր անում իրենց ընտանիքի մտերիմ ոմն Արմեն: Փախցնելուց հետո մինչեւ Սարգիսենց տուն հասնելը երիտասարդ զույգը գնացել է եկեղեցի ու տղայի հարազատների տուն: Այդ ամենը տեսել ու մեզ հետ զրույցում պատմում էին նորաշենցիները: Սակայն հարսնացուի մայրը հաջորդ օրն աղջկան ոչ միայն ետ է տարել, այլեւ կազմակերպել է, որ Երեւանից ոստիկաններ գնան ու ձերբակալեն Սարգիսին: Նախաքննության այս մեկ տարվա ընթացքում Սարգիսը եղել է Սովետաշենի բանտում: Հիշեցնենք, որ այս գործը հայտնի էր նրանով, որ այստեղ իր դերն ուներ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը, ով հանրությանը քաջ հայտնի է «Հոկտեմբերի 27»-ի գործով: Լիդիայի մայրն՝ Մարինե Մուրադյանը, այս դատարանի աշխատակազմի ղեկավարն է ու նորաշենցիների պնդմամբ՝ Ուզունյանի հետ մոտ հարաբերություններ ունի: Սարգիսի մոր՝ տիկին Մարգարիտայի պնդմամբ, Լիդիայի մայրը Ուզունյանի օգնությամբ է կարողացել նախաքննության գործընթացը կազմակերպել իրեն ցանկալի սցենարով: Ավելին, մամուլում այս դեպքի առաջին օրերին հրապարակումներ եղան այն մասին, որ Ուզունյանն անձամբ գնացել է Դատախազություն եւ զենքով ծեծել է Սարգիսին: Նորաշենցիներն իրենց հետ ցուցապաստառներ էին բերել, որոնց վրա գրված էր՝ «Սամվել Ուզունյան՝ Հայաստանում ընդունված չէ երկկնությունը եւ սիրուհի պահելը», «Պարոն դատախազ, Ուզունյանին պետք է կալանավորել Սարգիսի փոխարեն», «Սերը հանցագործություն չէ»: Նրանք հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի դիմաց եւ վանկարկում էին «ա՛ր-դա՛-րո՛ւ-թյո՛ւն»:

Էրեբունու դատախազությունն ավարտել է Սարգիսի գործի նախաքննությունը եւ հանձնել նույն համայնքի դատարան, որտեղ էլ երեկ լսվում էր գործը: Դատարանը նիստը հետաձգեց եւ շարունակելու համար օր նշանակեց հաջորդ երեքշաբթի օրը՝ մարտի 20-ին: «Վճիռը գրելու համար հետաձգեց»,- ասում է Սարգիսի փաստաբան Սմբատ Մեսրոպյանը, որի ասելով՝ իրենց միակ հույսն այն է, որ դատարանը գործը կուղարկի հետաքննության: «Մեղադրանքներից մեկը խմբակային առեւանգումն է,- ասում է Ս. Մեսրոպյանը: -Սակայն նախաքննությունը չի պարզել, թե ովքեր են մասնակիցները: Եթե խումբ է եղել, ուրեմն պետք է մասնակիցներին էլ գտնեն, կամ նրանց նկատմամբ հետախուզում հայտարարեն: Բայց նման բան չկա: Թող հիմնավոր ապացույցներ բերեն, որ խումբ է գործել: Մյուս մեղադրանքը զենքի գործածումն է, որի մասին եզրակացությունը գործին կցել են 3 ամիս հետո միայն: Բա եթե զենք էր գործածվել, ինչո՞ւ միանգամից փորձաքննություն չէիք անցկացնում եւ 3 ամիս ձգձգում էիք: Ընդ որում, զենքի գործածման հետքերը գտել են մեքենայի մեջ: Բոլորս էլ գիտենք, որ Դատախազության համար դժվար չէ մեքենայի մեջ ինչ-որ հետքեր սարքելը: Այդպես էլ արել են: Էրեբունու դատախազությունից առաջ այս գործը քննվում էր Շենգավիթի դատախազությունում: Այնտեղ տեսան, որ դա սարքովի է՝ հրաժարվեցին: Մի բան էլ ասեմ՝ եթե դեպքը կատարվել է Արարատում, հանցագործին ինչո՞ւ է Երեւանի ոստիկանությունը բռնում, եւ նախաքննությունն ու դատավարությունը Երեւանում անցկացվում: Ի՞նչ է, այնտեղ ոստիկաններ չկա՞ն, Դատախազություն ու դատարան չկա՞: Այնպես որ, սա Երեւանից կազմակերպված գործ է»:

Երեկ բողոքի ակցիայի ժամանակ Մ. Մեսրոպյանին եւ Սարգիսի մորը՝ տիկին Մարգարիտային ընդունեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:

«Ես պարոն Սարգսյանին բոլոր մանրամասները ներկայացրի,- ասում է փաստաբանը: -Նա ընդունեց եւ մեզ ասաց, թե գործը հիմա այնպիսի ընթացքի մեջ է, որ Էրեբունու քննիչը չի կարող հրաժարվել իր կողմից առաջադրված մեղադրանքներից: Քննիչը դատարանում իր մեղադրական ճառն ասել է եւ Սարգիսի համար 12 տարի ազատազրկում է պահանջել: Մ. Սարգսյանը մեզ նաեւ ասաց, որ լավ կլինի, եթե դատարանն անհիմն համարի քննիչի առաջ քաշած մեղադրանքները եւ գործն ուղարկի հետաքննության: Համաձայն եմ դատախազի տեղակալի հետ, եւ մեր հույսն էլ դրա վրա է: Չապացուցված փաստերը մեղադրյալի օգտին են գնում»: «Բա, աղջիկ փախցնելու, սիրելու եւ ամուսնանալու համար 12 տարի կդատե՞ն»,- հարցնում էին նորաշենցիները:

«Ես տղա եմ բերել, այս դժվար տարիներին մեծացրել, ուղարկել բանակ, որ սիրելու համար դատվի՞»,- վրդովված ասում էր Սարգիսի մայրը՝ տիկին Մարգարիտան: