Երեք գրախանութ հրաժարվել են վաճառել եւ հետ են վերադարձրել «Ինքնագիր» գրական հանդեսի 2-րդ համարը «Առէջ» դիստրիբյուտորին այն բանից հետո, երբ ծանոթացել են նրա բովանդակությանը եւ 38-րդ էջում հայտնաբերել, այսպես կոչված, ոչ նորմատիվային բառապաշարով տեքստեր։ Երեւանի մյուս երկու գրախանութներին «Առէջը» չէր առաքել հանդեսը, քանի որ «Ինքնագրի» խմբագրությունը նախօրոք տեղեկացրել էր, որ նրանք նախկինում հրաժարվել էին վաճառել «Բնագիր» հանդեսի 4-րդ համարը Կարեն Ղարսլայնի բաց սեռական նկարագրություններով վիպակի պատճառով (տես)։
«Բնագիր» հանդեսը այլեւս լույս չի տեսնում, իսկ նրա երկու խմբագիրներից մեկը՝ Վիոլետ Գրիգորյանը, հիմնադրել է «Ինքնագիր» հանդեսը, որի առաջին համարը լույս է տեսել 2005 թվի նոյեմբերին, իսկ մերժված 2-րդ համարը՝ երեք շաբաթ առաջ։
«Ինքնագրի» շապիկին գրված խոսքը՝ «Կապույտ ուլունք եմ կապել շապիկին, որ ոստիկանի մահակը չիջնի ժուռնալիս վրա», եւ մակագրության վրա ամրացված կապույտ ուլունքը չփրկեց հանդեսը հարվածից (հավատալիք կա, որ կապույտ ուլունք կապելիս չար աչքից խուսափում են)։
«Գրախանութներն ասում էին, թե 38-րդ էջի պատճառով չենք կարող վաճառել ժուռնալը»,- ասում է «Առէջի» աշխատակից Ազատուհին։ 38-րդ էջին երկու երիտասարդների՝ 23-ամյա Արեգ Առաքելյանի ու 22-ամյա Արման Մարտիրոսյանի երգերի տեքստերն են, որոնք ներկայացված են որպես պանկ երգեր, եւ որտեղ օգտագործված են ոչ նորմատիվային բառեր։ Արմանն իրեն վատ զգաց, որ իրենց տեքստը արգելք է հանդիսացել «Ինքնագրի» տարածվելուն, իսկ Արեգն ուրախ էր, որ իրենք նման ուշադրության են արժանացել։
Երեւանի ամենամեծ գրախանութը՝ «Բուկինիստը», որ աչքի է ընկնում գրականության բազմազանությամբ, եւ որտեղ հնարավոր է գտնել ռուսական եւ արեւմտյան հեղինակների բաց սեռական նկարագրություններով ու առավել «ոչ նորմատիվային» բառապաշարով տեքստեր, նույնպես մերժել էր «Ինքնագիրը»։ Գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասում է, որ նկատեց 38-րդ էջը եւ հետ տվեց հանդեսը, քանի որ «դա ինչպե՞ս վաճառքի հանես»։ Այն հարցին, թե ինչպես են գրախանութում վաճառվում ռուսերեն ավելի բաց ու ավելի «հարուստ» բառապաշարով գրքեր, նա ծիծաղելով պատասխանեց. «Գուցե 10 տարի հետո նայեմ «Ինքնագիրը», ու ինձ ծիծաղելի թվա, որ անցյալում չեմ ընդունել, չգիտեմ»։
Հայերեն գրավոր խոսքում ազատորեն բառեր օգտագործելու տաբուն սկսեց հաղթահարել միայն «Բնագիրը» եւ նրան հաջորդած «Ինքնագիրը», ու ոչ միայն տարածման արգելքին հանդիպեց, այլեւ բազմաթիվ հարձակումների ենթարկվեց գրական մամուլում։ Իսկ Աբովյան փողոցի գրախանութն այս մթնոլորտի արդյունքում հրաժարվեց վաճառել հանդեսների խմբագիր Վիոլետ Գրիգորյանի՝ դեռ սովետական գրաքննության շրջանում տպված եւ 1991 թվին Գրողների միության ամենամյա մրցանակին արժանացած «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» բանաստեղծությունների գրքի վերատպությունը՝ ասելով, որ անտիպոեզիա իրենք չեն վաճառում։
«Երբ երեք տարի առաջ երկու գրախանութ մերժեցին «Բնագրի» 4-րդ համարը, մտածեցինք՝ նրանց ճաշակի խնդիրն է, բայց այսօր երբ Երեւանի բոլոր գրախանութներն են մերժում, արդեն զգում եմ հասարակական գրաքննության ճնշումը, որ շատ տհաճ է,- ասում է «Ինքնագրի» խմբագիր Վիոլետ Գրիգորյանը,- Սա ցույց է տալիս, որ մեր հասարակությունն ավելի անհանդուրժող է դառնում, որը շատ մտահոգիչ է»։
Այսուհանդերձ, հանդեսը վաճառում են «Artbridge» եւ «Ակումբ» սրճարանների գրքի բաժնում։
«Այս սրճարանները դարձան այն կղզիները, որոնց շնորհիվ մենք մեզ դեռ օտար չենք զգում այս երկրում»,- ասում է Գրիգորյանը։