«Արամը մեռավ, դուք հասկանո՞ւմ եք, Արամի նման էլ երգիչ չունենք»

20/03/2007 Զրուցեց Արմեն ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Երգի այս խոսքերով են սգում սիրված երգիչ Արամ Ասատրյանի վաղաժամ մահը նրա ընկերները, իսկ հարազատները դեռ չեն հավատում։ «Արամ Ասատրյանը բոլորի սրտում կա, բոլորն էլ այդպես են մտածում, որ Արամը կա, չի բացակայում, ուղղակի համերգներով շրջագայում է. այդպես է ապրում Արամ Ասատրյանը մեր մեջ»,- ասում է երգչի կրտսեր որդին` Արտաշ Ասատրյանը: «Արամ Ասատրյանը երգել է շատ փոքր տարիքից, իր խոսքերով ասած` երգել է ճամբարից, դպրոցից, իր ընկերների հետ` տարբեր առիթներին: Մարդու մեջ եթե երգը լինում է, եթե նա ունենում է այդ տաղանդը, ապա ոչինչ չի կարող նրան արգելք հանդիսանալ: Արամ Ասատրյանը սկսել է իր փոքրիկ քաղաքից` Էջմիածնից, ու հասել է աշխարհի ամենահայտնի բեմերը»:

Արամ Ասատրյանի մասին հիշում են Արտաշ Ասատրյանն ու նրա մտերիմ ընկեր, երաժիշտ Լեւոն Աբրահամյանը:

– Ե՞րբ Արամ Ասատրյանը դարձավ ճանաչված երգիչ:

Ա.Ա. – Իր հայտնի, ճանաչված դառնալը սկսվել է 1984-85 թվականներից, իր «Պաղ աղբյուրի մոտ» երգով: Մինչ այդ` ձայնագրություններ եղել են, որոնք իրեն ճանաչում չեն բերել, ժամանակներն էլ այն չէին, ձայնագրությունները կատարվել են հին ժապավենների վրա, այն էլ՝ պետական մակարդակով:

Լ.Ա. – Լավ ստուդիաներ այն ժամանակ չկային, միայն «24 կանալն» էր, իսկ մեզ, որպես չգրանցված երաժիշտների, չէին թույլատրում ձայնագրվել: Բայց մենք ելքը գտանք. տեխնիկան սովորում էինք ամսագրերից, հետո լեզու էինք գտնում ստուդիայի պահակների հետ, գիշերը մտնում էինք ձայնագրության, առավոտյան դուրս էինք գալիս, որպեսզի մարդ չիմանար:

Ա.Ա. – «Պաղ աղբյուրի մոտի» ձայնագրությունից հետո անցավ մոտ 2-3 ամիս, եւ արձագանքները լսվեցին անգամ Ռուսաստանի եւ Ուզբեկստանի հայ համայնքների կողմից: Այն ժամանակ ձայներիզների վրա դեռ նկարներ չկային, եւ մարդիկ ցանկանում էին տեսնել, ծանոթանալ նրա հետ: Կային մարդիկ, ովքեր, օգտվելով առիթից, հանդես էին գալիս Արամ Ասատրյան անվան տակ: Անցնելով այդ բոլոր դժվարությունների ուղին` այսօր Արամի ձայնագրություններն ու տեսահոլովակները չեն զիջում այդ ոլորտում արդեն պրոֆեսիոնալ փորձ ունեցող երկրների երգիչներին:

– Ի՞նչ էր երգում Արամ Ասատրյանը:

Ա.Ա. – Այն ժամանակ դա կոչվում էր «ռաբիս», ես դա «ռաբիս» չեմ համարում: «Ռաբիսն» էլ ունի իր ուղղությունները, բայց հիմա բոլորը մի անվան տակ են հասկանում, հետո «ռաբիս» երգելն էլ ամեն մարդու բան չէ: Ես չեմ հրաժարվում այդ բառից, ուղղակի այն, ինչ երգում է Արամ Ասատրյանը, ավելի շատ փոփ երաժշտություն է: Արամի երգացանկը բավականին հարուստ է, կան երգեր, որ իրենց ստեղծագործություններն են, կան, որ գրքերից են վերցված, ժողովրդից են փոխանցված. Սերգեյ Կարինյան, Կոնստանտին Օրբելյան, Արամայիս Սահակյան, Վիլյամ Վարդանյան, գուսան Սեդրակ:

– Արամ Ասատրյանը երգե՞լ է պարսկական, թարգմանված երգեր:

Լ.Ա. – Արամ Ասատրյանը չի վերցրել պարսկական երգեր ու հայերեն երգել, իսկ այն երգերը, որոնք պարսկերենից են վերցվել, ես լավ ճանաչում եմ` Անդրանիկ Մուրադյանի երգերն են, ով այն ժամանակ Պարսկաստանում էր ապրում եւ ուղղակի գրում էր պարսկերեն: Մենք օգտվում էինք մեր հայ երգահանի երաժշտությունից, վրան դնում էինք Արամի, իմ, Արամայիս Սահակյանի եւ մյուս հայ գրողների խոսքերը: Այն ժամանակ դեռ լրատվական ինստիտուտը լիակատար չէր, չկար ճիշտ քննադատություն, մարդիկ ուղղակի վերցնում ու ասում էին` սա պարսկական է, սա արաբական… հետո հասկացան, որ դա այդպես չէ. սա տարածաշրջանային երաժշտություն է, մենք ապրում ենք այս տարածաշրջանում ու պետք է այս տարածքի երաժշտական նոտաների շրջանակներում պտտվենք:

– Ո՞րն է ճանաչում ձեռք բերելու ասատրյանական գաղտնիքը:

Ա.Ա. – Արամ Ասատրյանի մեջ եռանդը շատ-շատ էր, մինչեւ իր կյանքի վերջին վայրկյանը: Բոլոր ընկերները շատ էին զարմանում, թե որտեղի՞ց է գալիս այդ եռանդը, սերը դեպի երգը: Մարդկանց նյարդերը չեն հերիքում մեկ գործիքավորումը մինչեւ վերջ նայել, թե ո՞նց է նոտա-նոտա հավաքվում ու դառնում մի ամբողջ երաժշտություն, միայն հեշտությամբ լսում են ու գնահատում` լավ կամ վատ: Եռանդ ու աշխատասիրություն, երեւի այդքանը:

– Ժամանակի ընթացքում փոխվե՞լ է Արամի երգը:

Ա.Ա. – Ո՛չ ժամանակաշրջանը, ո՛չ ղեկավարությունը չեն ազդել Արամի երգի վրա, միայն ԽՍՀՄ փլուզման տարիների ընթացքում ամեն ինչ փակ էր` ձայնագրություններ չէին թույլատրվում, տեսահոլովակներ չէին նկարահանվում, կային դժվարություններ: Արամի մեջ այնքան շատ էր երգը, որ նա ունեցավ համարձակություն եւ կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները:

– Շատերը քննադատում են Արամի երգը:

Ա.Ա. – Քննադատե՞լ երգը. ինչո՞ւ: Ես էլ մյուսների երգերը լսում եմ, բայց երբեք չեմ քննադատում, չնայած, որ շատ երգերի ո՛չ բառերն են հասկանալի, ո՛չ էլ միտքը:

Լ.Ա. – Հիմա Հայաստանում չկա երաժշտական էնտերտմենտի ինստիտուտը, մոտակա 15 տարում դեռ չեմ էլ տեսնում, չգիտեմ նույնիսկ՝ դա պե՞տք է Հայաստանին, թե՞ ոչ: Լավ կլիներ, եթե լիներ այդ ինստիտուտը, որը կազմված լիներ ոչ կոնսերվատիվ մարդկանցից, զերծ լիներ թե՛ կողմնապահ մարդկանցից եւ թե՛ կողմնապահությունից` սրան չգցեն՝ նրան բռնեն, լավ տեղյակ լինեն արվեստից, որ գոնե գաղափար ունենան` ինչ են խոսում. իրենց խոսելը նպաստելո՞ւ է, թե՞ օդի մեջ ցրվելու:

– Ի՞նչ է պետք աստղ կոչվելու համար:

Ա.Ա. – Ինձ համար աստղը լավ երգն ու լավ կատարող երգիչն է: Ես ուզում եմ կրկնել հայրիկիս խոսքերը. «աստղերը երկնքում են լինում»: Մեկ տարով կամ մեկ երգով աստղ չեն դառնում: Նա, ով վերեւից է նայում մյուսներին, ես նրանց աստղ չեմ համարում: Ինձ համար աստղը այն երգիչն է, ով կարողանում է ժողովրդի միջից գնալ բեմ, երգել ու նորից վերադառնալ ժողովրդի մեջ, մնալ սիրված: Ինձ համար աստղերը ժողովրդական երգիչներն են:

– Ո՞րն էր Արամ Ասատրյանի Միացյալ Նահանգներ մեկնելու պատճառը:

Ա.Ա. – Արամ Ասատրյանը լավ պայմանագիր կնքեց Միացյալ Նահանգներում` մի քանի տարով. տեղի հայ համայնքի պահանջարկի ուսումնասիրությունների արդյունքում էր դա: Մեր տան դուռն Էջմիածնում երբեք չի փակվել, լույսը միշտ վառ է եղել: Վերջում Արամն արդեն վերադարձել էր Հայաստանում բնակվելու, այսօր էլ ես եմ ապրում Հայաստանում՝ իմ ընտանիքով.

«Հայաստանը մեր տունն է,
Պապերիս հողն ու ջուրն է,
Հայոց ծաղիկների մեծ բույրն է»:

Հայրս երգում էր «բախտը ինձ բերեց Ամերիկա», այսօր նորից բախտը բերել է, բայց արդեն իր Ամերիկայում ծնված թոռնիկները գալու են, Հայաստանում մեծանան: Շատ ծնողներ իրենց բալիկների ձեռքերը բռնած գալու են Հայաստան ապրելու, իրենց բալիկներին մեծացնեն, մեր երկիրը շենացնեն: Մեր երկիրը աշխարհի ամենալավ երկիրն է:

– Ինչո՞վ է զբաղվել Արամ Ասատրյանն ԱՄՆ-ում:

Ա.Ա. – Արամ Ասատրյանը ոչ մի ժամանակ չի զբաղվել ոչ մի ուրիշ գործով` միշտ եղել է երգով, ապրել է երգով, քնել է երգով, արթնացել երգով ու այնքան է սիրել երգը, որ մենք էլ ենք վարակվել այդ երգով: Արամի միակ բիզնեսն արտերկրում, որ այսօր էլ շարունակում են որդիները` «Սթար ռեքորդսն» է:

– Քանի՞ երգիչ կա Ասատրյան ընտանիքում:

Ա.Ա. – Ասատրյան ընտանիքում բոլորը երգիչ են, չեմ կարող հաշվել: Մեր ընտանիքում բոլորն էլ երգում են, բայց ճանաչված են նրանք, ովքեր ձայնագրություններով ու տեսահոլովակներով հանդես են եկել` Արտաշ, Տիգրան:

– Ի՞նչ է սպասվում Արամ Ասատրյանի երկրպագուներին ապագայում:

Ա.Ա. – Արամ Ասատրյանի ձայնը դեռ երկար կհնչի: Մինչեւ 2012 թվականը դեռ կթողարկվեն նոր ձայնասկավառակներ եւ տեսահոլովակներ, որոնք ձայնագրվել ու նկարահանվել են կենդանության օրոք: Նա նաեւ մեծ երաժշտական ժառանգություն է թողել, շուրջ 300 չերգված երգ, որոնք առաջիկա մի քանի տարիների ընթացքում կկատարեն թե՛ որդիները, թե՛ ընկերները, մարդիկ, ում հարազատ կլինեն այդ երգերը: Նոր ձայնասկավառակը, ամբողջությամբ չլսված երգերով, կթողարկվի նոյեմբեր ամսին, Արամ Ասատրյանի մահվան մեկամյա արարողակարգի կապակցությամբ: Բացի այդ՝ լույս է տեսնելու «Արդյո՞ք ինձ չես մոռացել» գիրքը, որը հավաքական աշխատանք է. համահեղինակներ են հայրիկը, ընկերները, մենք: Գրքում Արամի կյանքն է, մանկությունից մինչ մեր օրերը, ստեղծագործությունները:

– Ո՞րն է մարդ մնալու ասատրյանական բանաձեւը:

Ա.Ա. – Մարդ մնալու համար կյանքում չպետք է գոռոզանալ, պետք է մնալ այնպիսին, ինչպիսին եղել ես միշտ: Այս կյանքը փորձություն է, այս փորձության մեջ պետք է մաքուր մնալ, առողջ մտքով, պարզ հոգով: Պետք է սիրես ու գնահատես դիմացինիդ:

«Եղեք բարի, միշտ բարին է գովելի,
Այս աշխարհում Տերը թող տա արժանին»: