«ՆՏՎ» ռուսական ալիքը սկսելու է նոր ռեալիթի-շոու, որը պատմելու է փոփ-երգիչ Դիմա Բիլանի ամենօրյա կյանքի ու աշխատանքի մասին։ Այն կոչվելու է «Live-ը Բիլանի հետ»։ Նկարահանումները միջազգային կլինեն, քանի որ կատարվելու են Կոպենհագենում, Լոնդոնում եւ Մոսկվայում։ Թիվ մեկ ռուս երգչից բացի, շոուում տեղ կգտնեն նաեւ Սթիվի Ուանդերը, Բեոնսե Նուլսը, Մայքլ Ջեքսոնը։ Բիլանի չորս ամսվա կյանքի ականատեսը կարող են դառնալ միլիոնավոր մարդիկ, ռեալիթի-շոուն չափազանց մոդայիկ ժանր է դառնում։ Այդ ժանրը առաջին անգամ փորձարկվեց ռոք-աստղ Օզզի Օզբորնի վրա՝ «Օզբորնների ընտանիքը» շոուում։ Իսկ շուտով նման նախագծում կմասնակցեն նաեւ ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմն ու նրա կինը՝ Վիկտորիան։ «MTV» ալիքով իր կյանքի գլամուրային փակագծերն է բացում Քսենիա Սոբչակը։ Հաշվի առնելով այն փաստը, որ հայկական հեռուստատեսությունները հիանալի ընդօրինակել գիտեն, կարելի է սպասել, որ շուտով իր կյանքը «կմերկացնի», ասենք, «աստղ» Անդրեն։