Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ով պաշտոնից հրաժարվելուց հետո վերականգնեց իր անդամությունը Հայ հեղափոխական դաշնակցությանը, իր ապագա քաղաքական գործունեությունը կապում է բացառապես ՀՅԴ-ի հետ՝ անգամ, եթե կուսակցությունն անցնի ընդդիմադիր դաշտ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Ա. Աղաբեկյանն ասել է, թե ինքը ՀՅԴ-ին տեսնում է եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության մեջ: «Եվ այս առումով ես այդպիսի խնդիր չեմ դրել իմ առջեւ: Անգամ խնդիր չեմ դրել, որ պետք է լինեմ պատգամավոր»,- ասել է նա: Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ են եղել, որ իր հրաժարականը հեռահար նպատակներ է հետապնդում՝ հավակնելով Հայաստանի պաշտպանության նախարարի կամ անգամ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնին, Աղաբեկյանը արձագանքել է. «Դաշնակցությունը, եթե այդքան մեծ նպատակ դնի իր առջեւ, որ ունենա պաշտպանության նախարար, զինվոր Աղաբեկյանը հաճույքով կկատարի այդ պարտականությունը: Եթե Դաշնակցությունը որոշի, որ ես Հայաստանում անելիք չունեմ եւ պետք է նորից վերադառնամ Ղարաբաղ, ապա կարող եմ աշխատել՝ ինչպես գյուղապետ, այնպես էլ՝ ԼՂ նախագահ»: