Հայաստանում ընտրություններ լինել չեն կարող, որովհետեւ Հայաստանում ջարդված է ընտրական համակարգը, ոչնչացված է քաղաքացու ինստիտուտը: Երեկ «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, նախկինում արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Վահան Շիրխանյանը:
«Սրա համար է, որ մարդկանց մի խումբ եւ նաեւ կուսակցություններ հայտարարել են, որ չեն մասնակցելու այս ընտրական ֆարսին, եւ խնդիր են դրել՝ երկրում վերահաստատել քաղաքացու ինստիտուտը»,- հայտարարեց նա: Ըստ նրա, 1990-91թթ. Հայաստանում կայացել էր քաղաքացու ինստիտուտը, սակայն աստիճանաբար այդ ինստիտուտը սկսեց քայքայվել, իսկ 1999-ի հոկտեմբերից հետո այդ քայքայումը շատ ավելի սրընթաց եղավ: Վ. Շիրխանյանն ընդգրկված է եղել «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում, բայց դուրս է եկել: «Մտածում էի, որ կլինի ընդդիմադիր միասնական դաշտ, այդ դեպքում իմաստ կար մասնակցելու, իսկ առանձին կուսակցական ցուցակով, ես գտա, որ անիմաստ է մասնակցելը»,- նշեց նա: Վ. Շիրխանյանի դասակարգմամբ՝ Հայաստանում այսօր ընդդիմադիր դաշտում գոյություն ունի երեք ուղղություն: «Մեկը նրանք են, որ մտել են ընտրապայքարի մեջ (ընդ որում, երկու խմբով՝ ընդդիմադիր ներկայանալով, իրականում իշխանության հետ գործարքի մեջ լինելով), երկրորդն այն խումբն է, որը մտել է ընտրապայքարի մեջ, հույս ունենալով, որ կարող է հասնել հաջողության, այլ ոչ թե մանդատի: Հաջողության՝ երկրի համար, որը մանդատը չէ, այլ երկրում օրինականությունը վերականգնելն է: Երրորդ խումբն այն խումբն է, որը հայտարարել է, թե չի մասնակցելու ընտրություններին՝ համարելով դա ֆարս, եւ այս ընթացքում կազմակերպելու է հասարակական շարժում, վերկուսակցական շարժում: Ես ներկայացնում եմ այդ երրորդ խումբը»,- հայտարարեց Վ. Շիրխանյանը: Քիչ անց նա նաեւ կարծիք հայտնեց, թե առաջիկա երկու ամիսը բոլորին ցույց կտա, թե ով՝ ով է: «Այն մարդիկ, ովքեր միանգամից հայտարարեցին, թե իրենք մենակ են գնում, ես կարող եմ ասել, որ նրանք գործարքի մեջ են»,- նշեց նա: Հիշեցնենք, որ «էն գլխից» ընտրություններին միայնակ՝ առանց դաշինքի գնալու մասին հայտարարել է Արտաշես Գեղամյանի «Ազգային Միաբանությունն» ու Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիրը»: Ավելին՝ Ա. Գեղամյանն արդեն հայտարարել է նաեւ 2008-ին նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին՝ փաստորեն բացառելով այն տարբերակը, որ ինքը կարող է սատարել ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուին, եթե այդ թեկնածուն հենց ինքը չէ (ինչպես եղավ 2003-ին): Ինչեւէ, Վ. Շիրխանյանի խոսքերով՝ երկրորդ խմբի մեջ մարդիկ են, ովքեր ոչ թե մանդատների համար են մտել պայքարի մեջ, այլ մտել են՝ հույս ունենալով, որ կօգտագործեն օրենքի սահմաններում տրված հնարավորությունները, եւ ժողովրդին կկարողանան հանել պայքարի: Նման միավորների շարքում Վ. Շիրխանյանը նշեց «Հանրապետություն», «Ժառանգություն» կուսակցություններին ու «Այլընտրանք» նախաձեռնությանը:
Երեկ Վ. Շիրխանյանի հետ բանավիճում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը: Վերջինիս խոսքերով՝ ԱԺ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը գնալու է քաղաքական այն ուժերի միջեւ, «որը չէր բնութագրի դիմություն-ընդդիմություն պայքար»: «Իմ խորին համոզմամբ՝ պայքարը գնալու է, իհարկե, ոչ դասական առումով, իշխանական համակարգի քաղաքական ուժերի միջեւ: Օրինակ՝ ՀՀԿ-ն իր համար մրցակից է համարում «Բարգավաճ Հայաստանին», ՀՅԴ-ին, ՄԱԿ-ին,- նշեց Ս. Նիկոյանն ու հավելեց,- Այս ԱԺ ընտրությունները տարբերվում են 2003-ի ընտրություններից նաեւ այն առումով, որ նախորդում են նախագահական ընտրություններին, այսինքն՝ գլոբալ իշխանափոխության տարի է: Այդ առումով տրամաբանությունը տարբեր է, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ նրանից՝ իշխանակա՞ն է, թե՞ ոչ, միմյանց մրցակիցներ են»: Ի պատասխան՝ Վ. Շիրխանյանը նշեց. «Եվրամիությունը ողջունում է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագիծը՝ ասում է Անդրկովկասում ԵՄ գլխավոր ներկայացուցիչ Սեմնեբին: Լեւիտինը դժգոհում է, որ գործարանները չեն աշխատում, որովհետեւ Ռուսաստանը պատվերներ չի իջեցրել: Ընդամենը վերջին ամսվա բաներ եմ ասում: «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանի տարածքները՝ Ղարաբաղը եւ յոթ շրջանները»,- ասում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկուցագիրը: «Վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն խորհուրդը տարվա ընթացքում միայն երկու նիստ է արել՝ ոտնահարելով իր կանոնադրությունը»,- ասում է նորից Պետդեպի զեկույցը: Պետդեպն ասում է, որ Հայաստանը նշանակալի երկիր է դարձել կանանց եւ աղջիկների վաճառքի գործում: 27 երկրներից միայն Հայաստանի դիմաց է նշված այդ բառը, մյուսները երկիր են, Հայաստանը՝ նշանակալի»: Նա նշեց նաեւ, թե՝ եթե նայենք Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի վերաբերյալ վիճակագրական տվյալները, «այնտեղ էլ՝ մի ահավոր պատկեր է»: «Հիմա մրցակցում են երեք կուսակցություններ, որոնք 7-8 տարի անընդհատ իշխանություն են ունեցել եւ հիմա էլ մրցակցում են իշխանության համար: Ասում ենք՝ գաղափարախոսություն չկա, կա քաղաքական նպատակահարմարություն: Ո՞րն է քաղաքական նպատակահարմարությունն այստեղ: Ի՞նչը շարունակել, այս գործընթացնե՞րը»,- հարցրեց Վ. Շիրխանյանը: Նրա այս հարցին Ս. Նիկոյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Մենք կարող ենք թվարկել, թե ինչքան շատ վատ բան կա: Ուզո՞ւմ եք՝ ես էլ ավելացնեմ ավելի շատ վատ բաներ: Բայց խնդիրը հետեւյալում է. ի՞նչ անել, որպեսզի ավելի լավը լինի: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի ակտիվ մասնակցությունն ընտրական պրոցեսներին»: Ըստ Նիկոյանի, խնդիրը հետեւյալն է՝ ի՞նչ ենք անում: «Օրինակ ես՝ որպես պատգամավոր, ընտրությունների համար կարողացել եմ վիճելով, մի տեղից պոկելով այնպիսի նորմեր բերել-մտցնել Ընտրական օրենսգրքի մեջ, որն իմ տեսակետով ու շատերի տեսակետով՝ ընտրախախտումները դարձնում է գրեթե անհնար: Ես դա արել եմ: Ես ուզում եմ՝ Դուք ասեք (ա՛յ, թվարկեցիք ամեն ինչը, համաձայն եմ Ձեզ հետ՝ շատ վատ է)՝ ի՞նչ եք անում, բացի վատը նկարագրելուց եւ հայհոյելուց»,- Վ. Շիրխանյանին հարցրեց Ս. Նիկոյանը: Ի պատասխան՝ Վ. Շիրխանյանն էլ նշեց, թե՝ եթե այսքան բացահայտորեն ձախողված են պետական կառավարման բոլոր ուղղությունները՝ Ղարաբաղի հարցը, տնտեսության, քաղաքականության, սոցիալական… բոլոր հարցերը, «բա այդ իշխանության մարդիկ չե՞ն ասում, թե՝ ժողովուրդ, եկեք միասին որոշենք, մենք չենք կարող, դուք եկեք»: «Կամ, ասենք, Վարդան Օսկանյանը տեսնում է, չէ՞. ամբողջ աշխարհն ասում է, թե Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, դուք էլ ագրեսոր եք: Բա մի հատ թուղթ ու գրիչ չունի՞, վերցնի՝ մի հատ հրաժարական գրի: Դա պետք է անել այսօր: Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ իրեն դեմ արեցին այդ պայմանագիրը, եւ իշխանության մեջ հակասությունը սրվեց, թուղթ ու գրիչը վերցրեց, հրաժարական գրեց»,- շարունակեց Վ. Շիրխանյանը, իսկ ՀՀԿ-ական պատգամավորի՝ «Լավ արե՞ց» հարցին էլ պատասխանեց. «Որպես բարոյական մարդ՝ ինքը ճիշտ վարվեց»: