ԱՄՆ Կոնգրեսում Ինդիանայի ներկայացուցիչ, Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Դեն Բարտոնը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, Կոնգրեսին կոչ է արել «Խոջալուի ողբերգությունը» ճանաչել որպես ցեղասպանություն: «Մինչեւ 1992 թվականի փետրվարը Խոջալուն փոքրիկ քաղաք էր Ադրբեջանում: Այսօր այն գոյություն չունի: «Խոջալու» բառը բոլոր ադրբեջանցիների եւ տարածաշրջանի բնակչության համար վշտի եւ դաժանության խորհրդանիշ է դարձել: 1992 թվականի փետրվարի 26-ին հայկական զորամիավորումները, ռուսական գնդի աջակցությամբ, ոչ միայն զավթեցին այդ քաղաքը, այլ նաեւ ամբողջովին ավերեցին»,- ասել է կոնգրեսականը: Նա գոհունակություն է հայտնել, որ ԵԽ ԽՎ-ն իր վերջին բանաձեւերից մեկում ընդունել է, որ Ադրբեջանի տարածքի մի մասը բռնազավթված է հայկական զինված ուժերի կողմից:
Այս առնչությամբ դիմեցինք զինվորական պատմաբան, «Ղարաբաղյան պատերազմ» մենագրության հեղինակ Սենոր Հասրաթյանին: Նա նշեց, որ 1992-ի փետրվարին Խոջալուի ռազմական հենակետի վերացման շուրջ ծավալված ադրբեջանական քարոզչությունը զուրկ է որեւէ հիմքից եւ նպատակ ունի իրականությունը խեղաթյուրելու ճանապարհով միջազգային շրջաններում ստեղծել հակահայկական տրամադրություններ:
«Նախքան այդ մասին խոսելը մենք տվյալ քարոզչության հեղինակներին խորհուրդ կտայինք հիշել Սումգայիթի, Բաքվի, Հյուսիսային Արցախի, Հադրութի շրջանի եւ Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերի բռնի տեղահանման փաստերը, որոնց արդյունքում տասնյակ անմեղ մարդիկ դաժանաբար սպանվեցին, հարյուրավորներին քշեցին ադրբեջանական բանտեր, հազարավոր հայ քաղաքացիներ թողեցին իրենց իսկ քրտինքով ստեղծած տներն ու օջախները»,- ասել է Ս. Հասրաթյանը:
Իսկ ինչ վերաբերում է Խոջալուի դեպքերին, ապա պետք է արձանագրենք հետեւյալը: Ինչպես նշված բնակավայրը, այնպես էլ Ստեփանակերտին հարակից մի շարք ադրբեջանական գյուղեր, դեռեւս սկսած 1988-ի փետրվար-մարտ ամիսներից, Բաքվի կողմից վերածվեցին ռազմական բազաների, որտեղ ամիսներ շարունակ ներկրվում էին մեծաքանակ ռազմական տեխնիկա, զինամթերք եւ օմոնականների անվան տակ՝ հազարների հասնող կենդանի ուժ: Հենց այդ ուժերի շնորհիվ Բաքվին հաջողվեց գրավել Ստեփանակերտի օդանավակայանն ու մշտական հրետակոծության տակ պահել Արցախի մայրաքաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը. պարզաբանում է զինվորական պատմաբանը:
«Հաշվի առնելով այս հանգամանքը` Արցախի ինքնապաշտպանության շտաբը խնդիր դրեց վերացնել Խոջալուի ռազմական հենակետը, որը Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը հրետակոծության տակ պահելուց զատ, միաժամանակ փակել էր Ասկերանը մայրաքաղաքի հետ կապող մայրուղին: Նախքան ռազմագործողություն սկսելը ղարաբաղյան հրամանատարությունը, ինչպես գյուղում գտնվող ադրբեջանական զինյալներին, այնպես էլ` փոքրաթիվ խաղաղ բնակչությանն առաջարկեց առանց մարտի թողնել Խոջալուն եւ նախօրոք ստեղծված անվտանգ միջանցքով հանգրվանել Աղդամ քաղաքի տարածքում: Արդյունքում, ոչ միայն չընդունվեց հայկական կողմի առաջարկությունը, այլեւ Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինյալները, որոնք այդ ընթացքում դրության հիմնական տերն էին, ահաբեկելով տեղի խաղաղ բնակչությանը, մահապատժով սպառնացին բոլոր նրանց, անկախ սեռից, տարիքից, ովքեր կփորձեն լքել բնակավայրը»,- ընդգծել է Ս. Հասրաթյանը:
Անդրադառնալով այն օրերի դեպքերին, նա փաստեց, որ փետրվարի 26-ին, պահպանելով Խոջալուից Աղդամ՝ Կառկառ գետի հունով անցնող միջանցքի անվտանգությունը, Արցախի ինքնապաշտպանության ուժերը Ստեփանակերտի օդանավակայանի կողմից նախազգուշական հարված հասցրին գյուղի ուղղությամբ: Խոջալուի «պաշտպանները» փախուստի դիմեցին ավելի վաղ, քան խաղաղ բնակչությունը: Վերջիններիս անվտանգ տեղահանումն ապահովելու նպատակով տրամադրվեց միջանցք: Սակայն Աղդամի մատույցներում խաղաղ բնակչության հետ տեղի ունեցավ այն, ինչը հնարավոր չէր նկարագրել: Պարտությունից զայրացած ժողովրդական ճակատի զինյալները, որոնք իշխող վարչակարգի երդվյալ ընդդիմադիրներն էին, զենք բարձրացրին սեփական ժողովրդի վրա, դրանով իսկ նպատակ ունենալով ապացուցել նախագահ Ա. Մութալիբովի անկարողությունը: Դրանում համոզվելու համար կարող ենք ընթերցել Ադրբեջանի նախկին նախագահի տված հարցազրույցը զանգվածային լրատվամիջոցներին:
«Այս ամենից կատարվելիք հետեւությունը թերեւս մեկն է. եթե Բաքուն ձգտում է Խոջալուի դեպքերն աշխարհի հանրությանը ներկայացնել որպես ցեղասպանություն, ապա դրա հեղինակներին պետք է փնտրի ոչ այլուր, քան իր մեջ: Դա քաղաքական հատուկ բեմագիր էր, որով տապալվեց Ա. Մութալիբովի վարչակարգը, եւ ընդամենը որոշ ժամանակ անց իշխանության եկավ ԱԺՃ-ն՝ հանձին Ա. Էլչիբեյի»,- ընդգծել է Ս. Հասրաթյանը: