Ողջամիտ ժամկետում

16/03/2007

Մարտի 13-ին մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի փաստաբանների կարծիքն այն մասին, թե Ա. Բաբաջանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը թվագրվել է հետին թվով: Վճռաբեկ դատարանի հաղորդագրության համաձայն, նման հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը՝ հետեւյալ հիմնավորմամբ. «Հ. Ալումյանի բողոքը վերադարձնելու մասին որոշումը ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական պալատը կայացրել է 2007թ. փետրվարի 26-ին՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված դատավարական բոլոր ժամկետները: Մասնավորապես, օրենսդրությամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար նախատեսված է 10-օրյա ժամկետ, որի սկիզբը պետք է դիտել ոչ թե վճռաբեկ բողոքը դատարանի գրասենյակ մուտք անելու ամսաթիվը (այսինքն՝ հունվարի 22-ը), այլ այն պահը, երբ նշված բողոքը քրեական գործի հետ միասին (հակառակ պարագայում անհնար է առանց քրեական գործի նյութերի լուծել վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը) հանձնվում է Քրեական պալատի զեկուցող դատավորին»: Ինչ վերաբերում է Ա. Բաբաջանյանի փաստաբանների այն պնդմանը, թե փետրվարի 26-ին կայացված որոշումն իրենք ստացել են մարտի 11-ին, ապա հաղորդագրությունում նշված է, որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի՝ «Վճռաբեկ դատարանի որոշումները բողոք բերած անձանց ուղարկվում են ոչ թե անմիջապես, ինչպես ակնկալել են Ա.Բաբաջանյանի փաստաբանները, այլ ողջամիտ ժամկետում, ինչը եւ տվյալ պարագայում իրականացվել է»: