Եթե ԱՄՆ Կոնգրեսը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները որակի «ցեղասպանություն», դա վնաս կհասցնի Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին եւ կերաշխավորի Հայաստանի շրջափակման պահպանումը Թուրքիայի կողմից: Ըստ «Ռոյթերսի», նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մեհմեդ Դյուլգերը: Թուրք խորհրդարանականը, վստահեցնելով, թե ցեղասպանության բանաձեւի ընդունումն Անկարային կդրդի շարունակել Հայաստանի շրջափակումը, հավելել է. «Կովկասյան տարածաշրջանի տնտեսությունը զարթոնք է ապրում, իսկ հայերը խաղից դուրս են մնում»: Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանն արդեն իսկ շրջանցում են Թուրքիան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ կապող նավթամուղը, գազամուղը եւ կառուցվելիք երկաթուղին: Կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ներկայացնող խորհրդարանականի խոսքերով՝ Թուրքիան դեռ չի որոշել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու՝ «պատժելու» ԱՄՆ-ին ցեղասպանության բանաձեւն ընդունելու համար: Որպես հնարավոր քայլերից մեկը՝ նա նշել է ԱՄՆ-ի կողմից Ինջիրլիքի ռազմակայանի օգտագործումը սահմանափակելու որոշումը: Դյուլգերը նաեւ կարծիք է հայտնել, թե բանաձեւի ընդունումը կբորբոքի հակաամերիկյան տրամադրությունները Թուրքիայում եւ այս տարի երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կբարձրացնի ծայրահեղ ազգայնականների վարկանիշը: Մ. Դյուլգերը կարծիք է հայտնել, որ բանաձեւը կընդունվի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Նենսի Փելոսիի աջակցության շնորհիվ: