Իսկ դուք պատվիրե՞լ եք ձեր գովազդը

16/03/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Քաղաքական կուսակցությունների դժգոհությունները, թե քաղաքական մեկ-երկու գովազդային վահանակ պատվիրելով՝ կսպառվի իրենց նախընտրական ֆոնդը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում:

Նշենք, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուն իրավունք ունի ծախuել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը չգերազանցող գումար, այսինքն` 5 մլն դրամ, իuկ կուuակցությունը` նվազագույն աշխատավարձի 60.000-ապատիկը չգերազանցող գումար` 60 մլն դրամ: Իսկ այս գումարներով, հաստատ, ոչ թե մեկ կամ երկու, այլ բազմաթիվ պաստառներ կարելի է ունենալ: Օրինակ, 60 մլն դրամով հնարավոր է ձեռք բերել 1034 գովազդային պաստառ: Եվ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետության 41 ընտրատարածք կա, ապա կարելի է բավարարվել նաեւ ամեն ընտրատարածքում առավելագույնը երկուական պաստառով` յուրաքանչյուր կուսակցությունը: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ում ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 28 քաղաքական ուժ:

Քաղաքական ուժերի վերոնշյալ բողոքներից հետո շատերն էին հետաքրքրվում, թե ի՞նչ արժե մեկ գովազդային վահանակը: Եվ միանգամից սկսում էին մոտավոր հաշվարկով պատկերացնել, թե, օրինակ, Միացյալ աշխատանքային կուսակցությունը` ՄԱԿ-ը, քանի միլիոն էր ծախսել Սահմանադրական հանրաքվեի համար Երիտասարդական նախկին պալատի շենքը ծածկող «Այո» քարոզող իր պաստառի վրա (24/27 մետր):

Քաղաքական ուժերին «լուսավորելու» համար որոշեցինք հետաքրքրվել, թե ինչ արժեն գովազդային վահանակները, որոնցով այսօր Երեւանը հեղեղված է: «Բիզնես սթայլ» տպագրական ընկերությունը, որի տպագրական սարքավորումներն իրենց որակով ու արագագործությամբ ամբողջ Մերձավոր Արեւելքում միակն են (1 ժամում տպագրում է մինչեւ 150 քառ. մետր), գովազդային, նաեւ քաղաքական վահանակներ տպագրող հիմնական ընկերություններից է: Օրինակ, «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցություններն իրենց գովազդային վահանակները պատվիրում են հենց «Բիզնես սթայլում», որովհետեւ, ըստ նրանց, այն նախ՝ ապահովում է իրենց համար նախընտրելի որակը, իսկ հետո՝ շատ արագ է տեւում տպագրման ողջ գործընթացը: Մի խոսքով` ավելորդ ժամանակ չեն վատնում դրա վրա:

«Բիզնես սթայլի» տնօրեն Ալեքսանդր Հովսեփյանի հավաստմամբ, իրենց մոտ տարբեր որակի եւ տարբեր գների թղթեր կան: Օրինակ, գովազդային մեկ (3/6 մետրի վրա) վահանակը, որի համար պահանջվում է որակյալ` պոլիմերային թաղանթով թուղթ, «Բիզնես սթայլում» տպագրելն արժե 57. 600 դրամ` 1 քառ. մետրն արժե 3200 դրամ: Իսկ այն թեկնածուները կամ քաղաքական ուժերը, ովքեր բյուջեի սահմանափակում ունեն, կարող են պատվիրել այլ որակի պաստառներ, որոնք նախատեսված են փողոցների պատերին, խանութների ապակիներին փակցնելու համար: Այդ թղթի 1 քառ. մետրի արժեքը սկսվում է 1400 դրամից: Քարոզչություն իրականացնելու համար կարելի է օգտվել նաեւ այլ էժան տարբերակներից: Շատերն, օրինակ, պատվիրում են, այսպես կոչված, «City» ֆորմատ վահանակներ (1. 20/1.80մ.): Դրանք լուսային էֆեկտով փոքր վահանակներն են:

Ընդդիմադիր քաղաքական ուժերի մտահոգություններից մեկն էլ այն է, որ տպագրական ընկերություններն իրենց նախընտրական գովազդային վահանակների պատվերներից հրաժարվելու համար տարբեր պատճառներ կարող են բերել, օրինակ, որ այնքան շատ պատվեր ունեն, որ այլեւս չեն կարող իրենց պատվերներն ընդունել եւ այլն: «Բիզնես սթայլի» տնօրեն Ալեքսանդր Հովսեփյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ իրենց սարքավորումների հնարավորություններն այնքան մեծ են, որ իրենց մոտ նման խնդիրներ չեն առաջանա: «Մեկ ժամում մեր ընկերությունը կարող է տպել 10 պաստառ»,- վստահեցրեց նա:

Իսկ եթե որեւէ քաղաքական ուժ որոշի, որ իր գովազդային պաստառի վրա պետք է գրվի շատերի համար ոչ հաճելի բովանդակություն պարունակող տեքստ, հնարավո՞ր է` տպագրող ընկերությունը մերժի նրանց պատվերը: Մեր այս հարցին ի պատասխան, «Բիզնես սթայլի» տնօրեն Ալեքսանդր Հովսեփյանն ասաց. «Մենք գործում ենք օրենքի շրջանակներում, որը թույլ չի տալիս զրպարտություն, հերյուրանք կամ վիրավորանք: Եթե օրենքի այս պահանջն ապահովվում է պատվիրատուի կողմից, բնականաբար, մենք այն չենք մերժում: Համենայնդեպս, մինչ օրս մեզ մոտ նման դեպքեր չեն գրանցվել»: Նույնը վերաբերում է նաեւ լուսանկարներին: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ է լինում այն պատվերի հետ, եթե ինչ-որ մեկը որոշում է, որ իր գովազդային պաստառի վրա պետք է լինի հանրապետության նախագահի լուսանկարը: «Դրա համար նա անպայման պետք է ունենա համապատասխան թույլտվություն: Այսինքն` պետք է համաձայնություն ձեռք բերի Հանրապետության նախագահից»,- ասաց Ա. Հովսեփյանը: