«Դատարանի նախագահը կաշառել է»

10/05/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Ես ցմահ նշանակված դատավոր եմ, ինձ հետ դու այդպես մի փորձիր հարցեր լուծել: Կոնկրետ ես եմ այդ տարածքի տերը, բայց ուրիշի անունով է»: Այսպես է պատասխանել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանի՝ «կոնկրետ քեզ հե՞տ գործ ունեմ, թե՞ ուրիշի» հարցին, որով նա փորձել է պարզել, թե իրականում ով է ցանկանում իր տան դիմաց փոքրիկ այգու ծառերն արմատախիլ անել ու փոխարենը հասարակական սննդի օբյեկտ կառուցել:

Երկուշաբթի առավոտյան Կոմիտաս պողոտայի թիվ 16 շենքին հարող հատվածը պաշարված էր շուրջ հիսուն ոստիկաններով: Դրանից հետո այդ տարածք բերվեցին 1 «բուլդոզեր», երկու «Կամազ» մեքենաներ ու 10 բանվորներ, որոնք ոստիկանների հսկողությամբ սկսեցին քանդել մայթին հարող կանաչապատ տարածքը՝ արմատախիլ անելով հաստաբուն ծառերը: Ներկա էին նաեւ մեկ մայոր եւ երկու կապիտան: Երբ հարցրինք, թե ինչո՞ւ են եկել, ինչ-որ միջադե՞պ է եղել, ասացին՝ իսկ դուք ինչի՞ եք եկել: Իսկ հետո, թե՝ ահազանգ է եղել, իրենք էլ եկել են: Սակայն, մինչ քանդող մեքենաների ժամանումը, այդ հատվածում որեւէ դեպք չէր եղել, ու քիչ հետո նրանք ասացին, որ իրենք իրենց գործն են անում, ասել են՝ գնացեք, իրենք էլ հրամանն ընդունել են: «Ո՞ւմ դատի տամ, դատարանի նախագահի՞ն, որ ինքը լուծի՞ հարցը: Ինքն է առել այս տարածքը: Էս երկրում, եթե դատելու մարդ կա՝ նախագահի աթոռը գողացած մեկն է, որը բոլորին այսպես փչացրել է ու էս երկիրը դարձրել է միայն ուտել-ավերելու տեղ»,- հայտարարեց Արամազդ Զաքարյանը՝ արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ չի դիմում համապատասխան մարմիններին, որպեսզի կանխեն այն:

Ա. Զաքարյանը մեզ ներկայացրեց մի շարք փաստաթղթեր, այդ թվում` քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության 20.08.2003թ. N18-09/4437 որոշումը, որի համաձայն, այն ժամանակվա վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Քոչարյանը մերժել էր Ա. Զաքարյանին` հիշյալ տարածքը կանաչապատման եւ բարեկարգման նպատակով իրեն հանձնելու դիմումը՝ պատճառաբանելով, թե այն հանդիսանում է «բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածք, որը որեւէ մեկին տրամադրման ենթակա չէ»: Իսկ մինչ այդ Ա. Զաքարյանը դիմել էր նաեւ Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանին՝ խնդրելով այդ տարածքը տրամադրել իրեն՝ կանաչապատելու եւ խեցեգործական իրերի փոքրիկ տաղավար կառուցելու համար, եւ թաղապետը գրություն էր ներկայացրել գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին՝ պնդելով, թե ինքը որեւէ առարկություն չունի այդ առաջարկի վերաբերյալ:

«Մեր շենքի շուրջը, դիմացը սրճարաններ են, ամբողջ այս հատվածը հասարակական սննդի օբյեկտներ են ու ամեն օր՝ գիշեր-ցերեկ այստեղ կռիվներ են լինում: Մարդիկ հարբում են, դուրս են գալիս ու սկսում են մեր բակում կռիվներ անել,- պատմում է Ա. Զաքարյանը։ -Ինձ գրավոր պատասխանում են, թե այդ տարածքն աճուրդի ենթակա չէ, բայց գաղտագողի աճուրդ են անում ու տալիս են Վարդան Աբրահամյանին: Կառավարության որոշման համաձայն՝ շենքերին հարակից տարածքներն այլ նպատակով օտարելու համար նախապատվությունը տրվում է շենքի բնակիչներին, առավելապես` առաջին հարկի բնակիչներին: Դիմեցի քաղաքապետարանի Հողերի օտարման եւ աճուրդի ներկայացվող հողերի հանձնաժողով, այնտեղ ինձ բանավոր պատասխանեցին, որ այդ տարածքը որեւէ մեկին չի տրամադրվում եւ աճուրդի ենթակա չէ, եւ դրա ճակատագիրը միայն քաղաքապետը կարող է որոշել: Քաղաքապետին դիմումներ ներկայացրի եւ ստացա նույն պատասխանը, որ դա որեւէ մեկին տրամադրելու ենթակա տարածք չէ եւ կանաչ գոտի է, որը պետք է այդպես պահպանվի: Բայց որոշ ժամանակ անց պարզեցի, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանն իր քրոջ անունով այդ տարածքն արդեն գնել է,- ասաց Ա. Զաքարյանը՝ հավելելով,- ում դիմում եմ՝ ասում են՝ լավ ենք արել, մենք պարտավոր չենք ձեզ պատասխանել»:

Ոստիկաններից շատերն այդ օրը տեղակայված էին կողքի փակ տարածքում, որն, ըստ Ա. Զաքարյանի, նույնպես պատկանում է Վ. Աբրահամյանին, որը նա պետք է ռեստորան դարձնի: Զաքարյանը նշեց, որ ամիսներ առաջ ինքը հանդիպել է դատարանի նախագահ Վ. Աբրահամյանին. «Ասել եմ՝ այս հատվածում դու առնվազն 6-7 օբյեկտ ունես՝ ավտոլվացման կետ, բենզալցակայան, դեղատուն, սուպերմարքետ, խանութներ, հերի՛ք է, բավարարվի դրանով: Ասացի՝ այս երկիրը խլոցիներով առաջ չեք տանելու, կոռուպցիայից եք խոսում, դու էլ օրենքի պաշտպան մարդ ես, իմացիր, որ այդտեղ բնակիչների հանգիստը պիտի խանգարես, մի մտիր այդ տարածք: Ինքն ինձ ասաց, թե օրինական աճուրդով է վերցրել տարածքը: Խնդրեցի, որ նա բացատրի, թե ինչպես են աճուրդ արել, ինձ չեն տվել, իրեն են տվել: Ասաց՝ դա իմ պրոբլեմը չէ, քաղաքապետարանից իմացի, թե ինչի են ինձ տվել»: Ա. Զաքարյանը նաեւ հետեւյալն ասաց. «Խոսակցություններ էլ եմ լսել, որ ինքը 50.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել անձամբ Երվանդ Զախարյանին ու ասել է՝ անելու եմ, տեսնե՛մ՝ ո՞վ է իմ դեմը փակում»:

Իմանալով, որ տարածքը վաճառել են Վ. Աբրահամյանին, Ա. Զաքարյանը նորից դիմել է թաղապետ Լ. Հարությունյանին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի այգին չոչնչացնելու համար. «Նա ինձ բանավոր ասաց, որ կանխելն իր ուժերից վեր է: Երվանդ Զախարյանն էլ է ինձ երկու-երեք անգամ ասել՝ դու շատ ճիշտ ես, այդ մասում որեւէ օբյեկտ չի կարելի կառուցել, տեսել եմ այդ տարածքը: Էս է պատկերը: Ես էլ ո՞ւմ դիմեմ, երբ Աբրահամյանն ասել է՝ սարքելու եմ ու տեսնեմ, թե ով է կանգնելու իմ դեմը: Կոմիտասում շրջեք ու տեսեք՝ որեւէ տեղ կանաչ գոտի մնացե՞լ է: Ամբողջն ավերել են, հիմա էլ սա են ուզում խլել»: Իսկապես՝ Կոմիտասում այսօր շատ դժվար է ոչ միայն կանաչ, այլեւ ազատ գոտի տեսնել, շատ հատվածներում դեռ ոտքդ մեքենայից դուրս չդրած` հայտնվում ես ինչ-որ խանութում, սրճարանում կամ այլ վայրում:

Ա. Զաքարյանի 23-ամյա տղային արդեն տեղափոխել էին հիվանդանոց, քանի որ նա համարձակվել էր «պրարաբին» հարցնել, թե ինչո՞ւ են իրենց տնկած ծառերը ջարդում: «Պրարաբն ասաց՝ տո լա՛վ եմ անում, աչքդ էլ հանում եմ: Տղայիս խփեցին, ընկավ ոտքը վնասվեց՝ տարան հիվանդանոց: Իրենք ուզում էին, որ մեր կողմից որեւէ ոտնձգություն լիներ, որպեսզի ձերբակալեին: Ի՞նչ ասեմ»,- ասաց նա:

Դատարանի նախագահ Վ. Աբրահամյանի հետ խոսել չհաջողվեց, անընդհատ տեղում չէր: