Այս տարի քրիստոնյաների ամենամեծ տոնը` Սուրբ Հարության տոնը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Զատկի տոնը նշվելու է ապրիլի 8-ին: Եվ հենց այդ օրը պաշտոնապես կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Ու թեեւ ոչ պաշտոնապես, իշխանական ուժերի համար քարոզարշավը վաղուց արդեն սկսվել է (ինչպես հայտնի է՝ Հայաստանում այս օրենքը գործում է միայն ընդդիմադիր կուսակցությունների համար), այնուամենայնիվ, պաշտոնապես քարոզարշավը մեկնարկելու է հայերի համար ամենասուրբ օրը: Ի դեպ, նույն՝ ԱԺ ընտրությունների օրը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կկայանա «Եվրատեսիլ-2007» երգի մրցույթը, որն, ինչպես գիտեք, մեծ հաշվով՝ ընդամենը շոու է: Միգուցե այս ամենը պատահականությո՞ւն է: Փաստը մնում է փաստ, որ մեր ընտրությունները կսկսվեն սուրբ տոնակատարությամբ եւ կավարտվեն շոուով:
Հիմա փորձենք հասկանալ, թե մոտ մեկ ամիս ի՞նչ շոու են ցուցադրելու մեր քաղաքական գործիչները եւ նրանց արբանյակները` լրատվամիջոցները, PR-շչիկները, թիմակիցները, ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները եւ տարատեսակ անկախ եւ կախյալ դիտորդները: Ի դեպ, շոուի առաջին մասն ավարտվեց, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց կուսակցական ցուցակներն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների անունները: Ինչ վերաբերում է Մարլեզոնյան բալետի երկրորդ եւ երրորդ մասերին` քարոզարշավին եւ բուն ընտրությանը, ապա, հաշվի առնելով գործող անձանց, կարելի է ենթադրել, որ բավականին հետաքրքիր տեսարանների ենք ականատես լինելու: «Քոմեդի քլաբից» մինչեւ Դուբայի հանրախանութների սիրահարներ, օթյակներից մինչեւ բիզնես-քվոտա ստացած «թեյ խմող» ընդդիմադիրներ, 370 հազարանոց կուսակցություններից մինչեւ 7 հոգանոց, բայց 120 հազար դոլարանոց ցուցակներ, քաղաքական ադամանդներից մինչեւ մարքսիստական քարկտիկի քարեր: Այս ամենն այդքան «դիլխոր» չէր լինի, եթե վերոնշյալ բոլոր դեմքերը երեսուն օր չփորձեին րոպեն 80.000 դրամով «սուրբ ձեւանալ»:
Շատ հետաքրքիր է լինելու իշխանական կուսակցությունների «կռուտիտը»: Օրինակ, ՀՅԴ-ն, որը հայտարարել է, որ կարող է նաեւ ընդդիմություն դառնալ, քննադատելու է ամեն ինչ, բացի կրթության, գյուղատնտեսության, առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտներից: Նրանց համոզմամբ՝ Հայաստանի այս հատվածներում արդեն դրախտային վիճակ է: Շատ դժվար իրավիճակ է ՄԱԿ-ի համար: Չգիտի՝ 5%-ը թողնում են անցնի՞, թե՞ ոչ, որ ըստ այդմ էլ ընդդիմություն կամ իշխանություն խաղա: ՀՀԿ-ն նեղացած երեխա է խաղալու, որը խաղալիքների մի մասը ստիպված է զիջել «Բարգավաճ Հայաստանին», որին անսպասելի բերեցին իրենց մանկապարտեզ: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա նրանք, արդեն մի քանի ամիս է, «սուրբ» են խաղում եւ ժողովրդին «մանանա» են բաժանում: Այլ հարց է, թե այսօր «մանանա» ասելով՝ հայերն ինչ են հասկանում: «Շուխուռչի», բայց շատ զգուշավոր Արտաշես Մամիկոնովիչը մի քանի օրվա մեջ դարձավ «շռնդալից» ընդդիմություն: Այստեղ երկու տարբերակ կա` կամ նա առյուծի սիրտ է կերել, կամ իմացել է, որ բացի իրենից, 300 հազարանոց լիդերներ էլի կան, ու հիմա իրեն ավելի վստահ է զգում: Չէ՞ որ «ընկերովի մահը հարսանիք է»: Ես կասեի, որ այս տարի, բացի Գեղամյանից, եւս մի քանի ընդդիմադիր «սրբերի» շարքը դասվեցին: Եվ հետո այս անգամ փողը ներսում է, Մոսկվայից չի գալիս եւ տեղ չհասնելու խնդիր չկա:
Կարելի է ենթադրել, որ երբ «Օրինաց երկրից» մի քանի ադամանդ տեղափոխվեց «Ժողովրդական կուսակցություն», «Օրինաց երկրում» մնաց օբսիդիանը, կամ, ինչպես հայերն են ասում՝ «սատանի եղունգը»: Ինչպես հայտնի է՝ սատանան միշտ սուրբ է ձեւանում: Եվ եթե մի երկու անգամ ընդդիմադիր խաղալու կամ ավանդները վերադարձնելու նման «մոպսիկություններն» անցել են, ապա դժվար թե այս անգամ անցնի: Երիտասարդական կուսակցությունն՝ ի դեմս Տիգրան Ուրիխանյանի, ձեռք է բերել լուրջ մրցակից: Այստեղ ողջ պայքարն ընթանալու է ո՞վ է ավելի երիտասարդ, ո՞վ է ավելի «գժական», ո՞վ է ավելի մոտ իշխանությանը եւ ո՞վ` ավելի նման Ժիրինովսկուն՝ տրամաբանությունների մեջ: Ըստ կուսակցությունների անվանումների կարելի է ենթադրել, որ լիբերալ թեւը չմիավորվեց, որովհետեւ առաջադիմականները երեւի գտնում են, որ ՀՀՇ-ն «հետադիմական է», որովհետեւ չէր ուզում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այստեղ, իհարկե, ոչ ոք սուրբ չի ձեւանում, այստեղ բոլորը «ժողովրդավար» են ձեւանում:
Իսկ ես շարունակում եմ մնալ լավատես, որովհետեւ ոչինչ չեմ ձեւանում, գիտեմ, որ կատարյալ է միայն Աստված, եւ վստահ եմ, որ անգամ քաղաքական այս խավարից հայերը դուրս կգան պատվով: Եթե ոչ՝ մայիսի 12-ին, ապա՝ գոնե 2008-ին: Այնպես որ, մնանք ԿԸՀ-ի ավետիսին սպասող: