Թե ինչպիսին կլինեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այլեւս էական չէ։ Այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց միավորվել եւ դրանով իսկ փաստեց, որ առանձնապես դեմ չի լինի, եթե 2003-2007 թվականների իրավիճակը կրկնվի, առաջիկա ընտրությունների նշանակությունը Հայաստանի համար կտրուկ նվազեց։ Իհարկե, ընդդիմադիր ուժերի ղեկավարները մեկ-մեկ նշում են, որ դեռ ժամանակ կա, դեռ ամեն ինչ կորած չէ, ընդդիմության միավորումը դեռ հնարավոր է, բայց, մեր մեջ ասած, որեւէ մեկն այլեւս լուրջ չի ընդունում այդ լավատեսությունը։
Փաստորեն, բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե ինչ արդյունքներ կհրապարակվեն մայիսի 13-ին։ Ի՞նչ տարբերություն՝ առաջին տեղը ՀՀԿ-ն կզբաղեցնի՞, թե՞ «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն 6 տոկո՞ս կստանա, թե՞ 12, «ուժեղ ընդդիմադիրներից» քանի՞սը կհաղթահարեն 5 տոկոսը, եւ ինչպե՞ս պիտի որոշվեն «5 տոկոս հաղթահարածները»՝ գիր-ղուշ գցելո՞վ, թե՞ ազնիվ մրցակցության պայմաններում։ Մի խոսքով՝ կոնկրետ թվերը, ֆուտբոլային մեկնաբանի խոսքերով ասած, կհետաքրքրեն միայն վիճակագրության սիրահարներին։ Իսկ էականն այն է, որ առաջիկա խորհրդարանը բացարձակապես չի տարբերվելու այս խորհրդարանից։ Այսինքն՝ պետության ապագայի տեսանկյունից այս ընտրություններն այնքան էլ կարեւոր իրադարձություն չեն։ Պետության ապագայի տեսանկյունից կարեւոր է միայն մի հարց. իշխանությունները կկարողանա՞ն առանց կոպիտ մեթոդների (լցոնումներ, կրակոցներ, փշալարեր, ներքին զորքեր եւ այլն) «անցնել» այս ընտրությունները, թե՞ ոչ։
Իշխանություններն, իհարկե, նույնպես հասկանում են, որ կարեւորագույն խնդիրը հենց սա է։ Դրա համար էլ ամեն առիթով հայտարարում են, որ այս անգամ ամեն ինչ անելու են՝ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու համար։ Ընդ որում, հեչ չի բացառվում, որ իշխանության ներկայացուցիչներից շատերն իրենք իրենց ասածներին հավատում են։ Ավելին. նրանք անկեղծորեն ցանկանում են «չիստի» ընտրություններ անցկացնել, եւ արել են ամեն ինչ, որպեսզի դա հնարավոր լինի։ Նախօրոք խստագույն վերահսկողության տակ են առել հեռուստաեթերը, ամեն կերպ (եւ մեծ հաջողությամբ) խափանել են ընդդիմության միավորումը, իսկ մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է։ Մնում է պարզապես ընտրությունների օրը մարդկանց տանել տեղամասերը, հանգիստ-տոնական մթնոլորտում քվեարկություն կազմակերպել ու վստահ լինել, որ մնացած ամեն ինչը հանձնաժողովները կանեն։ Կարեւորը՝ որ ընտրությունների հաջորդ օրը (արդյունքները հրապարակելուց հետո) ընդդիմությունը մարդկանց դուրս չբերի փողոց։ Կամ, եթե դուրս էլ բերի, փշալարերի ու ջրցան մեքենաների կարիք չլինի։
Մի խոսքով, տպավորությունն այնպիսին է, թե իշխանություններն այս անգամ որոշել են ընտրությունները կեղծել նախօրոք եւ «օրենքի շրջանակներում»։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մասնավորապես, օրենքը չի արգելում ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ թաքուն բանակցություններ վարել եւ խոստանալ, ասենք, չմիավորվելու դեպքում 5 տոկոս ապահովել։ Շատերը դա չեն էլ թաքցնում, ասում են՝ «լավ ենք արել, որ պառակտել ենք, թող չպառակտվեին»։ Կամ վերցնենք ընդդիմադիր ուժերի ֆինանսավորման հարցը։ Տեսականորեն, որեւէ գործարար կամ ձեռնարկատեր կարող է ֆինանսական միջոցներ հատկացնել ցանկացած ընդդիմադիր կուսակցության, բայց գործնականում՝ հենց հաջորդ օրը Հարկային տեսչության մի քանի «գործնական» աշխատակիցներ կայցելեն այդ անհեռատես գործարարին ու կսկսեն ամենայն մանրամասնությամբ ստուգել նրա գործունեությունը։ Իհարկե՝ օրենքի շրջանակներում։
Հասկանալի է, որ ընտրություններն «օրենքի շրջանակներում» կեղծելու հնարավորությունը միանգամից չի ստեղծվել։ Վախի մթնոլորտը, ֆինանսական եւ վարչական լծակներով ցանկացածի վրա ազդելու ամբողջական մեքենան եւ վերահսկման ցանցը ձեւավորվել են վերջին 10-12 տարում, եւ դրա վերջնական նպատակը եղել է ցանկացած ընտրություն ձեւական միջոցառման վերածելը՝ ինչպես խորհրդային տարիներին։ Այն ժամանակ ընտրություններ չէին կեղծվում, չէ՞։ Ոչ ընտրակաշառք կար, ոչ լցոնումներ, ոչ ուրիշի անձնագրով քվեարկելու դեպքեր։ Պարզապես բոլորը գիտեին, որ այսինչ տարածքում այսինչ կթվորուհին է ընտրվելու, այնինչ տեղամասում՝ այնինչ փականագործը։ Վերջում հանձնաժողովը թվերը հրապարակում էր, եւ բոլորը գոհ էին ու երջանիկ։ Եվ հավատացեք՝ ոչ մի միջազգային դիտորդ ոչ մի խախտում չէր արձանագրի։ Շատ-շատ՝ կասեին, որ մասնակցության տոկոսն է ակնհայտորեն ուռճացված։ Այսինքն՝ ճիշտ նույն բանը, ինչ 2005-ի հանրաքվեից հետո ասացին։ Հենց սա էլ նշանակում է ընտրությունները կեղծել օրենքի շրջանակներում։ Ավելի ճիշտ՝ օրենքը որպես մահակ օգտագործելով՝ ձեւավորել մթնոլորտ, որտեղ նորմալ ընտրություններ հնարավոր չեն։ Իսկ միջազգային կազմակերպություններն ընտրություններին են հետեւելու, ոչ թե մթնոլորտին։