Հացի գործարանը չի վաճառվում

15/03/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ստեփանակերտի հացի գործարանը չի դադարեցրել իր գործունեությունը եւ շարունակելու է հաց արտադրել: Այս մասին ստիպված է եղել հայտարարել գործարանի հիմնադիր եւ սեփականատեր Մովսես Սահակյանն` ի պատասխան վերջին շաբաթվա ընթացքում շրջանառվող այն լուրերի, թե գործարանը դադարեցրել է իր գործունեությունը եւ վաճառվում է:

Հիշեցնենք, որ նախկինում հացի գործարանը միակ պետական հիմնարկն էր եւ իր արտադրանքով ապահովում էր ողջ շուկայի պահանջարկը:

Սեփականաշնորհման գործընթացից հետո գործարանը եւ ալրաղացը մասնավորեցվեց դաշնակցության մի խումբ անդամների կողմից: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկան մի շարք հաց արտադրող ձեռնարկություններ, եւ հացի գործարանն արդեն իր գործունեությունը սկսեց ծավալել մրցակցության պայմաններում: Մի քանի տարի առաջ, երբ ալյուրը հանկարծակի թանկացավ` բարձրացան նաեւ հացի գները, սակայն հացի գործարանի ղեկավարությունը շուկա դուրս բերեց մյուսների համեմատ ավելի էժան հաց: Գները մինչ օրս անփոփոխ են մնացել: Այժմ հացի գործարանի միակ սեփականատերը Մովսես Սահակյանն է (սկսած 2006թ. նոյեմբերից), որը Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության հետ որեւէ կապ չունի:

Մեր զրույցի ժամանակ սեփականատերը նշեց, որ գործարանում խնդիրներ, իրոք, կան, որոնց լուծումներն արդեն իսկ գտնվել են: «Այժմ շարունակում ենք հաց արտադրել, բայց նախկինից ավելի քիչ չափով: Դա պայմանավորված է տեխնիկական խնդիրներով: Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ շարունակելու ենք մեր գործունեությունը եւ հացը նախկինի պես վաճառելու ենք համեմատաբար ցածր գներով»:

Իսկ գործարանի վաճառքի շուրջ լուրերը պարոն Սահակյանը հերքեց, նշելով, որ առաջարկներ եղել են, բայց նա մերժել է բոլորին: