Գործարարները մեղադրում են դեսպաններին

15/03/2007

ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները եւ միջազգային կազմակերպությունները կարող են լուրջ ներդրում ունենալ ՀՀ-ի հետ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում: Ինչպես երեկ այդ կառույցների ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, այս հանդիպումը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ներկայումս ՀՀ արտաքին առեւտրատնտեսական հարաբերությունները դրական միտում ունեն, սակայն որոշ երկրների հետ այդ հարաբերությունների ցուցանիշների հետ կապված նախարարության կողմից որոշակի անբավարարություն կա: Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերով, լինում են դեպքեր, երբ միջազգային համաժողովներին կամ ցուցահանդեսներին հայաստանցի գործարարները չեն կարողանում մասնակցել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների կողմից վիզաներ չտրամադրվելու պատճառով: «Հայաստանի գործարար խավն այսօր ձեւավորված է եւ ապացուցել է ՀՀ-ում ու միջազգային շուկայում իր մրցունակությունը: Միության ավելի քան 500 անդամներն այսօր վճարում են հարկերի ավելի քան 75-80%-ը, այսինքն` այս երկրի խոշոր հարկատուներն են, եւ անգամ վիրավորական է, երբ նման գործարարներին որեւէ երկիր մուտքի վիզա չի տրամադրում»,- նշեց Ա. Ղազարյանը: Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գագիկ Աբրահամյանի խոսքերով, լուրջ խնդիրներ են առաջանում հատկապես Գերմանիա մուտքի թույլտվություն ստանալու առումով: Գործարարների համար անհամեմատ հեշտ է Բելգիայի Թագավորություն, ԱՄՆ եւ Ֆրանսիա մուտքի վիզաներ ստանալը: