Ղարաբաղում վարձով ապրող շուրջ 600 փախստական ընտանիք կա

15/03/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Փախստականների թեման շարունակում է արծարծվել միջազգային կառույցների եւ մասնագետների շրջանում: Այդ մասին վերջերս խոսել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, նշելով, որ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը հիմա չի քննարկվում: Հայկական կողմը թեեւ նշում է, որ այդ հարցն օրակարգում չէ, բայցեւ ասվում է, որ դա վերջին հարցն է:

Ղարաբաղի բնակիչները կտրականապես դեմ են ադրբեջանցի փախստականների վերադարձին: Դա են ապացուցում նաեւ Ղարաբաղում իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Ոչ վաղ անցյալում պատերազմ տեսած մարդիկ չեն պատկերացնում ադրբեջանցիների հետ միասին ապրելը, կամ, ասենք, մի քանի մետր եւ կիլոմետր հեռավորության վրա գտնվելը:

Այս ամենի հետ մեկտեղ՝ միջազգային կառույցներն ընդհանրապես չեն քննարկում հայ փախստականների հարցերը` կարծես թե այդպիսի մարդիկ գոյություն չունեն: Չնայած դրան, իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու ցանկություն չունեն նաեւ հայ փախստականները, որոնք արդեն հաստատվել են Ղարաբաղում, բնակարան ունեն, աշխատանք եւ այլն: Արդեն մի քանի տարի է՝ Ղարաբաղի իշխանությունները սկսել են փախստականների հաշվառման, վկայականների ու արտոնությունների տրամադրման եւ նրանց բնակարանով ապահովելու գործընթացը: Ճիշտ է, բնակարանային խնդիրների լուծումն այնքան էլ մեծ թափով չի ընթանում, բայց տարեցտարի այդ ուղղությամբ որոշ գումարներ հատկացվում են: Սակայն պետք է նշել, որ Ղարաբաղում դեռեւս վարձով ապրող շուրջ 600 փախստական ընտանիք կա: «Միջնաժամկետ ծրագրերով նախատեսում ենք 2008-2010թթ. մյուս փախստականներին եւս ապահովել բնակարաններով, սակայն միայն պետական բյուջեով դժվար կլինի այդ հարցը լուծել: Ասեմ նաեւ, որ մեզ ոչ մի միջազգային կազմակերպություն չի օժանդակում: Բայց պետք է փորձենք հովանավորներ գտնել այդ ընտանիքներին բնակարանով ապահովելու համար»,- նշում է ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանը: Նրա խոսքերով, 2007թ. փախստականների համար Ստեփանակերտում կառուցելու են 12, Ասկերանի շրջանում`1, Մարտունու շրջանում`2, Հադրութի շրջանում` 5 բնակելի տներ:

Վարչության տվյալներով, 2007թ. նախատեսվում է նաեւ կարգավիճակ տալ 1700 փախստական ընտանիքների: 2006թ. հաշվառման վկայական է տրվել 1449 ընտանիքի (5651 շունչ), որոնք օգտվել են կառավարության կողմից սահմանված արտոնություններից:

Ս.Ամիրխանյանի խոսքերով, այս տարի կավարտվի փախստականներին միանվագ օգնության տրամադրման գործընթացը:

2007-ին վարչությունը կզբաղվի նաեւ Արցախի պետհամալսարանի հանրակացարանում բնակվող փախստականներին բնակարանով ապահովելու խնդրով: Ի դեպ, այնտեղ 33 ընտանիք է ապրում հիմա, որոնց մի մասին առաջարկվել է տեղափոխվել մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում կառուցված 14 տները, սակայն փախստականները հրաժարվում են գնալ այնտեղ: Նրանց խոսքերով, չեն ուզում քաղաքի կենտրոնից հեռանալ եւ նախընտրում են ծայրամասերում չբնակվել: Վարչության ղեկավարի հավաստմամբ` փախստականներին առաջարկել են նաեւ այլ տարբերակներ: «Պատրաստ ենք քաղաքի ցանկացած մասում այդ ընտանիքների կողմից վարձակալված կամ գնված հողատարածքներում տներ կառուցել, կամ բնակարան գնելու դեպքում օգնել 7 մլն դրամով (մեկ տուն կառուցելու համար մոտ 7 մլն դրամ է ծախսվում)»,- ավելացրել է նա: