Կենացները քաղցրանում են, ինտերնետը` էժանանում

15/03/2007

Հայաստանում ինտերնետի գինն առաջիկայում կնվազի ավելի քան 60%-ով: Սա հնարավոր կլինի Հայաստան ինտերնետ ներմուծող երկրորդ օպերատորի` «Ֆայբորնետ» ընկերության գործունեության շնորհիվ, որն ապրիլի 1-ից կսկսի ինտերնետ կապի տրամադրման ծառայություն մատուցել: Ընկերության տնօրեն Արմեն Խաչատրյանի խոսքերով, ընկերությունը ծառայությունը կմատուցի 25 տարով վարձակալած ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում հայկական երկաթուղու երկայնքով կառուցված օպտիկամանրաթելային մալուխի միջոցով: Մալուխը Վրաստանի սահմանից անցնում է Այրում, Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, Արմավիր, Մասիս եւ Երեւան քաղաքներով: Ընկերության ռազմավարական գործընկերը հոլանդական «Լինքս տելեկոմ» ընկերությունն է, որի հետ երեկ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, եթե մինչ օրս Հայաստանն ուներ միայն մեկ մալուխային ելք, ապա սա երկրորդ մալուխային գիծն է, որն ուղղակի կապ կստեղծի Եվրոպայի եւ ողջ աշխարհի հետ: Միաժամանակ, ընկերության մալուխային կապի ստեղծումն Իրանի հետ հնարավորություն կտա ունենալ երրորդ ելքը: Սա կդառնա տարանցիկ նշանակություն ունեցող ցանց, որը հնարավորություն կտա մեր երկրում զարգացնել հեռահաղորդակցության բնագավառը: Նախարարը տեղեկացրեց, որ «ԱրմենՏելը» եւս դիմել է ընկերությանը` անհրաժեշտության դեպքում ինտերնետ կապ գնելու համար: