Մարտի 12-ին, ԼՂՀ կառավարության որոշմամբ, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել է Համլետ Խաչատրյանը։
Վարչակազմի ղեկավար է նշանակվել Էռնիկ Բագրատի Ղեւոնդյանը։ Համլետ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակահատվածում շրջանում բավական բացասական երեւույթներ են տեղի ունեցել: Հենց այդ ժամանակ է սկսվել արտահոսքը շրջանից, բնակիչները մշտապես դժգոհում էին ղեկավարության վերաբերմունքից: Ի դեպ, հենց նույն ժամանակաշրջանում էր Քաշաթաղի հարցը քննարկվել Անվտանգության խորհրդի նիստում:
Արդյոք նոր նշանակումը Քաշաթաղի վերաբնակեցման հարցում դրական դերակատարում կունենա՞: Այս մասին զրուցեցինք ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանի հետ:
«Քաշաթաղի շրջանը շատ մեծ է, եւ ժամանակին մինչեւ 13 հազար փախստականներ ապաստան էին գտել այս շրջանում, սակայն վերջերս, դժբախտաբար, Ղարաբաղի մյուս վերաբնակեցվող շրջանների նույնանման արտոնություններից օգտվելու եւ ինտեգրվելու գործընթացների մեջ ինչ-ինչ դժգոհություններ կային, եւ նկատվեց որոշակի արտահոսք շրջանից»,- նշեց Ս. Ամիրխանյանը, որի հավաստմամբ, վարչակազմի նորանշանակ ղեկավարը բավական տեղյակ է փախստականների հարցերին: Վարչության պետը նշեց, որ Քաշաթաղին առավել մեծ ուշադրություն կդարձվի, ջանքերը մասնավորապես կուղղվեն բնակելի տների վերանորոգմանը: «Այս տարի պետք է Քաշաթաղի շրջանում վերաբնակիչներին կարգավիճակ տանք, եւ նրանք հնարավորություն կունենան օգտվել այն բոլոր արտոնություններից, որոնցից օգտվում են հանրապետության մյուս վերաբնակեցվող շրջաններում: Քաշաթաղում կան 3500-3800 բնակարաններ, որոնք կիսավեր են, եւ շրջան տեղափոխվելուց հետո փախստականներն իրենք իրենց ուժերով են վերանորոգել դրանք, սակայն պետք է նշել, որ ստեղծված պայմանները բավարար չեն այնտեղ բնակվելու համար: Պետք է փորձենք բնակարանային ֆոնդը հզորացնել եւ այդ բնակարանները վերանորոգել, որից հետո կմտածենք նոր բնակիչների մասին»,- փաստել է Վերաբնակեցման վարչության պետը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ 2006թ. վարչությունն ընդամենը 5 ընտանիք է ընդունել Քաշաթաղի շրջանում, բայց 96 ընտանիքի հաշվառել են, տվել կարգավիճակ եւ արտոնություններ: Խոսելով հանրապետությունում վերաբնակեցմանն ուղղված 2007թ. ծրագրերի մասին, Սերժ Ամիրխանյանը նշեց, որ նախատեսում են 210 ընտանիք վերաբնակեցնել (2006թ. այդ ընտանիքների թիվը 241 էր): 2007թ. վերաբնակիչների համար կառուցվելու է Ասկերանի շրջանում`11, Շուշիի շրջանում` 3, Մարտունու շրջանում` 5, Մարտակերտի շրջանում` 33, Շահումյանի շրջանում՝ 37 եւ Հադրութի շրջանում`4 տուն: Ս. Ամիրխանյանի համոզմամբ՝ կառավարությունն ուշադրություն է դարձնում վերաբնակեցմանը, սակայն այն գումարները, որոնք ուղղվում են՝ աշխատանքների ծավալների եւ կարիքների համեմատ չնչին են:
Նա գտնում է, որ պետությունը պետք է կարողանա գրավչությունն ավելի ուժեղացնել, ինչպես նաեւ վերաբնակիչների համար նախատեսվող արտոնությունների քանակն ու որակը բարձրացնել, որպեսզի քաջալերենք ՀՀ-ում ապրող շուրջ 35 հազար փախստական ընտանիքներին` վերադառնալ Արցախ: