«Իրենք տուզերն են, ժողովուրդն էլ` վեցնոցը»
Տաքսու վարորդներն, ովքեր ամենաշատն են սիրում քաղաքական իրադարձությունները քննարկել` կանխատեսում են, որ մայիսի 12-ին կայանալիք ԱԺ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք խայտառակ երեւույթների ականատեսն ենք լինելու: Նրանք ասում են, որ նախընտրական արշավն է նրանց նման ենթադրությունների տեղիք տալիս, քանի որ արդեն գործի են դրվել բոլոր քարոզչամիջոցները:
Վարորդ Սուրենը վիրավորված է բոլոր պաշտոնյաներից եւ կուսակցության ղեկավարներից: «Ինչո՞ւ եմ վիրավորված, որովհետեւ իմ իրավունքը ոտնահարվում է մարդու իրավունքների համար վայ պայքարողների կողմից: Ով ուզում է աթոռ զբաղեցնի՝ խոսում է ժողովրդի անունից: Ես հիմա հարց եմ տալիս` ո՞վ է իրենց թույլ տվել, որ իմ անունից ինչ-որ բան խոսեն: Ես ժողովուրդ եմ, չէ՞, հայ ժողովրդի ներկայացուցիչ եմ, չէ՞, ինչո՞ւ են իմ անունն օգտագործում պաշտոն զբաղեցնելու համար: «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն ասում է, որ, ժողովուրդն իմ կողքին է: «Բարգավաճ Հայաստանի» նախագահն ասում է՝ ժողովուրդն իմ կողքին է: ՀԺԿ-ի՝ Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ասում է՝ ժողովուրդն իմ կողքին է: ԱԼՄ-ի Տիգրան Կարապետյանը ժողովրդին դարձրել է իր խաղաթուղթը: Ես չեմ հասկանում՝ ինքը ջոկում է հատուկ «ուզվորի» հոգեբանությամբ մարդկա՞նց: Նենց մարդիկ են գալիս, ոտքերն ընկնում, որ որպես հեռուստադիտող իրենց պահվածքի համար անհարմար ես զգում: Տ. Կարապետյանի ժողովուրդն իր «Շոգեքարշի» խաղացողնե՞րն են: Ուրեմն` ես հայտարարում եմ, որ մեր ժողովուրդն էդ «ուզվորը» չի, մեր ժողովուրդը ես եմ ու կյանքում, բացի իմ աշխատած գումարից, որեւէ մեկի օգնությունը չեմ ընդունի: Հայ ժողովուրդը հպարտ ժողովուրդ է, թող ողորմելի չդարձնեն: Հիմա ես հարց եմ տալիս` ինչո՞ւ եք խաբում, ես ժողովրդից մեկն եմ ու ոչ մեկի կողքին էլ չեմ, որովհետեւ սուտ են, մեզ օգտագործում են: Իրենց ո՞վ է թույլ տվել իմ անունից իրենք իրենց հաճոյախոսեն ու մարդկանց էլ սուտ ինֆորմացիա տան: Չե՞ն հասկանում, որ 10 հոգու առնելով՝ ողջ ժողովրդին չեն առնում»,- բարկացած հարցնում է Սուրենն ու հավելում, որ հայ մարդն այսօր ինքնասիրությունը մի կողմ է դրել եւ «ծախվում» է նրան, ով իրեն ինչ-որ բան կողորմա: «Ո՞նց կարելի է սեփական ժողովրդին էդքան նվաստացնել ու ջնջոցի պես օգտագործել: Տեղից վեր կացողն ասում է, թե ժողովրդի կողքին է, բայց ո՞ւր են: Ժողովրդի կողքին լինող մարդն էդքան չի իմաստազրկի «ժողովուրդ» բառը: Ախր, որ ալիքը միացնում ես, ում լսում ես՝ էդ բառերն են ասում: Մտածում եմ, որ ամոթ չլիներ՝ ես էդ «ժողովուրդ» բառն օգտագործողին դատի կտայի ու կասեի` դե՛, հիմա պատասխան տուր, թե իմ անունից ինչո՞ւ ես սուտ հայտարարություններ անում: Դաշնակ Ալվարդ Պետրոսյանի ամեն երկրորդ բառը «ժողովուրդ» բառն է: Ես բոլորին արգելում եմ ժողովրդի անունից խոսել, որովհետեւ ես էլ եմ ժողովուրդ: Իրենք տուզերն են, ժողովուրդն էլ` վեցնոցն է, հա՞»,- ասում է տաքսու վարորդն ու խորհուրդ է տալիս եւս 20 օր սպասել` տեսնելու համար, թե նախընտրական շրջանում ժողովրդի անունն ինչպես են վարկաբեկելու:
«Պլպլան բուկլետների արխիվ ունեմ»
Վարորդ Ռուբենն ասում է, որ իր տան գրապահարանի դարակում նախընտրական բուկլետների արխիվ ունի: «Վաղուց արդեն դուռս թակում ու դաստով բուկլետ են տալիս: Գունավոր, պլպլան բուկլետներ, բայց միջի գրածը՝ փուչ: Օրինակ, հետաքրքրության համար մեկ-մեկ դնում, համեմատում եմ, ու պատկերացրե՛ք, որ ոչ մի տարբերություն չկա տարբեր մարդկանց կողմից գրված ծրագրերի բովանդակության մեջ: Սկսում են սոցիալական բարելավումից` ավարտում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումով: Անգիր գիտեմ, թե ինչ ա գրված լինելու, եւ նույնիսկ կարամ ես էլ կարգին ծրագիր գրեմ»,- վստահեցնում է նա` ավելացնելով, որ, եթե իրեն պատկառելի գումար տան՝ շատ ավելի ազդեցիկ ծրագիր կգրի: «Տնեցիք հետս կռվում են, ասում են` ի՞նչ ես էդ անկապ թղթերը լցրել դարակները: Կատակով ասում եմ` ոչինչ, կգա ժամանակը, ռուբլու, կոպեկի նման սրանք էլ գին կունենան, կտանեմ Վերնիսաժ՝ կծախեմ: Իսկ, եթե ավելի լուրջ խոսեմ, ապա միանշանակ կասեմ, որ չեմ գնալու ընտրություններին, որովհետեւ ընտրում ենք, ընտրում ենք, բայց էսքան տարիների ընթացքում մեր ընտրյալները նույնն են, նրանց գործողությունների մեջ տարբերություն չկա: Նայում եմ թեկնածուներին ու հիասթափվում: Գիտե՞ք ոնց, քաղաքական լիդերը պետք ա շատ կարդացած լինի, շատ բարոյական ու ազնիվ լինի, որ հարգես: Եթե երկրի ղեկավարներին չհարգես, ուրեմն` սուտ երկիր ու սուտ մարդիկ են: Հետո՝ ղեկավար անձի մեջ պիտի առասպել լինի, որ բոլորն ուզենան իրան նմանվեն, ոչ թե դոշ թափ տան: Օրինակ` արվեստի, գրականության մեջ էլ մեծ մարդիկ կան, չէ՞, որ սերունդները միշտ ձգտել են իրանց նմանվել: Գալիք ընտրություններին մասնակցող ինձ ծանոթ թեկնածուների մեջ շատ մարդիկ միջնակարգ կրթություն էլ չունեն: Էդպես ո՞նց կլինի: Էդ նույն թեկնածուներն իրենց դոդոշ մեքենաներով երթեւեկելիս մյուս մեքենաների վրայով են անցնում, բա էլ ո՞նց հավատաս, որ ընտրվելուց հետո էլ մարդկանց վրայով չեն անցնի»,- վկայում է Ռուբենն, ով տարիներ առաջ որպես ինժեներ է աշխատել եւ իր գիտելիքներով պատրաստ է պատգամավորի յուրաքանչյուր թեկնածուի «ծալել»:
«Թեկնածուներն այս շրջանում մուրացկանի նման են»
Վարորդ Լեւոնը նախընտրական այս շրջանն անվանում է «բազարի» օրեր: «Դե՛, որովհետեւ ով ինչքան կարա՝ ծախում ա ու ով ինչքան կարա՝ առնում ա: Հեռուստացույցը միացնում ես ու ամեն օր, ամեն ժամը մեկ նայում ես, թե քանի հատիկ ծաղիկ, ապարատ ու հեռուստացույց ծախեցին ձայնի վրա: Բայց ասեմ ձեզ՝ էս շրջանում մեր թեկնածուներն իրենք ավելի շատ են մուրացկանի նման, քան էդ ծախվողները: 4 տարի մարդկանց շան տեղ չեն դնում, մեկ էլ տեսնում ես, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ մուրացկանի նման ընկնում են էս համայնքով էն համայնք, որ ժողովրդի սիրտը շահեն: Փաստորեն, գալիս են իշխանության, պետության փողերն ուտում են, իսկ հետո՝ նախընտրական շրջանում փշուրները ժողովրդին են բաժանում: Ով ինչքան կարա՝ մրցակցի վրա մաղձ ա թափում, ով ինչ ձեւով կարա՝ մյուսի ճանապարհը փակում ա,- իր կարծիքը հայտնում է Լեւոնն ու զարմացած հարցնում,- Ինձ համար միշտ անհասկանալի ա էն փաստը, որ էդքան կուսակցությունների շարքերում հազարավոր մարդկանց անուններ են տալիս: Ժողովուրդը զզված ա կուսակցություններից, էդ ո՞նց ա լինում, որ էդ զզված մարդիկ կուսակցական են: Օրինակ` դուք նկատե՞լ եք, որ էսօր մեր դռները թակում են կամ կուսակցության ներկայացուցիչները, կամ էլ աղանդավորները: Աղանդավորներն ասում են, որ Աստծուն հավատա, ու ամեն ինչ լավ կլինի: Կուսակցականներն էլ ասում են` Ծառուկյանին կամ Կարապետիչին հավատա, ու ամեն ինչ լավ կլինի: Բայց ամենակարեւորն էն ա, որ ասում են` լավ կլինի՝ իրենք իրենց ասածին չհավատալով: Էն օրը մեկն եկել ա, թե՝ էսինչ կուսակցությունից եմ, ուզում եմ ընտրատարածքի բնակիչների խնդիրներին ծանոթանալ: Վռնդեցի, ասեցի` ռադդ քաշի, որովհետեւ փորացավը լավ էլ գիտեմ: Է, որ ծանոթացար՝ ի՞նչ, կամ էլ մի քանի տարի ծրագրել ես, որ պիտի թեկնածությունդ դնես, բայց 2 ամիս առաջ նոր ծանոթանում ես, հա՞: Ա՛յ, սենց աբսուրդ բաներ: Իմ պատվիրատուներից շատերն ա՛յ էդ հավաքագրողներից են: Նստում են մեքենա ու ցուցակի վրա խաչուփաչ անում: Դրանց արհամարհական խոսակցությունը լսում ես ու մտածում` ողբա՛մ զքեզ, ցուցակում ընդգրկված, որովհետեւ քո անունն արդեն սեւ ցուցակում ա, պիտի ծառայես՝ ինչքան կարաս»,- ասում է վարորդ Լեւոնը:
«Մեր հերոսը սա՞ է»
Վարորդ Արթուրը վստահեցնում է, որ ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ քաղաքական գործիչներն են: «Ամեն ինչ էնքան արժեզրկված ա, որ քաղաքական դաշտից ավել բան պահանջելն արդարացի չի: Ես հիշում եմ՝ Լեւոնի օրոք մարդկանց մտքով էլ չէր անցնում, որ նրան ընտրելով՝ պետք է նյութական ակնկալիք ունենալ: Էն ժամանակ մարդիկ խոսքին էին հավատում, իսկ էսօր՝ ունեցվածքին: Մարդիկ նյութապաշտ են դարձել, դրա համար էլ նախընտրական կուտը նյութն ա: Գիտե՞ք, էն դժվար տարիներին ոտքով կիլոմետրեր էինք կտրում, որ միտինգների մասնակցեինք, որովհետեւ ամբիոնից խոսացող մարդուն հավատում էինք, իսկ էսօր էդպես չի: Էսօր գալիս են իմ տուն, քծնում, համոզում, խաբում են, որ իրենց ընտրեմ: Շատ կուսակցություններից են եկել մեր տուն, բոլորի ասածն էլ նույնն ա, բայց, ափսոս, որ նրանց հավատացող չկա: Նայում եմ պատգամավորական թեկնածուներին ու շվարում, ասում եմ՝ լավ, չկա՞ մեկը, որ ինչ-որ առանձնահատկությունով տարբերվի մյուսներից: Փաստորեն չկա, բոլորի ասելիքն ու կերպարները նույնն են: Սա դեռ ոչինչ, բա նախագահականի՞ն ինչ պիտի անենք, ո՞ւմ պիտի ընտրենք»,- ասում է Արթուրը՝ վստահեցնելով, որ նախապես համոզված է, որ շատերը չեն գնալու ընտրության: «Դուք հիմա նայե՛ք էս ջահելներին, նրանց կյանքի իմաստը փողով սովորելը, թանկ հագուստն ու մեքենաներն են, ու իրանց պետք չի, որ երկրի լիդերները մտածեն, այլ պետք ա, որ իրանց թանկ բջջային հեռախոս ու շքեղ մեքենա ունենալու հնարավորություն տան: Ուզում եմ ասել, որ մեր երկրի ղեկավարներն էնպիսին են, ինչպիսին մենք ենք ուզում: Էն օրը լսում էի գեներալ Մանվելի հարցազրույցն ու ամաչում էի: Մտածում եմ՝ մեր երեխեքի հերոսը սա ա՞, ով երկու բառ գրագետ չի կարողանում ասի: Եթե գեներալն ու հերոսը նա ա, ուրեմն՝ զինվորն ո՞ւմ պիտի ձգտի նմանվել: Կամ էլ երկրապահն էդ կեցվածքո՞վ: Մեր երկիրը պահողները գոնե կամերաների առաջ չե՞ն կարում նորմալ խոսան: Նենց որ, քաղաքական գործիչը, հերոսը, ժողովուրդը՝ բոլորն էլ նյութապաշտ են»,- ասում է Արթուրը: Նա, իհարկե, Կոմունիստական կուսակցությանը տանել չի կարողանում, սակայն ասում է, որ երբ համեմատում է մյուս կուսակցության ներկայացուցիչների հետ, հիանում է, «որովհետեւ նրանց ասածի մեջ տրամաբանություն կա: Բացի դա, մտածելով են խոսում, ոչ թե դատարկ-դատարկ դուրս են տալիս: Էն հին կոմունիստները շատ կարդացած մարդիկ են ու, ասեմ ձեզ, իրենց վարքագծով տարբերվում են մյուս կուսակցություններից: Օրինակ, ես շատ եմ կարեւորում, երբ կոմունիստները մշտապես առաջ են քաշում գործարանների վերականգնման հարցը: Եթե խելքը գլխին պատգամավորի թեկնածու լիներ, իր ընտրատարածքի բնակիչներին կասեր, որ՝ ժողովուրդ ջան, ես կաշառք բաժանելու փոխարեն՝ էդ փողերով էս քանդված գործարանն առնում եմ ու խոստանում եմ, որ իմ ընտրատարածքի բնակիչներին աշխատատեղերով կապահովեմ: Ա՛յ էդ մարդու ճակատը կպաչեի, որովհետեւ դա 10 օրվա համար նախատեսված խոստում չի, այլ էդ մարդը պարտավոր կլիներ 4 տարի պատասխանատվություն կրել իր խոստման համար»:
«Դուք ձեր փողի համար եք աշխատում, բա ե՞ս»
Վարորդ Գագիկը հոգնել է քաղաքականացված մթնոլորտից. «Բոլորը քաղաքականությունից ու ընտրություններից են խոսում, բայց բան չի փոխվում: Հիմա դուք հարց եք տալիս ու պատասխանը լսում, տպագրում եք, բայց ի՞նչ ա դրանից փոխվում: Ո՞վ ա հասարակ մարդկանց կարծիքը հաշվի առնում: Բոլորդ տարերքի մեջ եք, մինչեւ ընտրությունների օրն անցնի՝ կյանքներիս կեսը կգնա: Բոլորն իրանց փողի համար ընտրություններից են խոսում: Էն օրն էլ մեկը հարցնում ա, թե ո՞ր կուսակցությանն եմ նախապատվությունը տալիս: Ասում եմ՝ ընկեր ջան, քո համար միեւնույն չի՞, թե որ կուսակցությանը: Բա՝ չէ, մենք սոցհարցում ենք անցկացնում: Ասում եմ՝ դու քո փողի համար ես աշխատում, բա ես որ կարծիքս ասեմ՝ դրանից ինձ ի՞նչ: Հիմա, մի վիրավորվեք, բայց դուք էլ, ձեր թերթն էլ ձեր համար եք աշխատում, իսկ ինձ ոչ կուսակցությունն է հետաքրքրում, ոչ էլ թեկնածուները: Ինձ հետաքրքրում ա, թե ընտրություններից առաջ ու հետո իմ ընտանիքին ինչո՞վ եմ կերակրելու: Ուրեմն՝ թողեք ես էլ իմ աշխատանքով զբաղվեմ: Անցած ընտրություններին ես Ստեփան Դեմիրճյանին եմ ընտրել ու մի տեսակ հավատում էի, որ հրաշք ա մեր երկրում լինելու: Բայց էս քանի տարի ա, ԱԺ նիստերին հետեւելով՝ միշտ իրա խոսքին եմ սպասել ու ոչ մի անգամ չեմ լսել, որ կանգնի ու հարց բարձրացնի: Կամ հարց ու պատասխանի ժամանակ դահլիճում հազվադեպ ա լինում, էլ ո՜ւր մնաց՝ ինչ-որ հարց բարձրացնի: Ուզում եմ ասել, որ, երբ շանսը տալիս ես ու հետո հասկանում ես, որ չեն աշխատում, ուրեմն՝ էլ ընտրում ես որ ի՞նչ»,- ասում է վարորդ Գագիկն ու խնդրում իրեն չներքաշել քաղաքական խաղերի մեջ: