Հղիներին եւ երեխաներին չի կարելի խոսել բջջային հեռախոսով

15/03/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Քաղցկե՞ղ, թե՞ պաշտպանական ռեակցիա

Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային թերապիայի ամբիոնի պետ Սամվել Գալստյանի հավաստմամբ, հանրապետության ամբողջ տարածքն աղտոտված է էլեկտրամագնիսական դաշտերով: Մենք ներկայումս գտնվում ենք գերբարձր հաճախականության (1մմ-ից մինչեւ 1մ երկարությամբ ալիքները) դաշտի ազդեցության ներքո: Միկրոալիքներն օգտագործվում են բջջային հեռախոսներում (նկատենք, որ Հայաստանի բնակչության 1/3-ը, այսինքն` 1 մլն-ը բջջային հեռախոսակապի բաժանորդ է), միկրոալիքային վառարաններում, դեցիմետրային ալիքներ օգտագործող հեռուստակայաններում, մետերոլոգիական ծառայություններում, բժշկության բնագավառում: Օրինակ, Խորհրդային Միությունում որպես չափորոշիչ ընդունված է եղել 10 մկվտ` 1 քառ/սմ-ի վրա: «ՀՀ-ի համար սա բավականին բարդ խնդիր է եւ պահանջում է հստակեցում: Շատ բարձր չափաքանակները նույնիսկ կարող են այրվածքներ առաջացնել, բարեբախտաբար, առօրյայում մենք դրանց հետ չենք շփվում»,- նշում է Ս. Գալստյանը:

Ամեն քայլափոխի հանդիպող բջջային ծառայություն մատուցող օպերատորներից մեկի՝ «Խոսիր ինչ ուզում ես, ինչքան ուզում ես» գովազդային կարգախոսը կամ բջջային հեռախոսով անդադար խոսելու մոլուցքն առողջապահական տեսանկյունից մտահոգության տեղիք է տալիս: Քանի որ, ինչպես Ս. Գալստյանն է ասում, եթե մարդը 3 րոպեից երկար է խոսում (հետաքրքիր զուգադիպությամբ, արդեն իսկ ելքային զանգերի համար 3 րոպեից երկար խոսելը դարձել է անվճար) բջջային հեռախոսով, նրա ուղեղում կարող է առաջանալ տետառիթմ, որը կարող է առաջացնել ցնցումային նոպա, իհարկե, այն դեպքում, եթե վերջինս հակված է ցնցումների: Այսինքն, երկար խոսելով, մենք նախապայման ենք ստեղծում, որպեսզի մեզ մոտ ձեւավորվի ցնցումային համախտանիշ: Բժշկությունը հաստատել է նաեւ, որ միկրոալիքների եւ ցածր, եւ՛ բարձր դոզաներն ազդում են նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով համակարգի դիսֆունկցիոնալ վիճակ, որի արդյունքում այնպիսի բարդություններ են առաջանում, ինչպիսիք են զարկերակային ճնշման տատանումները, վեգետատիվ նյարդային խանգարումները՝ քրտնարտադրություն, սեռական պոտենցիայի փոփոխություններ: «Դրա համար շատ զգուշորեն պետք է օգտվել բջջային հեռախոսներից, չոգեւորվել եւ չզոհաբերվել նորաձեւությանը: Շատ հաճախ մարդիկ գանգատվում են՝ ասելով, որ երբ հեռախոսը կրում են ծոցագրպանում, որոշ ժամանակ սրտի շրջանում ծակոցներ են զգում, իսկ տեղափոխելուց հետո ծակոցներն անմիջապես անցնում են: Մենք պայմաններ ենք ստեղծում անգամ թաքնված հիվանդությունների զարգացման համար: Երկար խոսելու հետեւանքները տխուր կարող են լինել: Խոսեք եւ եղեք չափավոր»,- խորհուրդ է տալիս Ս. Գալստյանը: Իսկ ահա բջջային հեռախոսով ընդհանրապես խոսել չի կարելի երեխաներին, հղիներին եւ մինչեւ սեռական արբունքի շրջանում գտնվողներին, որոնց մոտ դեռեւս ամբողջական ձեւավորված չէ օրգան համակարգը:

Վերջերս Հյուսիսային Եվրոպայի երկրներում անցկացված հետազոտությունները խորացնում են բջջային կապի վտանգներին առնչվող կասկածները: Հետազոտությունների արդյունքների համաձայն, ավելացել է քաղցկեղային ուռուցքների թիվն այն մարդկանց շրջանում, ովքեր առնվազն 10 տարի օգտագործել են բջջային հեռախոս եւ խոսել են երկար: Իսկ ԵՊԲՀ-ի ռազմադաշտային թերապիայի ամբիոնի կողմից միկրոալիքների կենսաբանական ազդեցության բնագավառում 1994 թվականից ուսումնասիրություններ են իրականացվել, եւ հետազոտված միջին տարիքի (22- 55 տարեկան) 73 մարդկանց կեսից ավելիի մոտ, որոնք ենթարկվել են միկրոալիքների փոքր դոզաների, հայտնաբերվել են տրանսդետերմինացիոն հատկություններ: Տրանսդետերմինացիայի մասին առաջին անգամ խոսել է հայտնի կենսաբան Հադորնը, որն ապացուցել է, որ որոշակի պայմաններում ու ժամանակի ընթացքում փոխվում է տվյալ բջջի գենետիկ զարգացման ծրագիրը: «Իհարկե, Հադորնը բացառել է, որ տրանսդետերմինացիան դա ուռուցքային պրոցես է: Տվյալ երեւույթը մենք հայտնաբերել ենք միկրոալիքային ազդեցության ժամանակ, երբ որ մարդու ստամոքսի բջիջը (ստամոքսի բջիջները զգայուն են, նրանք միանգամից պատասխանում են միկրոալիքներին) վերածվել է մեկ այլ բջջի՝ բարակ աղիքի էպիթելի: Սա բավականին լուրջ եւ շատ հետաքրքիր երեւույթ է, այն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է՝ այդ ազդեցությունների նկատմամբ: Սրանով հիմնավորվում է այն հանգամանքը, որ նման պայմաններում, երբ ստամոքսում կա տրանսդետերմինացիայի երեւույթ, այդ հատվածում երբեք խոց չի առաջանում: Պետք է եզրակացնել, որ տրանսդետերմինացիայի երեւույթը ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանում է խոցային հիվանդությունների առաջացման վտանգից: Եթե մենք կարողանանք տրանսդետերմինացիայի երեւույթը կառավարել, մասնավորապես՝ ուսումնասիրել հիմքում ընկած մեխանիզմները, ապա հնարավոր է լուրջ հայտ ներկայացնել խոցային հիվանդությունների բուժման գործում: Մենք կարծում ենք, որ օրգանիզմում գոյություն ունեն հատուկ ռեցեպտորներ, որոնք ընկալում են միկրոալիքը, այն տրանսֆորմացնում, եւ այդ տրանսֆորմացված վիճակը հաղորդվում է բջջի կորիզին: Այս երեւույթը լրացուցիչ հետազոտությունների կարիք ունի, որովհետեւ ճառագայթվելով մարդու գլուխն ու ձեռքերը, չգիտես ինչու, տրանսդետերմինացիայի երեւույթը հայտնաբերվել է ստամոքսում»,- ասում է ԵՊԲՀ ամբիոնի ղեկավարը, որն իր առջեւ խնդիր է դրել՝ ստեղծել միկրոալիքների ազդեցության կենսաբանական մոդելը: Փաստորեն, միկրոալիքային ազդեցությունն առ այսօր մինչեւ վերջ ուսումնասիրված չէ, մասնավորապես՝ նրա կենսաբանական ազդեցությունը: Առկա միջազգային տվյալները վկայում են, որ միկրոալիքները մարդու օրգանիզմի վրա ունեն բացասական ազդեցություն: «Սակայն ընդունել այս տեսակետը եւ չուսումնասիրել մյուսները, սխալ կլինի: Այսինքն, ընդունել, որ միկրոալիքները քաղցկեղ են առաջացնում, չի կարելի դրանով սահմանափակվել: Մեզ պետք է մտահոգի էլեկտրամագնիսական դաշտով մթնոլորտի աղտոտվածության խնդիրը, որը համաշխարհային հիմնախնդիր է»,- ասում է Ս. Գալստյանը:

Էյնշտեյնի փորձերն ու «Էլթրիջ» հածանավի անհայտացումը

Դեռեւս անցյալ դարի 30-ական թվերից սկսած՝ գիտնականները մտածել են, որ մարդու բջիջները միմյանց մասին տեղեկացվում են միկրոալիքային դաշտերի միջոցով: Ներկայումս այդ ուղղությամբ լուրջ հետազոտություններ են իրականացվում: Միկրոօրգանիզմների վրա միկրոալիքների ազդեցությամբ ներկայումս զբաղվում է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանը: Սանտիմետրային միկրոալիքներով, փաստորեն, զբաղվում է Ս. Գալստյանը, իսկ դեցիմետրային միկրոալիքներով «հետաքրքրվողներ» չունենք: Պատմական իրողություն է, որ անգամ 20-րդ դարի հայտնի ֆիզիկոս Էյնշտեյնը նույնպես զբաղվել է միասնական տեսություն ստեղծելու մտադրությամբ, բայց հետո գիտնականը հայտարարել է, որ մարդկությունը պատրաստ չէ դրան, եւ ոչնչացրել է այդ փաստաթղթերը: Միկրոալիքների հետ կապված մեկ ուշագրավ փաստ էլ գոյություն ունի. 1943թ ամերիկացիները փորձել են «Էլթրիջ» հածանավի վրա տեղադրել հատուկ գեներատորներ, ու շատ հետաքրքիր երեւույթի են ականատես եղել. հածանավն անհայտացել է՝ հայտնվելով 3000 կմ հեռավորության մի այլ նավահանգստում: «Այս փաստը կա, բայց նրա բացատրությունն ու մեկնաբանությունն առ այսօր հայտնաբերված չէ: Այսինքն, կա միկրոալիքային հզոր ազդեցություն: Մի հատվածը պնդում է, որ այն առաջացնում է ուռուցք, իսկ մի հատվածը, մասնավորապես՝ մենք, պնդում ենք, որ միկրոալիքների փոքր դոզաներն ունեն տրանսդետերմինացնող հատկություն, որն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է: Այսինքն, փոքր չափաքանակներն ունեն փոքր ինտենսիվություն ու խթանող ազդեցություն, իսկ բարձր չափաքանակները կարող են առաջացնել այրվածքներ»,- տեղեկացնում է Ս. Գալստյանը:

Ուտելուց մի շտապեք

Միկրոալիքային վառարաններում (որոնք նույնպես պատկանում են գերբարձր հաճախականության միկրոալիքների շարքին) պատրաստված սննդի (fast food-ճեպուտեստ) վերաբերյալ հետազոտությունները ցույց են տալիս, որ այնտեղ պատրաստված մսեղենը մեծացնում է ստամոքսահյութի սեկրեցիան՝ նպաստելով խոցային հիվանդությունների առաջացմանը: «Քանի որ միկրոալիքներում կերակուրը պատրաստվում է մի քանի րոպեների ընթացքում, անմիջապես տեղի է ունենում խորքային տաքացում, ի տարբերություն ավանդական վառարանների, որտեղ մթերքի մակերեսային տաքացում է տեղի ունենում: Միկրոալիքը տաքացնում է իր ալիքի երկարությամբ, եւ խորքային տաքացման ժամանակ տեղի է ունենում սննդամթերքի նյութի կառուցվածքի փոփոխություն: Մի կողմից՝ կենցաղը պահանջում է ամեն ինչի արագ պատրաստում, մյուս կողմից՝ դա վտանգում է մեր առողջությունը»,- ասում է Ս. Գալստյանը: Դեռեւս հայկական կենցաղում միկրոալիքային վառարանների հետ կապված մտահոգություններ չկան, որովհետեւ դրանք այդքան տարածված չեն մեզ մոտ: Իսկ ահա առանց բջջայինների մեր կյանքը դժվար է պատկերացնել: