Հաշմանդամությունն ու հաշմանդամները ԶԼՄ-ների եւ հասարակության տարբեր խավերի կողմից ամենաշահարկվող ու չարչրկված թեմաներից է:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2002 թ. ստեղծված Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (ԲՍՓ)` իր 25 տարածքային մարմիններով, կենսագործունեության սահմանափակման պատճառով անձին հաշմանդամ ճանաչող եւ մի շարք այլ ծառայություններ մատուցող գերատեսչություն է, որի գործունեության նկատմամբ կա անվստահություն. բազմաթիվ օրինակներ կան, երբ գործակալության աշխատակիցները հաշմանդամության խումբ շնորհելու համար` հաշմանդամության «թեկնածուներից» գումար են պահանջում: Հիշեցնենք, որ նախորդ տարի Երեւանի թիվ 2 ԲՍՓ հանձնաժողովի նախագահի դրամաշորթության մասին լուրերը մեծ աղմուկ էին բարձրացրել: Հետաքրքիր է, կոռումպացված քաղծառայողին իրավապահ մարմիններին հանձնելու նախադեպն ինչպիսի՞ ազդակ է հանդիսացել յուրայինների համար: Այս եւ հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննությանը վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԲՍՓ գործակալության պետ Միշա Վանյանի հետ:
– Կոռուպցիայի դեպքը տեղի ունեցավ 2006թ., գործակալության ստեղծման օրվանից սկսած՝ այն առաջին դեպքն էր, եւ Աստված տա, այն դաս լինի: Քանի որ ողջ հանձնաժողովը կհեղինակազրկվեր դրանով, ամբողջ կազմը ցրվեց եւ ստեղծվեց նորը: Նախագահի հանդեպ հարուցվել էր դատական գործ: Գործի մանրամասները հայտնի չեն: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, փողոցում նախնական պայմանավորվածության հիման վրա գործարք պետք է արվեր, բայց գործարքը կասեցվեց: Մինչ օրս շատ մութ հարցեր կան` չմեկնաբանված եւ անպատասխան:
– Բազմաթիվ դեպքեր կան, որ հաշմանդամության խումբ սահմանելու համար քաղաքացիներից «հաստատագրված» գումար է պահանջվում: Շատ հաճախ մարդիկ հիասթափվելով հանձնաժողովների գործելաոճից, այլեւս չեն դիմում նրանց` զրկվելով պետության կողմից տրված արտոնություններից: Ի՞նչ է արվում այն կանխելու համար:
– Բոլոր օղակներում ցանկացած խոսակցության համար մենք ենք պատասխանատու: Եթե գումար են պահանջում, ու քաղաքացին չի դիմում դատաքննչական մարմնին, գոնե վերադասին պետք է դիմի: Մինչեւ հաշմանդամ դառնալը, մարդը մեծ շրջապտույտ է կատարում` բուժման, ուղեգրման, գործերի ընդունման եւ փորձաքննման գործընթացներ է անցնում: Ես բոլոր ատյաններով հայտարարել եմ, որ մերոնցից որեւէ մեկն այդ չարչիական, մանրջեբկիրական մակարդակի վրա չէ: Երբ դիմում են փորձաքննության, նախօրոք որոշում են ընդունում, որ իրենք հաշմանդամ են, հետո մերժվելով` նման խոսակցություններ են տարածում: Հիմնական մեղքը տվողինն է, որն անազնիվ ճանապարհով ուզում է պետությունից փող ստանալ:
– Լսողության հետ խնդիրներ ունեցող, սակայն խոսելու ունակ երեխան հաշմանդամ կարո՞ղ է ճանաչվել ու ինչպիսի՞ արտոնություններից պետք է օգտվի:
– Միայն լսողական խանգարում ունենալը դեռ հաշմանդամություն չէ: Հաշմանդամն այն անձն է, որն ունի սոցիալական պաշտպանության կարիք: Իսկ կառավարության որոշումով հստակ սահմանված են սահմանափակման 3 աստիճանի դասակարգումները: Եթե առաջին աստիճանի հաղորդակցման սահմանափակում է, ճանաչվում է հաշմանդամ երեխա, իսկ մեծահասակների դեպքում տրվում է երրորդ խումբ: Մենք այսօր լսողական խանգարումներ ունեցողների համար չափորոշիչները մեղմացրել ենք: Մեր օրենսդրությունը մոտեցվել է ՌԴ-ի մոդելին: Թեեւ Ռուսաստանում խուլ-համրերը երրորդ խումբ են ստանում, մենք նրանց երկրորդ խումբ ենք ճանաչել, որն առողջ բանականությունից հեռու է, քանի որ խուլ-համրը կարող է աշխատանքով զբաղվել, հաղորդակցվել, ինքնասպասարկում իրականացնել: Եթե երեխան կրում է լսողական սարք կամ նրա լսողությունը թույլ է, դեռեւս բավարար հիմք չկա` նրան հաշմանդամ ճանաչելու: Այսօր փորձաքննության մասնագիտական գործընթացը հեշտացվել է. հաշմանդամության խումբ ուզելու պահը նվազագույնի է հասցվել: Օրինակ, եվրոպական երկրներում շատ խիստ են դրված հաշմանդամների պետական հովանավորության հարցերը, եթե մարդն աշխատանքի ժամանակ դարձել է հաշմանդամ, եւ չունի ապահովագրական ստաժ, մի մտածեք, Հայաստանի պես 148 հազար մարդու պետությունը թոշակ է տալիս: Եթե 10% հաշմանդամություն կա Եվրոպայում, մի կարծեք, թե բոլորը պետության կողից հովանավորվում են: Այնտեղ այլ մոտեցումներ կան:
– Օրինակ:
– Նախ՝ պետությունը հովանավորում է մի որոշակի խմբի: Հիվանդ երեխաներին սովորեցնում են ամենապարզ մասնագիտություններ, որը կոչվում է աբիտալացիա: Մարդկանց աշխատանքի դիմաց են վճարում: Եթե մարդն աշխատանքային գործունեության ժամանակ է դարձել հաշմանդամ, պետությունը ոչնչով չի պարտավորվում, դատարանի միջոցով գործատուն է վճարում նրան, կամ հաշմանդամությունից հետո վերաորակավորվում է` նորից աշխատանքի անցնելու համար:
– Հաշմանդամություն եւ ուսում, ի՞նչ խնդիրներ կան:
– Հիմա ոչ մի խնդիր չկա: Արտոնությունները հանված են, այդ շահարկումներից ձերբազատվեցինք: Օրենքով ամրագրված դրույթ է, որ պետությունը երաշխավորում է հաշմանդամի բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնումը: Զարգացած երկրներում հաշմանդամին ամբողջ կյանքում չեն վճարում. ոչ թե ձուկ են տալիս, այլ կարթ են տալիս, որ նա ձուկ որսա: Երբ հաշմանդամ-դիմորդը վճարովիի սահմանը հատել է, պետությունն իր վճարը կատարում է: Բժշկասոցիալական փորձաքննության երկրորդ փուլի ժամանակ որոշակի ցուցումներ են տրվում. եթե երեխան ծանր շաքարախտով հիվանդ է ու նրա ակնահատակում փոփոխություններ կան, եւ նա ուզում է բժիշկ դառնալ, մենք բացատրում ենք, որ նա սխալ մասնագիտություն է ընտրել: Ավելի կոնկրետ դեպք մեջբերեմ. էպիլեպսիայով հիվանդ երաժիշտ երեխան ուզում էր Կոնսերվատորիայի դիրիժորական բաժին ընդունվել, մենք նրան բացատրեցինք, որ բեմում էպիլեպսիկ նոպա կարող է ունենալ, եւ ուղղորդեցինք այլ ուղղություն ընտրել: Պետությունը վճարում է նպատակային, այլ ոչ թե հաշմանդամն է արտոնյալ:
– Մահացությունը հաշմանդամների շրջանում քանի՞ տոկոս է կազմում:
– Տարեկան բազայից մոտ 1200 մահացած հաշմանդամի տվյալ է հանվում: Հաշմանդամների համապետական բանկը ներկայումս բաղկացած է 148.656 մարդուց, որն ամեն ամիս փոփոխվում է, տարվա մեջ միջինը 15-16 հազար հաշմանդամ է ճանաչվում ՀՀ-ում, մերժման տոկոսները նույնպես կայուն են. Առողջապահության նախարարությունից ուղեգրվածների մոտ 5 տոկոսը մերժվում են:
– Ցմահ հաշմանդամության խումբ տալու ժամկետն ինչո՞ւ է ձգձգված. 7 տարին արհեստական շեմ չէ, եթե քաղաքացին մի ոտքից զրկվել է, ի՞նչ է, նրա ոտքը 7 տարվա ընթացքում պետք է աճի՞:
– Յոթ տարին վերաբերում է այն հիվանդներին, որոնք վերականգնողական ներուժ ունեն: Իսկ եթե անվերադարձ է կենսագործունեության սահմանափակումը, միանգամից սահմանվում է անժամկետ հաշմանդամություն: Ամպուտատներին անհրաժեշտ է հոգեբանական եւ սոցիալական վերականգնում:
– Ինչպե՞ս եք վերաբերվում մեծ թվով հասարակական կազմակերպությունների` հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվելու փաստին: Դրանք սնկի պես աճում են:
– Ինձ համար հարցական է, թե ինչի՞ համար են այդքան շատ հասարակական կազմակերպությունները (ՀԿ) եւ ի՞նչ են նրանք անում: Մոտ 2-3-ն են, որ շատ լավ աշխատանք են կատարում: Մյուս կողմից` թեման շատ հնչեղ է ու խորհրդավոր: Միջազգային կազմակերպությունները լավ են ֆինանսավորում: Չէի ասի, թե ՀԿ-ները կառավարության բացն են լրացնում: ԱՊՀ տարածքում մեր հաշմանդամների պաշտպանության ծրագիրը լավագույն ծրագրերից է: Այսօր սայլակի, լսողական սարքի, պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամներ չունենք, իսկ տարածաշրջանում ամենաորակյալ պրոթեզները Հայաստանում են պատրաստվում: