Իրանցիները վրդովված են

15/03/2007

Թեհրանում որպես իրանական ազգի համար վիրավորական են գնահատել հոլիվուդյան «300 սպարտացիներ» նոր բլոկբաստերը: Ինչպես հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էլհամը, «այդ ֆիլմն Իրանի դեմ լայնածավալ մշակութային ագրեսիայի բաղկացուցիչ մասն է»: Կինոնկարը պատմում է Սպարտայի Լեոնիդաս թագավորի եւ նրա երեք հարյուր մարտիկների սխրանքի մասին, որոնք մի քանի օր Թերմոպիլի նեղ լեռնանցքում կասեցրել են պարսիկների բազմահազարանոց բանակը: Իրանցիների նախնիները ֆիլմում պատկերված են որպես դաժան եւ կարճամիտ ռազմիկներ, որոնց խորամանկորեն խաբում են հնարամիտ հույները: Իրանի Մեջլիսի որոշ անդամներ նույնիսկ դիմել են երկրի ԱԳ նախարարին եւ Մշակույթի ու իսլամական կողմնորոշման նախարարին՝ խնդրելով իսլամական պետությունների իշխանություններին հորդորել արգելելու կինոնկարի ցուցադրումը: «Հակաիրանական» այս ֆիլմը մարտի 23-ից կցուցադրվի նաեւ Հայաստանում: