Թուրքական «Միլիեթ» թերթի թղթակից Մեթին Մյունիրը իսրայելաքրդական հարաբերությունների մասին մեկնաբանության մեջ հայտարարել է, որ քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանի ձերբակալությամբ եւ նրան Թուրքիային հանձնելով, Թել Ավիվը «նվեր» է մատուցել Անկարային: Ըստ Մեթինի` Իսրայելը Օջալանին հանձնել է Թուրքիային` 1990-ականներին տարածաշրջանում «հանգիստ կերպով իր աշխատելու դիմաց»: Մեթինն իր այդ պնդումը հիմնավորել է Սքոթ Ռիթթերի «Target Iran» («Նպատակն Իրանն է») գրքում բերված փաստերով: «Իսրայելի Թուրքիայի հետ 1958 թ. ստորագրած համագործակցության համաձայնության չափ ռեգրեսիվ մոտ հարաբերություններ կան: Հետախուզական տվյալների փոխանակումն այդ համաձայնության կարեւոր մասերից մեկն էր: Դրա օրինակն այն է, որ Ադրբեջանում Իսրայելն իր հետախուզական ցանցը հիմնել է Թուրքիայի օգնությամբ: Չցանկանալով քրդերի պատճառով խզել համագործակցությունը Թուրքիայի հետ` Իսրայելը համաձայնության է եկել Անկարայի հետ: Թուրքիան խոստացել էր նկատելու չտալ Հյուսիսային Իրաքում եւ Իրանում քրդերի վրա հիմնված հետախուզական գործողությունները, դրա դիմաց ակնկալելով «Քրդական աշխատավորական կուսակցություն» կազմակերպության հետ կապված տեղեկատվություն Իսրայելից: Աբդուլա Օջալանը 1999 թ. փետրվարին ձերբակալվել է Իսրայելի հետախուզության օգնությամբ», – ասվում է Ռիթթերի հեղինակած գրքում: Մեթինի խոսքերով, Իրանի հետ Իսրայելի հարաբերությունները փչացել են մոլլաների իշխանության գալու պատճառով, սակայն, եւ՛ Իրաքը, եւ՛ Իրանը նախկին ջերմությամբ շարունակում են քրդերի հետ իրենց հարաբերությունները: