Երեւանի մնջախաղի պետական թատրոնը զարմանալի կուռ ու պրոֆեսիոնալ թատերախումբ է: Զարմանալի է, որովհետեւ պետական կարգավիճակ, ներուժ եւ ճաշակ ունեցող թատրոնը չի մանրանում ու ցածրանում` անլուծելի թվացող խնդիրների բեռան տակ: Թատրոնը որքան ուզես գեղեցիկ ու թարմ գաղափարներ, գեղեցիկ ու պրոֆեսիոնալ մնջախաղացներ ունի, սակայն բեմ չունի եւ բեմադրությունները ցուցադրել չի կարող: Վերջին տասնամյակում թատրոնն անընդհատ շենքային խնդիրների առջեւ է կանգնում, սակայն «շենքային պատերազմների» նախաձեռնող ու բորբոքող չի դառնում: Սպասում էգ Թեեւ հանգրվան գտնելու ոչ միանշանակ առաջարկներ է ստանում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին մի քանի տարի առաջ առաջարկեցին Թումանյան փողոցում գտնվող նախկին «Փոսի» թատրոնին պատկանող շենքը զբաղեցնել (ի դեպ, «Փոսի» թատրոնի տեղում այլեւս թատրոն չի գործում): Իսկ վերջերս էլ առաջարկվեց Պատանի հանդիսատեսի շենքում գործող փոքր դահլիճի տերը դառնալ, բայց Ժ. Դադասյանն այդ առաջարկները սխալ ու ոչ բարոյական է համարում, քանի որ չի ցանկանում մեկ այլ թատրոնի շենքի զավթիչը դառնալ: Նա ասում է. «Քանի դեռ կամ, ամեն ինչ կանեմ, որ թատրոնը քաղաքում իր տեղը գտնի, բայց ոչ ուրիշ թատրոնների հաշվին»:
Այժմ թատրոնն իր խաղացանկում 10 ներկայացում ունի, որոնցից ռեալ կարողանում է խաղալ միայն հինգը, քանի որ հիմնական բեմ չունենալը զրկում է դեկորացիաներ տեղադրելու հնարավորությունից եւ կապանքների մեջ է պահում դերասաններին: Այժմ թատրոնն ամիսը չորս ներկայացում խաղալու իրավունք ունի: Ժ.Դադասյանն այդ փաստն առաջընթաց է համարում: «Ով ինչ ուզում է, թող ասի, բայց թատրոնը դերասանի արվեստ է: Եթե բեմում կենդանի դերասան չունես, ուրեմն ոչինչ չի ստացվի, եւ ոչ մեկին դա պետք չի լինի: Դերասանն է ներկայացման կենդանի շունչը»,- ասում է նա եւ ոգեւորությամբ պատմում թատրոնի նոր՝ «Դեւը» ներկայացման մասին, որը բեմադրում է Յուրի Կոստանյանը: «Դեւի» մեջ դասական մնջախաղի մոդելը նոր գույներ կստանա, քանի որ այնտեղ տեղ կգտնեն նաեւ ձայնային էքսպերիմենտները: Համոզված ենք, որ այն հետաքրքիր կլինի, քանի որ Մնջախաղի թատրոնը միշտ էլ որակյալ ու եզակի «արտադրանք» է ստեղծում:
– Գիտեմ, որ չես սիրում, երբ քեզ ռեժիսոր են կոչում:
– Ես գիտակցում եմ այդ բառի պատասխանատվության աստիճանը: Ախր ռեժիսորը շատ բարդ պրոֆեսիա է: 20-րդ դարի սկզբին պարադոքսալ բան տեղի ունեցավ. «բորբոքումային» բոլոր պրոցեսները հանգեցրեցին նեղ մասնագիտացմանը, մարդիկ սկսեցին «խորանալ» որեւէ մի ճյուղի մեջ: Եթե իմանում ես, ասենք, օպտիկան, քեզ մեխանիկան այլեւս պետք չէ: Ռեժիսորը պարտավոր է ամեն ինչ իմանալ, քանի որ իր աշխատանքի նյութը կյանքն է: Հիմա ռեժիսորն իր առջեւ պետք է դնի Վերածննդի տիտաններին հատուկ խնդիրներ եւ ամեն ինչ իմանա` ատոմի միջուկի կառուցվածքից սկսած, քիմիայով, նկարչությունով վերջացրած: Եվ երբ մարդը գիտակցում է, որ բավարար չափով գիտելիք չունի, նա չի կարող այդ պրոֆեսիայի նշաններն իր վրա վերցնել: Իսկ այսօր երկրորդ կուրսի որեւէ անգրագետ ուսանող կարող է ասել, որ ինքը «ռեժիսյոր» է (անպայման «յ» տառով): Այդ պրոֆեսիայի գաղտնիքը մշտապես թարմի, մշտապես նորի, էքսպերիմենտի մեջ լինելու ցանկությունն է: Եվ շատ կարեւոր մի խնդիր կա. նա պետք է ինքն իրեն չդավաճանի: Եթե այսօր դու պրոֆեսիային դավաճանես, ապա վաղն ամեն ինչին` հայրենիքին, ընկերոջը, երեխային կդավաճանես:
– Դու շա՞տ սկզբունքային մարդ ես:
– Ստացվում է, որ այո: Եվ դրանից միշտ տուժում եմ: Բայց դրա հակառակ` պարադոքսալ կողմը կա. ես ինձ ապահովված եմ զգում, քանի որ, ինչպես մտածում եմ, այնպես էլ աշխատում եւ ապրում եմ: Իշխանական ատյաններում ինձ չեն ճանաչում, եւ դա լավ է, քանի որ ես երբեք ոչ մեկին իմ ներկայացումներին չեմ հրավիրում: Քաղաքում գործող յուրաքանչյուր թատրոն քաղաքացիների համար է, իսկ երկրի իշխանավորները նույն քաղաքացիներն են, նրանց հատուկ հրավիրել պետք չէ: Ի՞նչ է, նրանք երեկոները քաբաբ ուտելուց բացի ուրիշ բան չունե՞ն անելու, ինչո՞ւ չեն կարող բոլորի նման թատրոն գնալ: Ես իշխանավորների հետ տալիք ու առնելիք չունեմ, փորձում եմ ազնվորեն իմ գործն անել: Եվ համոզված եմ, որ այսօրվա ամենամոդեռն, ամենաժամանակակից, մեր քաղաքին ամենահամապատասխանող ժանրը մնջախաղն է:
– Ինչո՞ւ:
– Հիմա արտասահմանի հետ կապերն ու կոմունիկացիաները շատացել են, ընդհանուր շարժ կա, որը չկար խորհրդային տարիներին: Եվ համապատասխան պրոպագանդա անելով` Մնջախաղի թատրոնը կարող է ներկայանալ այնպես, ինչպես երկիրն է ուզում: Մնջախաղի թատրոնը տուրիստական «հուշանվերային» թատրոն է: Մտնում ես խանութ, հուշանվեր ես գնում ու տանում քեզ հետ: Նույն կերպ էլ թատրոնում է. մտնում ես կենդանի հուշանվերների խանութ ու քեզ հետ տպավորություններ ես տանում: Ճապոնական կաբուկի թատրոն գնալով՝ քեզ հետ միայն հուշեր ես բերում` ազգային թատրոնը քո մտապատկերի մեջ որպես սուվենիր մտապահելով: Տուրիստական առումով մնջախաղը շատ ձեռնտու մոդել է, քանի որ թարգմանության կարիք չունի, ու շատ կամերային է, ծավալների խնդիր չունի: Մեր իշխանավորները` «թատրոն» բառը լսելով, միայն մեծ ու մասշտաբային բեմեր են պատկերացնում, իսկ այդ մասշտաբները մեր քաղաքին հատուկ չեն, քանի որ մեր քաղաքը շատ կամերային է: Պետք է փոքր լինես, ու շատ լինես: Եվ ամենակարեւորը` բազմազան լինես: Երեւանին պետք են 50 կամ 100 տեղանոց թատրոններ, բայց դրանք պետք է բազմաժանր ու հետաքրքիր լինեն: Մնջախաղի թատրոնի մոբիլ ու շարժունակ լինելու հատկությունը շատ լավ գիտակցել են, եւ մենք հաճախ ենք հյուրախաղերի մեկնում:
– Մնջախաղի թատրոնում դիսցիպլինան ու կանոնավոր փորձերը շատ կարեւոր են: Հիմա կարծես թե փորձեր անելու տեղ գտել եք:
– Մնջախաղում կարգուկանոնը շատ կարեւոր է, փորձի ժամերը մեզ համար սուրբ ժամեր են, որտեղ էլ որ լինենք` փորձ ենք անում: Իսկ մենք շատ տարբեր տեղեր էինք լինում: Հիմա երջանիկ եմ, որ գոնե մեկ տարի աշխատելու տեղ ունենք: Վարձակալում ենք Պատանի հանդիսատեսի թատրոնի փորձասենյակն ու այդ թատրոնի բեմում ամիսը չորս ներկայացում խաղալու իրավունք ենք ձեռք բերել: Իսկ նախորդ երկու տարիների ընթացքում մենք առավելագույնը ութ ներկայացում էինք կարողանում խաղալ:
– Գեղարվեստի ակադեմիայի բեմը շատ հարմար էր, բայց հիմա այն կարծես թե անվերադարձ կորել է:
– Թատրոնի համար այն կորել է, բայց ակադեմիան հովանավոր օլիգարխն ինչ-որ կերպ կօգտագործի: Իհարկե, հանդիսատեսին պետք է թատրոնի տեղին, տեղանքին սովորեցնել: Երբ Գեղարվեստի ակադեմիային կից բեմում էինք աշխատում, մարդիկ այդ տեղանքը հենց Մնջախաղի թատրոնի հետ էին կապում:
– Թատրոնը վերջերս «Հայկական տառեր» շատ օրիգինալ ֆիլմը նկարահանեց, որտեղ դերասանները սեփական մարմիններով էին ստեղծում տառերի պատկերները: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը:
– Դա ռուսական մի պրոդյուսերական ընկերության պատվերով է արվել, որն ամեն տարի կոնյակի պրոմոուշեն է անում եւ աշխատում է թարմ բան ստեղծել (անցյալ տարի, օրինակ, Ջիվան Գասպարյանի ու Բորիս Գրեբենշչիկովի համատեղ համերգն էր կազմակերպել): Նրանք ինձ դիմեցին, ես էլ նկարահանեցի: Գաղափարը վաղուց ունեի, նույնիսկ մի քանի տառերի լուսանկար էինք արել: Այդ նախագծում կարեւորը «բանալին» էր, քանի որ մարմնով տառ ստեղծելու մեջ ոչ մի դժվար բան չկա: Մեր «բանալին» դարձավ ընտանիքը` կինը, տղամարդն ու երեխան: Կինը միշտ սյունն է, տղամարդը` կամարը, իսկ երեխան` լրացնող մասնիկը: Երեքն էլ սիրո մեջ են ապրում, եւ հայկական տառերը ընտանիքում են պահպանում: Չէ՞ որ դարեր առաջ հայ մարդը` կարդալ չիմանալով, գրքերը բերել-հասցրել է Մատենադարան, որը համարվում է մեր մշակույթի «բունկերը»:
– Ինչպե՞ս է ստացվում Մնջախաղի թատրոնը զերծ պահել մշակութային կոնյունկտուրայից:
– Ես ձգտում եմ անել այնպես, որ օտար ազդեցությունները բացասաբար չազդեն մեզ վրա: Հիմա «մոդեռն դանս» անվան տակ ինչ ասես բերում են ու մեզ են հրամցնում: Իսկ թատրոնի տարբեր ուղղությունները կարող են միայն բաղադրիչ լինել, բայց ոչ երբեք դոմինանտ: Մնջախաղի թատրոնն, իրականում, շատ փակ համակարգ է, ես փակել եմ թատրոնը, որպեսզի «վիրուս» այնտեղ չմտնի: Դերասաններին ասում եմ` մենք ոչ մի բանի մասին չենք մտածում, որքան որ հնարավոր է` աշխատում ենք, զբաղվում ենք մեր «փեշակով» եւ օգտագործում ենք այն, ինչը ունենք: Մարդկանց ներկայացումների չենք հրավիրում, խաղերի մեջ չենք մտնում, նույնիսկ հանդիսատես «բերելու» մասին չենք մտածում, չենք փորձում դպրոցներում տոմսեր «ցրել»: Ադմինիստրատոր էլ չունենք:
– Իսկ քաղաքում «վիրուսը» շա՞տ է:
– Ամենուրեք է: Մի օր կանգնիր հրապարակում ու փորձիր զգալ քաղաքի էներգետիկան, համոզված եմ, որ միայն բացասական լիցքեր կհավաքես: Նույնիսկ գարնան պարագայումգ Իսկ թատրոնն այդ ամենից անկախ լինել ու միայն ժամանցի վայր համարվել չի կարող: Թատրոնը հասարակական երեւույթ է, որը դաստիարակում է, քանի որ հանդիսատեսի հետ այնտեղ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում: Համոզված եմ, որ եթե ուզենք, կարող ենք դառնալ աշխարհի ամենաթատերային երկիրը: Ձեւը շատ պարզ է. մեր շատ բարձր ղեկավարությունն ամեն օր պետք է թատրոն գնա ու պահուստային ֆոնդերից ֆինանսավորի թատրոնները: Այդ դեպքում երիտասարդները կիմանան, որ եթե իսկապես զբաղվեն թատրոնով (այլ ոչ թե, լավագույն դեպքում, հեռուստաալիքներից մեկում աշխատանք գտնեն)` լուրջ հաջողությունների կհասնեն: Թատրոնը պետք է խրախուսել այնպես, ինչպես այսօր խրախուսվում է, ասենք, շախմատը: Ցավոք սրտի, իշխանություններն այսօր ազգային մշակույթ իրենց ներսում չեն պարունակում եւ, հետեւաբար, չեն պարունակում նաեւ Հայրենիքի գաղափարը: Ստացվում է, որ մենք միայն մասնավոր, ակտուալ խնդիրներ ենք լուծում: Այսօր ունենք խնդիր` փորձում ենք դրա լուծումը գտնել, իսկ վաղն ուրիշ խնդիր կծագի, մենք էլ դրա մասին կմտածենք վաղը:
– Պրոֆեսիոնալ արվեստը կարո՞ղ է պրոպագանդվել ու ծաղկել վերեւներում գտնվող մեկ կամ երկու մարդու շնորհիվ:
– Անշուշտ: 1990-ականների սկզբին ռուսական թատրոնը փլված ու խեղճացած վիճակում էր: Եկավ Ռուսաստանի նախագահն ու ասաց. «Ես ձեր կողքին եմ, որովհետեւ դուք եք այս ազգի դեմքը: Դուք, այլ ոչ թե` ես ու իմ շրջապատը»: Նա Մոսկվայից մեկ օրով Սանկտ Պետերբուրգ էր մեկնում, որպեսզի Ալիսա Ֆրեյնդլիխի ծննդյան օրը շնորհավորի, նրան ծաղկեփունջ նվիրի եւ նրա բնակարանում թեյ խմի: Այդպիսի մեթոդներով ռուսական թատրոնն ու կինոն կարողացան զարթոնք ապրել: Հայացքը ճիշտ տեղ ուղղելու խնդիր կա: Մեր հերոսներն արդյոք նրա՞նք են, ում մենք արձաններ ենք կանգնեցնում եւ որոնց անուններով փողոցներ ենք կոչում: Իսկ եթե նրանք այլեւս մեզ համար հեղինակություն չեն, եկեք հանենք նրանց արձանները պուրակներից եւ փոխարենը նոր հեղինակությունների կամ օլիգարխների արձանները դնենք: Այստեղ ազգային անվտանգության խնդիր կա, քանի որ մենք գնալով ավելի ու ավելի ենք խեղճանում ու «բանանային» հանրապետություն ենք դառնում: Իսկ մեկ մարդը շատ բան կարող է անել, եթե, իհարկե, ուզենա: Երեւանի տիկնիկային թատրոնն, օրինակ, մեկ մարդու` Անտոն Քոչինյանի շնորհիվ է կառուցվել եւ՝ այն ժամանակ, երբ պետական թատրոն կառուցելն արգելված էր օրենքով: Քոչինյանը մոսկվացի էներգետիկներին Սայաթ-Նովայի փողոցում երկու բարձրահարկ շենք կառուցելու իրավունք տվեց այն պայմանով, որ շենքի առաջին երկու հարկերում թատրոն լինի: Այդ մարդը երեխաների համար թատրոն կառուցեց` պետական փողերից ոչ մի կոպեկ չծախսելով եւ նույնիսկ շրջանցելով օրենքը: Ես միայն մի բան գիտեմ. այն մարդը, ով թատրոն է կառուցում` ազգի նվիրյալ է: Ես առաջարկում էի այդ մոդելն օգտագործել Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ:
– Գուցե Մնջախաղի թատրոնն էլ իր տեղը Հյուսիսային պողոտայում կգտնի:
– Դեռ 2001 թվականից ես խնդրում էի, որ այդ մասին խորը մտածեն, բայց հաշվի չառա, որ քառակուսի մետրը քաղաքում այնքան է թանկացել, որ ոչ ոք այն թատրոնին չի տա: Այսինքն, քաղաքին չի տա, քանի որ թատրոնը նույն քաղաքն է: