Զգուշացեք, դուք «TV-MARKET»-ի զոհ եք

15/03/2007 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Մի զարմացեք, եթե ձեր կնոջ պատրաստած աղցանն ուտելիս, ձեւավոր կտրատված գազարից ու կաղամբից բացի, պլաստմասսայի կտորներ ընկնեն ձեր ատամի տակ։ Անպայման հաճոյախոսեք ձեր կնոջը, եթե նա ձեր ուշադրությունը հրավիրի իր «նիհարած» որովայնի վրա։ Անիմաստ ջանքեր մի ծախսեք՝ փորձելով «յուրօրինակ» դանակով կտրել «նվեր ստացած» թավայի մեջ կիսախանձված միսը։

Իսկ առավոտյան, երբ տեսնեք, որ ձեր այսօրվա վերնաշապիկը ճմրթված է, հասկացեք, որ այն «չորացվել է հագուստը միանգամից արդուկող հատուկ սարքի մեջ»։ Ամենակարեւորը, շատ չվրդովվեք, եթե հանկարծ պարզեք, որ ձեր տան պահած «փողն» ավարտվել է։ Պարզապես շտապ աշխատանք գտեք ձեր կնոջ համար՝ ազատելով նրան տնային տնտեսուհու ծանր կարգավիճակից, կամ էլ հատուկ ծածկագիր դրեք հեռուստացույցի վրա, որպեսզի այն միանա միմիայն հեռուստասերիալների ժամանակ։ Եթե այս բոլոր «սիմպտոմները» նկատել եք, ուրեմն զգուշացեք, ձեր կինն ու երեխաները «TV-market»-ի զոհ են դարձել։

Վերջին շրջանում մեր հեռուստաեթերներում տեղ գտած այս հաղորդաշարը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնավորապես կանանց շրջանում։ Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ Հայաստանում գնումներ կատարելու պարտականությունը հիմնականում դրված է կնոջ ուսերին։ Հեռուստացույցն էլ կանանց առաջարկում է գնումներ անելու հեշտ տարբերակ՝ հենց տանից։ Շատ երկրներում սա աշխատող ծրագիր է։ Մասնավորապես արեւմուտքում նմանատիպ ծառայություն առաջարկող հաղորդումները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում։ Հաղորդաշարի աշխատանքային խումբը պարբերաբար փնտրում է հետաքրքիր մարդկանց, ովքեր յուրօրինակ ձեւով պետք է ներկայացնեն վաճառվող ապրանքը։ Իսկ Հայաստանում «TV-market»-ի կողմից առաջարկվող իրերը ներկայացվում են «ֆիրմային» գներով, սակայն ապրանքը շատ հեռու է որակյալ կոչվելուց։ Հաց, բուդ եւ, Աստված գիտի, թե էլ ինչ ասես կտրող դանակը, թերեւս, «TV-market» ծրագրի ամենալավ վաճառված իրն էր։ Շատ կանանցից լսեցինք, որ գնելով այս «հրաշագործ դանակը», հաջորդ օրն իսկ դրել են պահարանի ամենախորը եւ հեռու դարակում, որպեսզի աչքներին չընկնի ու չնյարդայնանան։ Դանակը ոչ միան ձեւավոր չի կտրում, ինչպես գովազդում էին, այլեւ ընդհանրապես բութ է։ «Nicer-Dicer» կամ այլ ճռճռան անուններով իրերն առաջին հայացքից շատ հարմար ու հեշտ կիրառելի են թվում, սակայն գործածելիս հասկանում ես, որ այն գումարը, որ տվել ես այս կամ այն ապրանքի համար՝ արդարացված չէ։ Հիմա կասեք՝ բայց մի բան գնում ենք, ուրիշ բան էլ նվեր ենք ստանում։ Այո, դա էլ է խաղի կանոնների մեջ մտնում։ «Կուտ» ասածը նվերի տեսքով ձեզ է մատուցվում. դուք թանկուկրակ գնում եք անորակ իրը, բավական չէ, մի այլ անորակ բան էլ նվեր եք ստանում։ Իսկ այդ նվեր ասածն էլ մտնում է այն գումարի մեջ, որը դուք տվել եք կոնկրետ առարկան գնելիս։ «Ես գնեցի մի զուգագուլպա, որը պետք է իբր թե նիհարեցնող արդյունք ունենար։ Մարմնագույն զուգագուլպան իմ գնածն էր, իսկ որպես նվեր տվեցին սեւը։ Ընդամենը մեկ անգամ եմ հագել երկուսն էլ, որովհետեւ հետո դրանք պարզապես լայնացան ու անպիտանելի դարձան։ Անպայման նշեմ, որ դրանք կրելու օրն էլ ես ամենեւին նիհար չէի երեւում»,- մեզ պատմեց մի կին, ով օգտվել էր «TV-market»-ի ծառայություններից։

«Մի գրեք համարը, պարզապես հիշեք»,- ասվում է գովազդի մեջ։ Հատկապես այն լավ ազդում է փոքրիկ երեխաների վրա, ովքեր, որպես կանոն, անգիր են անում հեռուստացույցով հեռարձակվող գրեթե բոլոր գովազդները։ Այդպես մի երեխա որոշել էր հեշտացնել իր մոր աշխատանքը եւ զանգահարելով «հեշտ հիշվող այդ համարով»՝ փոշեկուլ կամ, ինչպես ծառայությունում աշխատող աղջիկներն են ասում՝ «էլեկտրական ավել» էր պատվիրել։ Պատմությունը կարող էր շատ ավելի տհաճ ավարտ ունենալ, եթե ծառայությունում աշխատող օպերատորը հետ չզանգեր՝ «գնորդի» հասցեն ճշտելու համար։

«TV-Market»-ի օպերատորներից տեղեկացանք, որ հաղորդաշարում առաջարկվող ապրանքներին տրվում է երաշխիքային ժամկետ՝ 3-6 ամիս՝ կախված ապրանքի տեսակից։ «Մենք նախապես փորձարկում ենք կոնկրետ սարքը, հետո նոր վաճառում գնորդին»,- ասաց օպերատոր աղջիկը՝ ավելացնելով, որ երաշխիք ասվածը չի տարածվում այն դեպքում, երբ սարքը կոտրվում է կամ այրվում։ Հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է լինի, օրինակ, «Nicer-Dicer»-ին, որպեսզի այն այլեւս գազարն ու պլաստմասսան միասին չկտրատի։

Մեկ այլ յուրօրինակ նախադասություն էլ է հնչում «TV-Market»-ի գովազդում՝ «Ձեր հարեւաններն արդեն ունեն այս սարքը, իսկ դո՞ւք»։ Հայերի համար ճիշտ ընտրված նախադասություն։ Իհարկե, հարեւանից հո հետ չե՞նք մնալու։ Բոլորս պետք է իրար նման լինենք, չէ՞. նույն շորը հագնենք, նույն ավելով տունը մաքրենք, նույն պլաստմասսան ուտենք ու նույն «նիհարը» լինենք…