Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Երեւանից մեկնելու է Ժնեւ, որտեղ հանդիպելու է իր ամերիկացի ու ռուսաստանցի գործընկերներին:
Վաղը համանախագահները կհանդիպեն նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Հենց վերջիններիս ժնեւյան հանդիպումը կազմակերպելու նպատակով էլ տարածաշրջան էր այցելել Բ. Ֆասիեն: Ֆրանսիացի դիվանագետը նախ այցելել էր Երեւան, ապա՝ Բաքու եւ հետո՝ նորից Երեւան: Երեւանում եւ Բաքվում Բեռնար Ֆասիեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հետ: Երեկ Երեւանում հրավիրած ասուլիսում ֆրանսիացի դիվանագետն այդ հանդիպումները որակեց «օգտակար եւ կառուցողական»: Խոսելով բանակցային կարգավորման գործընթացից՝ նա նշեց, թե փախստականների վերադարձի հարցը միշտ քննարկվում է: Միաժամանակ նա ընդգծեց, որ այդ հարցի մասին դատողություններում ողջամտությունը քիչ է, եւ այն դառնում է քաղաքական շահարկումների առարկա, մինչդեռ հարցը «բավականին նուրբ է եւ զգայուն»: «Այդ հարցը պետք է ավելի իմաստնությամբ շոշափել»,- նշեց նա: Բ. Ֆասիեի խոսքերով՝ փախստականների վերադարձը պետք է սկսել նախ այն շրջաններից, ուր այդ գործընթացը քիչ բարդություն կառաջացնի: Ըստ նրա, շատ դժվար է խոսել վերադարձի մասին այն տեղերում, ուր, «ասենք, ադրբեջանցիները ճնշող մեծամասնություն են կազմել»: Բացի դա, Ֆասիեի խոսքերով՝ մարդկանց վերադարձի համար անհրաժեշտ է ստեղծել կենսագործունեության տարրական պայմաններ՝ տուն, էլեկտրականություն, ջուր, դպրոց, մշակութային օբյեկտներ, նոր միայն վերադարձնել նրանց: Սակայն նրա գնահատմամբ՝ դա էլ քիչ է ու պետք է մարդկանց մտածողության մեջ արմատավորել միասին ապրելու գաղափարը: «Չի կարելի տուն կառուցելիս սկսել տանիքից»,- թեման եզրափակեց նա: Բ. Ֆասիեն հայտարարեց, թե ինքը խոսում է բոլոր համանախագահների անունից, իսկ տարածաշրջան եկել է միայնակ, քանզի այդպես էր թելադրում աշխատանքային գրաֆիկը: Մեկ ժամից ավելի տեւած ասուլիսի ընթացքում Բ. Ֆասիեն հասցրեց պատասխանել ընդամենը մի քանի հարցերի, որովհետեւ խոսում էր շատ երկար ու երբեմն նույնիսկ ձանձրալի, հնչեցրած պատասխաններում էլ նորություն չկար: Ֆրանսիացի համանախագահը երեկ հայտարարեց, թե եթե Ժնեւում վաղը կայանալիք Վարդան Օսկանյան-Էլմար Մամեդյարով հանդիպումն արդյունավետ լինի, ապա հավանաբար կլինեն նախարարների եւս մի քանի հանդիպումներ, եւ եթե դրանք էլ արդյունավետ լինեն, ապա գուցե հանդիպեն նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Սակայն մինչ ՀՀ խորհրդարանի ընտրությունը նախագահների հանդիպում չի լինի: Միաժամանակ Բ. Ֆասիեն երեկ հույս հայտնեց, թե նախարարների հանդիպումը կլինի կառուցողական, ու «Հիմնական սկզբունքներ» կոչվող փաստաթուղթը «կֆորմալացվի»: Եվ իհարկե, եթե նախարարների հանդիպումը «կառուցողական» չլինի, Մինսկի խումբը շարունակելու է իր միջնորդական առաքելությունը: Ըստ ֆրանսիացի համանախագահի, նախարարների վաղվա հանդիպումն էլ է շարունակություն, ոչ թե նոր առաջարկների ու մոտեցումների մատուցում: Նա բանակցային ֆորմատի կամ հակամարտության ամբիոնի փոփոխությունն անցանկալի համարեց (խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների վերաբերյալ ՎՈւԱՄ-ի ներկայացրած նախագծի մասին է): Ֆասիեն հայտարարեց, թե որեւէ հակամարտություն նման չէ մյուսին, ու հակամարտությունները պետք է դիտարկել իրենց առանձնահատկություններից ելնելով: Նա անընդունելի է համարում նաեւ Լեռնային Ղարաբաղի ու Կոսովոյի միջեւ զուգահեռների անցկացումը: Բ. Ֆասիեի խոսքերով՝ Կոսովոն մի երկրի ներքին խնդիր է, ուր ներգրավված են նաեւ միջազգային խաղաղապահները, իսկ ԼՂ-ն այդպիսին չէ՝ խաղաղարարներ չկան, ու բացի այդ էլ՝ «առճակատումը երկու երկրների միջեւ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի»: Ինչպես նկատեցիք, երեկվա ասուլիսում ֆրանսիացի համանախագահը, խոսելով ԼՂ խնդրի մասին, շարունակ նշում էր հակամարտության «երկու կողմերի» մասին, այն մասին, որ առճակատումը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է (փաստորեն՝ ԼՂ-ն դիտելով վիճելի տարածք՝ այդ երկու երկրների միջեւ), եւ այլն: Իսկ երբ լրագրողներից մեկը նրան հիշեցրեց, որ ժամանակին ԼՂ-ն էլ էր բանակցային կողմ, որ բանակցությունների ձեւաչափն իրականում եռակողմ է՝ ներառյալ ԼՂ-ն, որ համանախագահները բազմիցս հայտարարել են, թե ինչ-որ փուլից սկսած ԼՂ ներկայացուցիչները եւս կմասնակցեն բանակցություններին, Բ. Ֆասիեն հայտարարեց, թե բնականաբար, եթե բանը հասնի նրան, որ արդեն խոսք գնա ԼՂ կարգավիճակի մասին, «ինձ թվում է, որ այդ պարագայում արդեն առանց բուն տարածքի վրա ապրողների կարծիքը հաշվի առնելու, այդ հարցը չի լուծվի»: Այնուհետեւ ֆրանսիացի համանախագահը հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Այն, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցային գործընթացին, Մինսկի խմբի համանախագահների որոշումը չէ, որովհետեւ ես գիտեմ, որ անցյալում այդպես էլ եղել է՝ նրանք մասնակցել են բանակցային գործընթացին, բայց նախքան իմ համանախագահ դառնալն այդ հաստատված պրակտիկան փոխվել է»: Փաստորեն՝ Բ. Ֆասիեն անուղղակիորեն «նախատեց» Հայաստանին, որի գործողությունների արդյունքում (այլ ոչ թե համանախագահների որոշմամբ կամ մեղքով) «հաստատված պրակտիկան փոխվեց»: Իսկ հաստատված պրակտիկան, հիշեցնենք՝ փոխվեց 1998թ., երբ Հայաստանի իշխանությունները սկսեցին հայտարարել, թե իրենք բանակցություններում ներկայացնում են նաեւ ԼՂ-ին: Սակայն մինչեւ ոմանք հասկացան այս տեսակետի վտանգավոր անհեթեթությունը, ԼՂ-ն այլեւս դե ֆակտո դուրս էր մղվել բանակցային գործընթացից, իսկ Ադրբեջանն էլ՝ բնականաբար չի ցանկանում հետ պտտել պատմության անիվը: Ու մինչ Հայաստանի իշխանություններից մի քանի տարի պահանջվեց «հայի հետին խելքով» հասկանալ բանակցություններին ԼՂ-ի մասնակցության կարեւորությունն ու բարձրաձայնել բանակցություններում ԼՂ մասնակցության անհրաժեշտության մասին, համանախագահները հայտարարում են, թե իրենք մեղավոր չեն, որ «հաստատված պրակտիկան փոխվեց», եւ հայկական կողմին մխիթարելու համար միանգամից ավելացնում են, թե՝ ոչինչ, «մեզ թվում է», որ երբ բանը հասնի Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը, ղարաբաղցիների կարծիքն էլ հաշվի կառնենք: