ՆԺԿ-ն «կընկալի՞» միջազգային հանրությունը

14/03/2007

Երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ իր դժգոհությունն է արտահայտում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից, որը խախտելով նախնական պայմանավորվածությունը՝ չի հեռարձակել «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ի նախագահ Կարեն Բեքարյանի եւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի զրույցը՝ Հայաստանի արտաքին քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ: «Մենք հակված ենք մտածել, որ ՀՀ իշխանությունների կողմից ՆԺԿ-ի նկատմամբ հարուցված հեռուստատեսային արգելափակումը շարունակվում է նոր թափով, եւ հեռուստաալիքները գտնվում են մամլիչ վերահսկողության ներքո,- ասված է հայտարարության մեջ։ -Հիշեցնենք, որ 2006թ. մայիսին «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության թողարկումներից մեկը, որի ուղիղ եթերին հրավիրված էր Արամ Կարապետյանը, նույնպես խափանվեց (հաղորդումից 15 րոպե առաջ հիշյալ հեռուստաընկերություն էր եկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը): Այս փաստերը եւս մեկ անգամ ցույց են տալիս ՀՀ առայժմ գործող իշխանությունների իրական դեմքը, որոնք ցինիկաբար կոշտ անհանդուրժողականություն են ցուցաբերում այլակարծության եւ արմատական ընդդիմադիր կեցվածքի ցանկացած դրսեւորման նկատմամբ»: Հայտարարության վերջում ՆԺԿ-ն, չգիտես ինչու, հույս է հայտնում, որ «միջազգային հանրությունը ճիշտ կընկալի մեր պայքարի հետագա համարժեք քաղաքական քայլերն՝ ուղղված ՀՀ իշխանությունների դեմ»: Փաստորեն, Ա. Կարապետյանի հայտարարությունն ուղղված է ոչ թե Հայաստանի, այլ` միջազգային հանրությանը: Հուսով ենք` միջազգային հանրությունը ոչ միայն ճիշտ կընկալի, այլեւ ճիշտ կգնահատի ՆԺԿ հայտարարությունը, ու նրան եթեր կտրամադրի միջազգային հեռուստաընկերություններում: