Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատել է «ՀայՌուսգազարդ» ընկերության եռամյա՝ 2007-09թթ. համար 68,2 միլիարդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրը: Այդ ներդրումների զգալի մասը՝ 40,3 միլիարդ դրամ, «ՀայՌուսգազարդը» նախատեսում է իրացնել 2007թ.: ՀԾԿՀ երեկվա նիստում հանձնաժողովի ներդրումային ծրագրերի հարցերի բաժնի պետ Աբգար Բուդաղյանը հայտարարել է, թե «ՀայՌուսգազարդի» ներդրումային ծրագրի հիմնական ուղղությունները լինելու են գազամատակարարման համակարգի ընդլայնումն ու նորոգումը, որի համար նախատեսվում է երեք տարում իրականացնել 58,7 մլրդ դրամի ներդրում: Ի դեպ, այդ գումարից 5 միլիարդ դրամը տրամադրվելու է ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնմանն ու զարգացմանը, իսկ գազաբաշխիչ համակարգի զարգացման ու ընդլայնման նպատակով՝ «ՀայՌուսգազարդը» ծրագրում է առաջիկա երեք տարիներին ներդնել 9,2 մլրդ դրամ: Իսկ «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանն ասել է, որ ընկերությունը ներդրումային միջոցները ծրագրում է հայթայթել բաժնետոմսերի լրացուցիչ էմիսիայի շնորհիվ, որին կարող են մասնակցել բոլոր բաժնետիրական ընկերությունները: