ՀՅԴ նախընտրական խորհրդաժողովը

14/03/2007

Երեկվա ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի երկրորդ խորհրդաժողովին, որը տեւելու է երեք օր, մասնակցում էին աշխարհի 28 երկրների Հայ Դատի գրասենյակների 85 ներկայացուցիչներ: Հավաքը դարձյալ լինելու է փակ ռեժիմով, այն լրագրողների եւ մյուս հյուրերի համար բաց էր միայն երեկ՝ խորհրդաժողովի բացման օրը:

Մինչ խորհրդաժողովի բացումը` մարտի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում-սեմինար է եղել ՀՀ ԱԳ նախարարության ղեկավարության եւ ՀՅԴ Հայ Դատի խորհրդի ներկայացուցիչների հետ, ուր քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, ՀՀ ԱԳՆ կառույցների եւ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ՝ Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման հնարավորությունները:

Խորհրդաժողովի նպատակն, ըստ կազմակերպիչների, հանձնախմբերի ներկայացուցիչներին Հայաստանի արտաքին եւ ներքին կարեւորագույն հիմնախնդիրները ներկայացնելն ու ՀՅԴ Հայ Դատի ռազմավարությանը, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների անելիքներին անդրադառնալն է: ԱԺ դաշնակցական փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, պետականություն չունեցող հայ ժողովրդին միջազգային ասպարեզ եւ միջազգային բեմեր վերադարձնելն է եղել Հայ դատի հաջողություններից մեկը, եւ հայ դատի համար կազմակերպված, կազմակերպությունների միջոցով պայքարը կարելի է համարել ՀՅԴ ամենամեծ քաղաքական հաջողությունը: «Այժմ, երբ կա հայկական պետություն, որը զբաղվում է հայ դատի խնդիրներով, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների անելիքները կրկնապատկվել են, գրասենյակները զբաղվում են ոչ միայն հայ դատի, այլեւ միջազգային ասպարեզներում Հայաստանի դիրքերի ամրապնդմամբ` Հայաստանը հենվում է Հայ Դատի գրասենյակների վրա, Հայ Դատի գրասենյակներն էլ իրենց թիկունքում զգում են Հայաստան պետության ամուր ձեռքը»,- հայտարարել է Վ. Հովհաննիսյանը` հորդորելով զգուշանալ եւ խուսափել երեք վտանգավոր սխալներից: Առաջին վտանգավոր սխալն, ըստ Վահան Հովհաննիսյանի, այն է, որ պետք է վերանալ «մեր թշնամիների սերմանած» այն տեսակետից, թե սփյուռքը իր խնդիրներն ունի, Հայաստանն` իր, եւ, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր խնդիրներով: «Հայոց պետականության վերականգնումը չի նշանակում, թե Հայ Դատի գրասենյակների գոյությունն անիմաստ է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը` զգուշացնելով երկրորդ վտանգավոր սխալից: Եվ երրորդ. ըստ ԱԺ փոխնախագահի, սխալ է մտածել, թե «սուսուփուս նստենք, մեր պատմական իրավունքների մասին չխոսենք եւ մեզ խելոք պահենք` արդյունքի կհասնենք»: Նա առաջարկում է գործել միասնական, որի դեպքում, ըստ նրա, մենք կունենանք ավելի «անկախ, ավելի ազատ եւ միացյալ Հայաստան»: Իսկ Արմեն Ռուստամյանն իր երեկվա ելույթում ավելի շատ անդրադարձավ բոլորովին այլ խնդրի: Օրինակ, նա իր ելույթում հայտարարեց, թե Հայաստանում իշխանությունների ձեւավորման գործընթացն ամենեւին էլ չի համապատասխանում միջազգային չափանիշներին: «Ընտրությունները պետք է լինեն նորմալ,- հայտարարեց նա,- ոչ նորմալ բոլոր լիմիտները սպառվել են»: