Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում «պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: «Վաղուց ժամանակն է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եւ ետ քաշել Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից,- ըստ «Trend»-ի, ասել է նա ու ավելացրել,- պետք է հատուկ նշանակություն տրվի նրան, որ ցանկացած կարգավորում պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Էրդողանը ասել է նաեւ, թե «տեղահանվածների վերադարձն անհետաձգելի հումանիտար հարց է, որը մեր մշտական ուշադրությունն է պահանջում, եւ դա պետք է շտապ լուծվի»: «Միջազգային հանրությունը պետք է Հայաստանից պահանջի կառուցողական, ամբողջովին միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված քաղաքականություն վարել իր հարեւանների նկատմամբ»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Միաժամանակ նա հավաստիացրել է, թե Թուրքիան, իր հերթին, կնպաստի հակամարտության կարգավորմանն աջակցելու այն ջանքերին, որոնք հիմնված են փոխզիջման վրա եւ «ցանկացած դեպքում ընդունելի են Ադրբեջանի համար»: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության հարցերին՝ Էրդողանը կարծիք է հայտնել, թե Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը նշանակալիորեն առաջ են անցել իրենց եռակողմ հարաբերություններում, ինչի վկայությունն է, ըստ նրա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը: