Էլիտայի հերթական զոհերը

10/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ամիրյան 4/24 շենքի հարեւանությամբ բարձրացող կիսակառույցի տերը Վարդենիսի նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանն է: Շենքի հիմքերը գցվել են դեռեւս 6-7 տարի առաջ՝ հավաստիացնում են տարածքի բնակիչները: 6-7 տարում Մելիք Գասպարյանը հասցրել է ընդամենը մի քանի հարկ կառուցել: Հիմա էլ պատրաստվում է 4/24 հասցեի բնակիչներից գնել նրանց բնակարաններն ու շինությունն ընդարձակել: Պրն Գասպարյանի ներկայացուցիչները հատ-հատ այցելում են բոլորի բնակարաններն ու առաջարկում պայմանագիր կնքել: Բանավոր ներկայացվող պայմանագրով բնակիչներին առաջարկում են երկու տարվա բնակարանի վարձ՝ առանց նշելու վարձաչափը, փոխարենը՝ իրենց շենքը հիմնավոր կքանդվի, տեղում էլիտար շենք կկառուցվի ու կվաճառվի բնակիչներին: Պրն Գասպարյանը 1 քմ էլիտար տարածքը՝ առանց վերանորոգման, միայն դատարկ պատերը, բնակիչներին կառաջարկի 250-300 դոլարով, իսկ եթե բնակիչներն ավելի ընդարձակ բնակարան կամենան, քան ունեցել են, Մելիք Գասպարյանը որեւէ խնդիր չի տեսնում, հավելյալ 1 քմ-ն առաջարկում է 700 դոլարով: Բնակիչներն ասում են՝ «Չենք իմանում՝ լաց լինե՞նք, թե՞ ծիծաղենք. մեր բնակարանների 1 քմ-ն, այսօրվա դրությամբ՝ այսպես կիսաքանդ ու Հյուսիսային պողոտայի ծրագրի տակ, արժե 1500-2000 դոլար: Համ էլ պրն Գասպարյանը ո՞նց ա ուզում մեր հետ պայմանագիր կնքի, երբ գոնե մի թղթի կտոր անգամ մեզ ցույց չի տալիս որպես պայմանագրի ձեւ, կամ ինչպե՞ս է երաշխավորելու, որ երկու տարում ինքը հաստատ էս շենքը կկառուցի: Մենք ի՞նչ իմանանք՝ կարող ա ինքը վաղը «բանկրոտի» ա ենթարկվում կամ ինֆարկտ ա ստանում, էդ դեպքում մենք մեր տներն ումի՞ց ենք ուզելու»: Դժվար է Մելիք Գասպարյանի առողջության հետ կապված կանխատեսումներ անելը, սակայն Ամիրյան 4/24 շենքի բնակիչների առողջական վիճակի մասին կանխատեսումները միանգամայն հնարավոր են իրենց հետ մեկ րոպե շփվելուց հետո անգամ: «Էս շենքի բնակիչներն անորոշությունից ու անհուսությունից սթրեսի մեջ են»,- պատմում են բնակիչները: Երկու օր առաջ Մելիք Գասպարյանը 1 քմ տարածքի համար 200 դոլար է առաջարկել այդ շենքում ծնված-մեծացած, արդեն 70-ամյա մի բնակչի. «Խեղճ մարդը սթրեսից անկողին ա ընկել, լավ ա ինֆարկտ չստացավ»: Բայց կամաց-կամաց իրենք բոլորն էլ գոնե ինֆարկտ հաստատ կստանան՝ համոզված են: Մելիք Գասպարյանի էլիտար նախագիծը ոչ միայն բնակարանից, այլեւ` ապրուստի միջոցից է զրկում շատերին: «Էսօր իմ ընտանիքն էս շենքի կողքի փոքրիկ կրպակի եկամուտով է ապրում: Բնակիչներ էլ կան, որ հացի փուռ են դրել այստեղ տարիներ առաջ ու դրանով են մի կերպ յոլա գնում: Փաստորեն հա՛մ մեր տունն են քանդում, հա՛մ հանապազօրյա հացից զրկում»,- պատմում էր մի բնակչուհի:

Մեկ ամիս առաջ ԾԻԳ-ի աշխատակիցները մի անգամ ծիկրակել՝ նկարահանել, չափուձեւ են արել Ամիրյան 4/24 հասցեում՝ ասելով, որ այդ ամենն արվում է տարածքը պետականորեն գնահատելու համար, ու գնացել են: Առայսօր բնակիչներին չեն էլ տեղեկացրել՝ պետությունն ինչքան է գնահատել իրենց բնակարանները:

Շենքի ճակատային մասը, որ նայում է անմիջապես Ամիրյան փողոցին, բնակիչների հավաստմամբ, «կարմիր գոտի» է համարվում, այսինքն՝ շատ թանկ գնահատվող տարածք: «Այսինքն` մեզ, որ արյունքրտինքով այստեղ տունտեղ ենք ստեղծել, ուզում են մատի մի շարժումով դուրս շպրտել, որ իրենք յուղումեղրի մեջ լողան: Նույնիսկ թուրքերը Սումգայիթի հայերի նկատմամբ ավելի մարդկային են եղել որոշ դեպքերում,- ասում էին հուսահատ բնակիչները։ -Նրանք բնակարանը բնակարանով էին փոխանակում շատ հաճախ: Հիմա դուք ասեք՝ մենք ո՞ւմ դիմենք, ո՞ւմ բողոքենք, որ օրենքով պաշտպանվենք, մեկ ա՝ էս շենքը, եթե որոշել են, շուտ թե ուշ քանդելու են»: Եթե հանկարծ հրաշք լինի ու Մելիք Գասպարյանը որոշի բնակիչներին դժգոհ չթողնել, այդ դեպքում էլ՝ «Հլա դրա սարքած էն կիսակառույցին նայեք,- ասում էին,- էնքան անորակ ա՝ արդեն քանդվում ա, սենց էլիտար շե՞նք ա ուզում մեզ տա»: