«Ջերմուկ» չգնեք

14/03/2007

Կանադայի Սննդի տեսչությունը երկրի սպառողներին կոչ է արել չգնել հայկական «Ջերմուկ» հանքային ջուրը: «Պատճառը ջրում արսենիումի՝ մկնդեղի պարունակությունն է, որ կարող է գերազանցել նորման»,- տեղեկացնում է կանադական «CCN-Matthews» գործակալությունը: Սննդի տեսչության տարածած զգուշացման մեջ նշված են նաեւ այն կանադական ընկերությունների եւ խանութների անվանումներն ու հասցեները, որոնք երկիր են ներմուծում ու վաճառում «Ջերմուկ» հանքային ջուրը: Քվեբեկում գազով բնական հանքային «Ջերմուկի» վաճառքով զբաղվող «D.A.Arcan Inc» ընկերությունն արդեն սկսել է խանութներից հետ կանչել դեռեւս չիրացված արտադրանքը: Կանադայի Սննդի տեսչության զգուշացումը վերաբերում է նաեւ «Ջերմուկ Գրուպի» բուժիչ հանքային սեղանի ջրին, որը, ըստ կանադական աղբյուրների, վաճառվում է երկրի ողջ տարածքում: Նույն տեսչությունը տեղեկացրել է, թե «Ջերմուկ» օգտագործելուց հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, սակայն «արսենիումը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ»: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Ջերմուկի» օգտագործումից ձեռնպահ մնալու կոչ էին արել նաեւ ԱՄՆ-ի ու Հոնկոնգի համապատասխան մարմինները: