Սննդամթերքի որակական հատկանիշները վերահսկող պետական տարբեր կառույցների ներկայացուցիչները հաճախ իրենց ելույթներում ասում են, թե աչալուրջ հետեւում են, որպեսզի արտադրողներն ու իրացնողները խախտումներ թույլ չտան, որպեսզի փչացած սննդամթերք շուկա դուրս չգա:
Արտադրողներն ու իրացնողներն էլ իրենց հերթին գովազդում են, թե վաճառում են միայն որակյալ եւ էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Սակայն սպառողները երբեմն խանութից տուն վերադառնալով նկատում են, որ իրենց գնած հացը, թթվասերը կամ ձուն անորակ կամ փչացած է: Հատկապես ձուն, որի դեպքում տեսանելի չէ, թե ի՞նչ է թաքնված կճեպի ներսում:
Բազմիցս է քննարկվել այն հարցը, թե սննդամթերքի փաթեթի վրա անպայման պետք է նշված լինի արտադրող ընկերության անունը, արտադրության ու պահպանման ժամկետը, քաշը եւ այլ տվյալներ: Կոնկրետ վերը նշված սննդամթերքից հացի դեպքում գրեթե միշտ ոչ մի տվյալ նշված չի լինում, բայց գոնե արտաքին տեսքից կարելի է պատկերացում կազմել արտադրման ժամկետների մասին: Ձվի դեպքում գնորդի հույսը կախված է միայն արտադրողի խղճից, որովհետեւ կճեպի տակից թարմությունը զգալի չէ: Այսքան զրուցելուց, գովազդելուց եւ հայտարարելուց հետո էլ, միեւնույն է, ձվի վրա մակնշված է ընդամենը արտադրողի անունը: Արտադրության եւ պահպանման ժամկետի մասին շատ հաճախ որեւէ նշում չի լինում: Ճիշտ է, վերջերս արտադրողները ձվի ապրանքային տեսքը բավականին ներկայանալի են դարձրել, բայց դրան զուգահեռ՝ որակական հատկանիշներն ընդհանրապես չեն բարելավել: Գունավոր ձեւավորված փաթեթի վրա կարդում ենք, որ տվյալ ձուն «Լուսակերտի» կամ «Երեւանի» թռչնաբուծական ֆաբրիկաների արտադրությունն է, ունի այսքան կալորիականություն, պարունակում է այսպիսի սննդարար նյութեր եւ վիտամիններ, սակայն նշված չէ, թե ե՞րբ է այն արտադրվել: Իսկ 30 հատանոց տուփերի ձվերի վրա, բացի արտադրող ընկերության անունից, ուրիշ ոչինչ նշված չէ: Երբ փորձում ենք վաճառողներից տեղեկանալ, թե արդյո՞ք իրենց առաջարկած ձուն ժամկետանց կամ փչացած չէ, նրանք միշտ այսպիսի պատասխան են տալիս՝ «Ի՞նչ եք ասում, այսօր (կամ երեկ.- Ա.Ա.) ենք ստացել: Մեզ մոտ ձու չի կուտակվում, որ փչանա»: Նույն տրամաբանությամբ վաճառողները շատ հաճախ մեզ պատասխանում են, թե «Ձուն երեկ ենք ստացել, իսկ մատակարարները մեզ ասել են, թե 120 օր պահպանման ժամկետ ունի: Այնպես որ, հանգիստ գնեք, դեռ երեք-չորս ամիս ժամանակ կա»: Բայց վաճառողն ի՞նչ իմանա, թե այդ ձուն արտադրողի պահեստում որքան է մնացել, կամ բոլորս միասին որտեղի՞ց իմանանք, թե «Լուսակերտի» կամ «Արզնիի» հավերը ե՞րբ են ածել այդ ձվերը: Այս հարցի պատասխանը ստանալու համար վաճառողը դիմում է իր «շեֆի» օգնությանը: «Շեֆն» էլ, բնականաբար, սկզբում մի լավ մուննաթ է գալիս իր վաճառողի ու հաճախորդի վրա եւ չի կարողանում հարցին պատասխանել: «Ի՞նչ է, կարո՞ղ է իմ գլխին ստուգող եք եկել,- այսպես պատասխանեց մեր հարցին հայտնի եւ շքեղ «Երեւան սիթի» ցանցի խանութներից մեկի պատասխանատու Վարդանը:
-Որակի տեսչությանը հարցրեք, արտադրողին հարցրեք, մեզ խի՞ եք հարցնում: Մե՞նք ենք ժամկետ դնողը: Թող գան, ստուգեն ու առանց ժամկետի նշումների ձու չթողեն շուկա մտնի»:
Վարդանի նման էին պատասխանում գրեթե բոլոր խանութների տնօրենները: Բայց նրանք մի բան չէին հասկանում, որ ժամկետի մասին մակնշումն արտադրողներից հենց իրացնողը պետք է պահանջի: Իսկ սպառողն էլ իրացնողից պետք է հարցնի: Իսկ Որակի տեսչությունը պարտավոր է իր խանութում առանց մակնշման սննդամթերք հայտնաբերելու դեպքում արգելել դրա վաճառքը: Քիչ անց, սակայն, Վարդանը փոշմանեց եւ որոշեց ճշտել, թե արտադրության ժամկետն ինչո՞ւ նշված չէ: Անմիջապես զանգահարեց բոլոր արտադրողների տուփերի վրա նշված հեռախոսահամարներով, սակայն ոչինչ չկարողացավ ճշտել՝ նրա զանգերին կամ ընդհանրապես չէին պատասխանում, կամ էլ չէին կարողանում բացատրություն տալ: Իսկ տուփերի վրա սովորաբար նշում են այն հեռախոսահամարները, որոնց միջոցով սպառողը կկարողանա ճշտել իրեն անհանգստացնող հարցերը: Բոլոր դեպքերում հետեւեցինք Վարդանի խորհրդին, եւ մենք դիմեցինք ձու արտադրողներին: «Արտադրության ժամկետը երբեմն չենք նշում, որովհետեւ դրա հետ կապված տեխնիկական որոշ խնդիրներ կան,- պատասխանեց «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի» տնօրեն Արսեն Բագրատյանը, բայց հետո միանգամից ավելացրեց, -Բայց հիմնականում նշում ենք: Մեզ մոտ ձու չի կուտակվում»:
«Չի կարող պատահել, որ ժամկետ նշված չլինի,- պատասխանեց «Արզնի» ֆաբրիկայի հիմնադիրներից Գեղամ Ջանվելյանը: -Բացի այդ, եթե նկատել եք, տուփերի վրա գրված է՝ «Դիետիկ ձու»: Դա նշանակում է, որ այդ ձուն ամենաշատը 7 օրական է: 7 օրից հետո արդեն դառնում է սեղանի ձու: 7 օրից հետո ձվի միջի վիտամինները գնալով պակասում են»:
Սակայն այդ տուփերի վրա նշված չէ, թե ձուն ե՞րբ է արտադրվել: Եվ ի՞նչ իմանաս, թե մինչեւ 7 օրական այդ «դիետիկ ձվերը» 7-8 շաբաթ առաջ չեն արտադրվել: Պարզ է, որ արտադրողների եւ իրացնողների բանավոր հավաստիացումները հակառակն ապացուցելու ուժ չունեն: Իսկ ձու սպառողն ինքը կարող է հասկանալ արտադրողների հավաստիացումների իրական արժեքը՝ ջարդելուց հետո հայտնաբերելով կճեպի տակ թաքնված փչացած զանգվածը: Գ. Ջանվելյանը մեզ նաեւ տեղեկացրեց, թե ձվի պահպանման ժամկետը 45 օր է, եւ դրանից ավելի երկար իրենց արտադրանքը չի պահեստավորվում: Ա. Բագրատյանն էլ գիտեր, որ սառնարանային պայմաններում հնարավոր է ձուն պահպանել 2-3 ամիս: Արտադրողների ասածները կասկածի չենթարկելով՝ փորձեցինք ինտերնետային կայքերից էլ տեղեկանալ, թե որքա՞ն է ձվի պահպանման ժամկետը: Տարբեր կայք-էջեր տեղեկացնում էին՝ մինչեւ 21-30 օր: Իսկ մի կայք-էջում էլ որպես պահպանման ժամկետ՝ նշված էր 90 օրը: Նաեւ նշված էր, որ 90 օր հետո ձուն դառնում է ոչ սննդարար մթերք: Իսկ ինտերնետից եւ սառնարանային տնտեսություններից գլուխ չհանող մեր տատերն ասում էին, որ ձուն կարելի է պահել 21 օր: Դրանից հետո դառնում է ճուտ, եթե, իհարկե, թուխս է դրած:
2007 թվականից սննդամթերքի վերահսկողությունն անցել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հսկողության տակ: Միջազգային կառույցների պահանջով դրա համար նույնիսկ ստեղծվել է առանձին կառույց՝ Սննդի անվտանգության եւ անասնաբուժության տեսչությունը: Տեսչության պետ Գրիշա Բաղյանը դեռ լավ չի պատկերացնում իր ղեկավարած կառույցի գործառույթները եւ խոստանում է առաջիկայում ամեն ինչ հստակեցնել եւ տեղյակ պահել: Նա, սակայն, գիտեր, որ ժամկետի մակնշումը ձվի դեպքում խիստ պարտադիր չէ: Սննդի անվտանգությունը հսկող կառույցի ներկայացուցիչները միգուցե դեռ լավ չեն պատկերացնում «սննդի անվտանգություն» ասվածը կամ դրա հետ կապված բոլոր որոշումներն ու օրենքները: Մի բան, սակայն, պարզ է բոլորին. այն, որ սննդամթերքի վրա անպայման պետք է նշված լինի արտադրության եւ պահպանման ժամկետը: